Նոր ուսումնական տարում Արցախի բուհերի առկա համակարգում կսովորեն 353 առաջին կուրսեցի, որոնցից 157-ը՝ անվճար: Այս մասին Aravot.am-ի հետ զրույցում ասաց Արցախի կրթության, գիտության և սպորտի փոխնախարար Արմեն Սարգսյանը:
Ըստ փոխնախարարի՝ առաջին կուրսեցիների շրջանում առավել պահանջված են իրավագիտություն, հայոց լեզու և գրականություն, տարրական կրթության մանկավարժություն և մեթոդիկա մասնագիտությունները:
«Բնագիտամաթեմատիկական մասնագիտությունների գծով ցավոք սրտի, ինչպես յուրաքանչյուր տարի, այս տարի ևս առաջին կուրսում քիչ ուսանողներ կունենանք, իսկ ֆիզիկա և քիմիա մասնագիտությունների գծով ընդհանրապես ընդունվողներ չեն եղել»,- նշեց փոխնախարարը:
Անդրադառնալով Արցախի պետական համալսարանին՝ Ա. Սարգսյանն ասաց, որ այս ուսումնական տարում համալսարանը կգործի երկհերթ ռեժիմով՝ հաշվի առնելով համալսարանում շարունակվող շինարարական աշխատանքները:
«Համալսարանի գլխավոր մասնաշենքի շուրջ կեսը ապամոնտաժվել է, և նույն հատվածում կառուցվում է նոր շինություն, իսկ մյուս մասը հիմնովին վերանորոգվում է: Քանի որ շինարարության ավարտը նախատեսվում է մինչև 2020 թվականի սեպտեմբերը, ապա մինչ այդ դասապրոցեսները կազմակերպվելու են համալսարանի մյուս երկու մասնաշենքերում»,- ասաց Ա. Սարգսյանը:
Դավիթ ԱԲԱՂՅԱՆ