2018թ. հուլիսի 23-ին ՀՀ ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչությունից ՀՀ ոստիկանության Կոտայքի բաժին են ստացվել ՀՀ առողջապահության նախարար Ա. Թորոսյանի կողմից ՀՀ ոստիկանության պետին հասցեագրված գրության հիման վրա նախապատրաստված նյութերն այն մասին, որ «Տուբերկուլյոզի դեմ պայքարի ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ում իրականացված աուդիտորական ուսումնասիրության արդյունքում, ՊՈԱԿ-ի պաշտոնատար անձ հանդիսացող նախկին աշխատակիցների կողմից կատարվել են չարաշահումներ:
Կոտայքի մարզի դատախազության կողմից տրված ցուցումի համաձայն, նախապատրաստված նյութերով 2018թ. օգոստոսի 2-ին ներկայացված փաստերի առթիվ ՀՀ ոստիկանության Կոտայքի բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 308-րդ հոդվածի 1-ին մասով հարուցվել է քրեական գործ, որը նախաքննություն կատարելու համար ուղարկվել է ՀՀ ՔԿ Աբովյանի քննչական բաժին:
Նախնական քննության ընթացքում ձեռնարկվող բազմածավալ քննչական, այլ դատավարական և օպերատիվ-հետախուզական գործողությունների արդյունքում փաստական տվյալներ են ստացվել այն մասին, որ «Տուբերկուլյոզի դեմ պայքարի ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից 2012-2018թթ. ընկած ժամանակահատվածում տարբեր ժամկետներով երեք անձի հետ՝ որպես վարորդ, մեկի հետ՝ որպես համակարգող և ևս մեկ անձի հետ՝ որպես թարգմանիչ-խմբագիր, կնքվել են աշխատանքային կամ ծառայությունների մատուցման պայմանագրեր, սակայն նրանց կողմից աշխատանքի վայրում եղած լինելու և աշխատանք կատարած լինելու վերաբերյալ որևէ տվյալ չկա: Այդ անձանց անվամբ, սակայն, ելքագրվել է ընդհանուր առմամբ առանձնապես խոշոր չափի` 29.562.714 ՀՀ դրամ գումարի աշխատավարձ:
Բացի այդ ՊՈԱԿ-ը, 2016թ. «Հայ զարգացման ներուժ» առողջապահական, սոցիալական, բնապահպանական ՀԿ-ի հետ կնքել է ծառայությունների մատուցման պայմանագիր: Վերջինիս շրջանակում ՀԿ-ի ներկայացուցիչներն իրականացրել են տուբերկուլյոզով հիվանդ անձանց 13.748 տնային այց, որի ընթացքում կատարել են ներերակային ներարկումներ կամ հետևել, որ հիվանդը ընդունի դեղերը: Մեկ այցի միջին արժեքը կազմել է 4.912 ՀՀ դրամ, չնայած այն հանգամանքին, որ ներկայումս այդ ծառայությունը մատուցվում է պոլիկլինիկաների բուժաշխատողների միջոցով և մեկ այցի արժեքը ներարկման դեպքում կազմում է 1.200 ՀՀ դրամ, իսկ դեղահաբի ընդունմանը հետևելու դեպքում` 621,7 ՀՀ դրամ: Արդյունքում պետությանը պատճառվել է առանձնապես խոշոր չափերի` ընդհանուր 67.000.000 ՀՀ դրամի գույքային վնաս:
Ստացվել են տվյալներ, որ Կենտրոնը «Հայ զարգացման ներուժ» ՀԿ-ի հետ ծառայությունների մատուցման պայմանագրեր, ընդհանուր 43.950.000 ՀՀ դրամ արժեքով, կնքել է նաև 2015 թվականին:
Ձեռք բերված փաստական տվյալների համակցությամբ «Տուբերկուլյոզի դեմ պայքարի ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի նախկին հաշվապահ Ա. Մ.-ն ներգրավվել է որպես կասկածյալ՝ առանձնապես խոշոր չափերի` 53 մլն․ դրամի յուրացում կատարելու կասկածանքով։ Վերջինիս կողմից վերականգնվել է 7 մլն․ ՀՀ դրամի չափով պատճառված վնասը։
Նախաքննությունը շարունակվում է, ձեռնարկվում են անհրաժեշտ բոլոր միջոցները՝ առերևույթ չարաշահումների բոլոր հանգամանքները պարզելու, դրանում ներգրավված անձանց գործողություններին քրեաիրավական գնահատական տալու ուղղությամբ: Մասնավորապես, ի թիվս այլ գործողությունների՝ գրություններ են ուղարկվել ՀՀ առողջապահության, ՀՀ արդարադատության նախարարություններ, ՀՀ պետական եկամուտների կոմիտե՝ ստանալու համար վերոնշյալ բոլոր կազմակերպությունների կանոնադրությունները, դրանց հիմնադիրների և տնօրենների մասին տեղեկություններ, ինչպես նաև նրանց միջև կնքված ծառայությունների մատուցման պայմանագրերի հիմք հանդիսացած մրցույթների և այլնի վերաբերյալ փաստաթղթերն ու տեղեկությունները:
Առգրավվել են «Տուբերկուլյոզի դեմ պայքարի ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի աշխատակիցների հաճախելիությանը, անձնական գործերին, հաստիքացուցակին, ծառայությունների մատուցման պայմանագրերին առնչվող փաստաթղթերը:
Հարցաքննվել են բազմաթիվ վկաներ, կատարվել են խուզարկություններ։
Քննության ընթացքի, արդյունքների վերաբերյալ կտեղեկացվի լրացուցիչ:
Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ՀՀ դատախազության հանրային կապերի բաժին