Լրահոս
Օրվա լրահոսը

Աշոտ Թավադյանին դուր է գալիս տնտեսական մրցակցության հավասար պայմանների հայտարարումը

Օգոստոս 31,2018 16:26

Պրոֆեսոր Աշոտ Թավադյանը Հայաստանի տնտեսության համար դեռեւս գերխնդիր է համարում պատրաստի արտադրանքի արտահանման աճը: Նա այն համոզմունքին է, որ մեր տնտեսության հիմնաքարը լինելու է դա: «Արմենպրես» մամուլի սրահում այսօր ներկայացնելով Եվրասիական տնտեսագիտական ակումբի հերթական հետազոտությունը, տնտեսագետն ասաց`մեր առջեւ երկու սցենար կա. «Առաջինը ենթադրում է ընդլայնել ծառայությունների ոլորտը, վարկերի, գրանտների, ռազմավարական հումքի վաճառքի հաշվին մեծացնել ներքին սպառումը: Երկրորդ սցենարը նախատեսում է ապահովել տնտեսության զարգացումը ռազմարդյունաբերական համալիրի, պատրաստի արտադրանքի արտահանման էական աճի հաշվին: Կարծում ենք ակնհայտ է, թե ո՞ր սցենարը կընտրի Հայաստանը: ԵԱՏՄ-ի մասին պայմանագիրը խոսում է երկրորդ, շատ ավելի արդյունավետ սցենարով երկիրը զարգացնելու անհրաժեշտության մասին: Հայաստանում բոլոր հիմնական քաղաքական ուժերը հանդես են գալիս ԵԱՏՄ անդամակցության միջոցով տնտեսությունը երկրորդ սցենարով զարգացնելու օգտին: Շատ կարեւոր է, որ բոլոր քաղաքական ուժերը մեր երկրում այսօր հայտարարում են ԵԱՏՄ անդամ լինելու նպատակահարմարության մասին: Չենք կարող չնշել, որ կյանքը ցույց տվեց Հայաստանի ինտեգրման գործընթացների մասին մեր եզրակացությունների ճշմարտացիությունը»:

Տնտեսագետը շատ կարեւոր է համարում օգտագործել բոլոր հնարավորությունները, որոնք տալիս է ԵԱՏՄ պայմանագիրը` համատեղ ձեռնարկություններ ստեղծելու համար: «Այսօր այս աճի ընձեռած մտածողության փոփոխությունների պայմաններում արդեն միանգամայն իրատեսական են ուրվագծվում ԵԱՏՄ երկրների միջեւ համագործակցության հնարավորությունները պաշտպանական արդյունաբերության, մեքենաշինության, էլեկտրատեխնիկայի եւ գործիքաշինության ոլորտներում: Իրատեսական է թվում նաեւ ներդրումների գրավումը շինանյութերի արտադրության եւ մետաղաձուլարանների շինարարության, քիմիական արդյունաբերության ոլորտներում: Շատ կարեւոր է, որ լուրջ թափ հաղորդվի գյուղատնտեսական մթերքների արտադրությանը»,- ասաց նա:

Նա առաջնահերթ խնդիր է համարում մեր տնտեսության մրցունակության բարձրացումը: Տնտեսագետի կարծիքով՝ մեր երկրում ընթացող կոռուպցիայի դեմ պայքարը դրական տեմպ ունի, բայց նաեւ հակազդող մեխանիզմներ են պետք. ոչ թե հանձնաժողովներ ստեղծել, երեք տարի պայքարել կոռուպցիայի դեմ եւ իբրեւ արդյունք 97-րդ տեղից 107-ը տեղափոխվել, այլ օրենսդրական: Տնտեսագետի կարծիքով՝ ՀՀ ԿԲ-ն շարունակում է վարել թանկ փողերի քաղաքականություն, մինչդեռ էժան վարկեր են պետք. ինքն ունի առաջարկներ, դրանք կներկայացնի կառավարություն, արդեն սեպտեմբերին:

Աշոտ Թավադյանը կարեւոր է համարում նաեւ, որ վերջապես լուծվի ԵԱՏՄ շրջանակներում Էներգակիրների առք եւ վաճառքը ռուբլով իրականացնելը:

Նաեւ`մեր շահերը հստակ դնել`ելնելով ԵԱՏՄ պայմանագրից:

Այլ մանրամասները`տեսանյութում

Աշոտ Թավադյանին դուր են գալիս նոր կառավարության առաջին քայլերը: Ասում է`տնտեսական զարգացման հիմնական խնդիրը`հավասար պայմանների ստեղծումն է եւ այս առումով առաջին քայլերը ճիշտ են արված:

Տնտեսագետը նաեւ պնդում է`պետք է օգտագործենք մեր բոլոր հնարավորությունները`առեւտրատնտեսական զարգացում ապահովելու թե երկու ինտեգրացիոն երկրների`ԵԱՏՄ եւ ԵՄ եւ երրորդ երկրների`Չինաստան, Հնդկաստան, Ճապոնիա եւ այլն, հետ:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031