Aravot.am-ն այս տարվա մարտի 29-ին անդրադարձել էր Վերահսկիչ պալատի՝ գյուղատնտեսության ոլորտում հայտնաբերած չարաշահումներին: Մասնավորապես՝«Պետական փողերով 700 միլիոնանոց ծրագիրը տվել են պատգամավորի՝ ոլորտում անփորձ որդուն» հրապարակմամբ ներկայացրել էինք, թե ինչպես է ԱԺ ՀՀԿ պատգամավոր Հակոբ Հակոբյանի որդու՝ Պարույր Հակոբյանի «Իդաս» ընկերությունը 700 միլիոն դրամանոց ծրագրի մրցույթը շահել ունենալով ընդամենը 50 հազար դրամ կանոնադրական կապիտալ, եւ ինչ խնդիրներ էր ՎՊ-ն այս գործընթացում հայտնաբերել: Բացի այս, ներկայացրել էինք նաեւ ՎՊ-ի՝ գյուղոլորտում հայտնաբերած այլ չարաշահումներն ու խախտումները: Նախկին կառավարությունը ՎՊ-ի այդ հաշվետվության վրա «աչք էր» փակել, եւ որեւէ գործընթաց չնախաձեռնեց:
Aravot.am-ն այսօր գյուղատնտեսության նախարար Արթուր Խաչատրյանից հետաքրքրվեց՝ արդյոք տեղյակ է այդ չարաշահումների մասին, եւ արդյոք մտահոգիչ չէ, որ մի քանի հարյուր միլիոնանոց ծրագրերը շահել են կասկածելի ընկերություններ, եւ արդյոք որեւէ պատիժ նախատեսվում է:
Նախարարն այս առնչությամբ՝ պատասխանեց՝ «Վերահսկիչ պալատի անցյալ տարվա ուսումնասիրության հաշվետվության մասին տեղեկացել ենք, կարդացել ենք գյուղզարգացման հիմնադրամի եւ նախարարության արձագանքը: Պատիժը, այսպես ասեմ, ինքնանպատակ չէ: Այն, որ շատ մտահոգում է, դա արդյունքային ցուցանիշների բացակայությունն է: Իրենք էլ շեշտել էին դա: Եթե կան չարաշահումներ, որոնք քրեական հետապնդումներ են նախատեսում, դա նախարարության գործառույթը չէ: Բայց դրանից հետո մենք մրցույթներին ավելի ուշադրություն ենք դարձնում»:
Ինչ վերաբերում է Հակոբ Հակոբյանի (Թունելի Հակոբ) որդու ընկերության չարաշահումներին, նախարարն ասաց՝ «Այո, շատ մտահոգիչ է: Եթե դուք այդ դեպքի մասին եք նշում, դա ամենամեծ դեպքն է: Զեկուցել եմ վարչապետին, խոսել եմ Դավիթ Սանասարյանի (պետական վերահսկողական ծառայության ղեկավար Ն.Բ.) հետ, գլխավոր դատախազի հետ եմ զրուցել, դա բավականին խճճված պատմություն է, բարդ է: Դատական քաշքշուկ կա, 2017 թվին մրցույթում ինչ է եղել, ձեռնպահ կմնամ մեկնաբանելուց: Կարծում եմ՝ որոշակի բացահայտումներ կլինեն»:
Մանրամասն՝ տեսանյութում
Նելլի ԲԱԲԱՅԱՆ