Լրահոս
Օրվա լրահոսը

Սուրեն Սարգսյան. Քոչարյանին Պուտինի շնորհավորանքը նաեւ քաղաքական ուղերձներ է պարունակում

Օգոստոս 31,2018 17:46

Այսօր Կրեմլի պաշտոնական կայքէջում, հրապարակվել է ՌԴ նախագահ Վլ. Պուտինի շնորհավորանքը ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանին` ծննդյան օրվա կապակցությամբ: Ասել, որ դա «ավանդույթ» էր` ապատեղեկատվություն կլինի. ՌԴ նախագահի կողմից ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանին ուղղված ծննդյան շնորհավորանք վերջին անգամ հրապարակվել է 2007թ. օգոստոսի 31-ին, երբ Քոչարյանը ՀՀ նախագահն էր: Սերժ Սարգսյանին ուղղված շնորհավորանքների վերաբերյալ էլ տարբեր տարիներին հրապարակումներ կան, ընդ որում, որոշ տարիներ հունիսի 30-ին գրված է, որ «Պուտինը հեռախոսազրույց է ունեցել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ»` առանց բացելու, թե ի՞նչ թեմայով, որոշ դեպքերում գրված է, որ շնորհավորել է ծննդյան օրը:

Չի բացառվում, որ Վլ. Պուտինն ու Ռ.Քոչարյանը միմյանց շնորհավորել են ծննդյան տոների կամ այլ առիթներով` առանց հրապարակայնացնելու այդ հանգամանքը: Kremlin.ru-ի առնվազն մի քանի տարվա արխիվը «փորփրելու» արդյունքում որեւէ այլ նախկին նախագահի ուղղված ծննդյան շնորհավորանք նույնպես չգտանք: Ակնհայտ է, որ այսօր արված այս ժեստը պատահական չէր, եւ միտում ուներ:

Սուրեն Սարգսյան

Միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը համամիտ էր, որ անձնական բնույթի շնորհավորանքը Կրեմլի պաշտոնական կայքում դրվել է քաղաքական որոշման արդյունքում: Ի՞նչ էր ուզում դրանով ասել Կրեմլը, ո՞ւմ էր ուղղված այդ ուղերձը, եւ որքանո՞վ պետք է հայաստանյան իշխանությունները ուշադրություն դարձնեն դրան` մեր հարցերին ի պատասխան պարոն Սարգսյանն ասաց. «Երեւի թե նկատեցիք, որ Կրեմլի պաշտոնական կայքում այդ լուրը հայտնվելուց ժամեր անց ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը մեկնաբանեց լուրը, ասելով, որ ՌԴ նախագահին ու ՀՀ նախկին նախագահին կապում են երկար տարիների «բարի հարաբերություններ», որոնք չեն ենթարկվում որեւէ ազդեցության, այդ թվում`ներկայումս ՀՀ-ում տիրող իրավիճակի ազդեցությանը: Սա մի քանի կարեւոր նշանակություն կարող է ունենալ: Նախ` սա անձնական վերաբերմունք է նախկին գործընկերոջ նկատմամբ: Երկրորդը` սա կարող է քաղաքական որոշակի ուղերձներ պարունակել, մանավանդ Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունների հետ կապված: Հայկական մամուլում անդրադարձ եղավ, որ նախագահ Պուտինի եւ վարչապետ Փաշինյանի միջեւ խոսակցություն, մտքերի փոխանակում եղել է Քոչարյանի վերաբերյալ: Հիշենք նաեւ ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հայտարարությունը, թե` ՀՀ իշխանությունները մի բան ասում են, այլ բան անում: Կարծում եմ`այս ամենը պետք է դիտարկել մեկ ընդհանուրի մեջ եւ համապատասխան հետեւություններ անել»:

Մեր մյուս հարցին` այսօր Ռ. Քոչարյանի փաստաբանները պետք է բողոք տանեին Վճռաբեկ դատարան, կարո՞ղ է այս ուղերձը ազդեցություն ունենալ դատարանի որոշման վրա, պարոն Սարգսյանը պատասխանեց. «Չեմ կարծում, որ ազդեցություն կունենա, որովհետեւ Ռուսաստանն այս հարցով իր դիրքորոշումը բազմիցս հայտնել է, բայց դրանից հետո էլ էական փոփոխություններ չեն եղել. ՀՀ դատական համակարգը կայացրել է այնպիսի վճիռներ, ինչպես որ նպատակահարմար է գտել կամ իրավական առումով է նպատակահարմար գտել: Թե’ Վճռաբեկը, եւ թե հետագայում, եթե գործը գնա եվրոպական ատյաններ, այնտեղ էլ, կարծում եմ կընդունվեն իրավական վճիռներ: Չեմ ցանկանա, որ քաղաքական գործընթացները որեւէ ձեւով ազդեցություն ունենան իրավական գործընթացների վրա: Կարծում եմ` բոլորի համար ընդունելի է, որ քաղաքականությունը մնա քաղաքականություն, իրավունքը` իրավունք»:

Հայտնի է, որ Ռ. Քոչարյանն արդեն իսկ հավակնություն է հայտնել դառնալ ընդդիմությունը համախմբող ուժ, ավելին` մասնակցել արտահերթ խորհրդարանական ընտրություններին, արդյոք նա ունի՞ նման ներուժ` մեր այս հարցին Սուրեն Սարգսյանը պատասխանեց. «Բարդ է ասել, որովհետեւ Հայաստանում գործընթացները շատ արագ եւ դինամիկ են զարգանում, դժվար է կանխատեսում անել, թե վաղվա օրը ինչ կարող է բերել, պետք է մի քիչ սպասել` հասկանալու համար, որքանո՞վ է դա հավանական»:

Մելանյա ԲԱՐՍԵՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031