Լրահոս
Օրվա լրահոսը

Ալեն Ղեւոնդյան. «Ուղերձի մեջ որոշակի սիմվոլիզմ կա»

Օգոստոս 31,2018 18:45

Քաղաքագետ, ԵՊՀ Միջազգային հարաբերությունների ֆակուլտետի դոցենտ Ալեն Ղեւոնդյանը «Առավոտի» խնդրանքով մեկնաբանեց այսօր Կրեմլի պաշտոնական կայքում հրապարակված տեղեկատվությունը` ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի կողմից ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի ծննդյան օրը շնորհավորելու մասին` ի՞նչ ուղերձ էր դա եւ ո՞ւմ էր ուղղված:

«Ընդհանրապես քաղաքականությունը դրսեւորման մի քանի ձեւ ունի: Դրսեւորումները կարող են լինել ուղղակի` հայտարարությունների, կոչերի, հաղորդագրությունների տեսքով: Կա նաեւ սիմվոլիզմի դաշտը, որի միջոցով ինչ-որ երկրներ, ինչ-որ գործիչներ, չինովնիկներ կարող են փոխադարձ հաղորդագրություններ ուղարկել: Դա հնարավոր է անել նաեւ արարողակարգի միջոցով, որով կարող են ցույց տալ ինչ-որ մեկի կարեւորությունը կամ հակառակը` անկարեւորությունը` մեկ պետության կամ պետությունների համար ընդհանրապես: Ռուսաստանի դեպքում, բնականաբար, օգտագործվում են բոլոր գործիքները, եւ, ըստ անհրաժեշտության, ըստ պահանջվող օրակարգի, վարվում են այս կամ այն կերպ: Իհարկե, բնականաբար եւ տրամաբանորեն, Կրեմլի պաշտոնական կայքում մասնավոր տիպի հաղորդագրությունը` շնորհավորանքը, որն ուղղված է մեկ այլ երկրի պաշտոնաթող ղեկավարին, իր մեջ, բացի ջերմ անձնական վերաբերմունքի հանրայնացումից, որոշակի քաղաքական ենթատեքստ նույնպես պարունակում է: Այն առաջին հերթին կարեւորում է այն մարդու ով լինելը, ում ուղղված է հաղորդագրությունը, երկրորդը` ֆիքսում է հարաբերությունների ջերմությունը եւ անձնական բնույթը, երրորդ հասցեատեր կարելի է դիտարկել հասարակությանը, տվյալ դեպքում` հայ հանրույթը կամ նրա ինչ-որ շերտեր, եւ բնականաբար` քաղաքական դաշտն ու պետական համակարգը, որի հետ ոչ այնքան հստակ փոխհարաբերությունների մեջ է գտնվում Ռոբերտ Քոչարյան քաղաքական գործիչը եւ նախկին պետական գործիչը: Իհարկե, այստեղ կա որոշակի սիմվոլիզմ, հստակ ուղերձ, որը, կարծում եմ, հասցեատերերին կհասնի»:

Այդուհանդերձ, քաղաքագետը չի կարծում, որ այս ուղերձը ՀՀ իշխանության որեւէ ճյուղի նկատմամբ ճնշում գործադրելու նպատակ է հետապնդում, այլ զուտ` քաղաքական բովանդակային տեքստ է:

Մեր հարցին` արդյոք ՀՀ իշխանությունները ինչ-որ պատասխան ուղերձ կամ քայլ պե՞տք է անեն, հաշվի առնելով, որ Ռուսաստանի Դաշնության ղեկավարն` իր պաշտոնական կայքում շնորհավորում է մի անձի, որի դեմ այսօր Հայաստանում քրեական գործ է հարուցված, պարոն Ղեւոնդյանը պատասխանեց. «Կարծում եմ, որ մեր գործադիր իշխանությունը որեւէ քայլ չպետք է ձեռնարկի, որովհետեւ ՌԴ ղեկավարը, բացի պետության ղեկավար լինելուց, նաեւ մասնավոր անձ է, եւ թե` ո՞ւմ է շնորհավորում, ի՞նչ ֆորմատով է շնորհավորում, դա հանրայնացնո՞ւմ է, թե չի հանրայնացնում, նաեւ ինչ-որ տեղ` խիստ անձնական գործողություն է, եւ Հայաստանի Հանրապետությունը որեւէ ձեւով չպետք է արձագանքի: Ամենակարեւորը, որ այն քրեական գործընթացը, որն ընթանում է ՀՀ երկրորդ նախագահի հանդեպ, իրականացվի օրենքի տառին եւ ոգուն համապատասխան, որպեսզի որեւէ ռիսկեր չպարունակի կամ կասկածի տեղիք չթողնի որեւէ մեկի մոտ, որպեսզի խնդիրն այլ հարթությունում չդիտարկվի: Կարծում եմ`արտառոց երեւույթ չէ, որ որեւէ երկրի գործող նախագահ կարող է մեկ այլ երկրի նախկին ղեկավարի` իր նախկին գործընկերոջը շնորհավորել: Եվ չեմ կարծում, որ հարկ կա դա ծայրահեղ կամ վերամբարձ ընկալել, որովհետեւ դրա տակ ինչպես կարող են դիտարկվել տարբեր ենթատեքստեր, այնպես էլ` կարող են եւ չդիտարկվել»:

Մելանյա ԲԱՐՍԵՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031