Լրահոս
Օրվա լրահոսը

ԽՍՀՄ քաղբանտարկյալի հիշողություններից

Օգոստոս 31,2018 15:05

Ինչպես գիտեք, մանուկ հասակից տառապել եմ ռնգախոսությամբ: 1954 թվականին առաջին անգամ ես ենթարկվեցի վիրահատության. իմ կոկորդը ենթարկվեց վիրահատության, որի հետեւանքով կորցրեցի լեզվակս եւ մինչ օրս շարունակում եմ տառապել վերը նշված արատով:

Երբ հայրիկս տարավ ինձ Երեւան քաղաքի Աբովյան 116 հասցեում գտնվող առաջին հիվանդանոց, ես առաջին անգամ ենթարկվեցի բժշկական ստուգման: Ինձ ստուգող բժշկուհին 50 տարեկան գեղեցիկ կին էր, ում ասում էին Մարգարիտա Սերգեեւնա Փիրումովա:

Հայրս, որ անցյալում եղել էր դաշնակցական կամավորական, լսելով Մարգարիտա Փիրումովայի մասին, հետաքրքրվեց նրանով եւ ցանկացավ տեսնել: Բժիշկների միջոցով հաղորդեցին Փիրումովային, որ իրեն ընդունելության է խնդրում Վաղարշապատից եկած մի քաղաքացի: Քանի որ այն ժամանակ Մարգարիտա Սերգեեւնան ղեկավարում էր քիթ-կոկորդ-ականջ բաժանմունքը, իր մոտ հրավիրեց հայրիկիս:

Ես մնացի միջանցքում, հայրս ներս մտավ: Խոսակցությունը տեւեց մոտավորապես 5 րոպե: Այդ կարճատեւ խոսակցությունից հետո հայրս ինձ թողեց հիվանդանոցում եւ վերադարձավ տուն՝ Վաղարշապատ: Հաջորդ օրը հայրս եկավ տիկին Փիրումովայի մոտ: Ուղիղ ժամը 11-ին իր դռան մուտքի մոտ հայրիկիս սպասում էր տիկին Փիրումովան: Հայրս ինձ թողեց եւ մոտեցավ տիկնոջը, որն արդեն միջանցքում էր: Մոտենալուն պես ողջունեց նրան, հանեց մի լուսանկար, որի հակառակ կողմին ես տեսա ինչ-որ «խզբզոց»: Լուսանկարի դիմային կողմը ցույց տվեց տիկին Փիրումովային: Տիկինը նայեց նկարին, մոտեցավ ավելի եւ խնդրեց լուսանկարը: Հայրս սիրով տրամադրեց: Նա վերցնելով լուսանկարը, աջ ձեռքով այն հպեց իր ձախ կրծքին, ապա համբուրեց հորս: Դա առաջին անգամ էր, որ հիվանդանոցում իր խստությամբ առանձնացող այդ բժշկուհին համբուրեց օտար տղամարդու: Հայրս չփոխադարձեց համբույրը, վերցրեց տիկնոջ ձեռքը, հպեց իր աջ այտին: Մարգարիտա Փիրումովան արտասվեց, հեկեկում էր: Հայրս վերադարձավ տուն:

Մայրս երբ եկավ ինձ մոտ հիվանդանոց, տեսավ, որ ինձ տեղափոխել էին այլ պալատ. այն տրամադրված էր միայն ինձ: Առավոտյան ժամը 10-ին մայրս ինձ մոտ էր: Ճիշտ այդ ժամին պալատ այցելեցին տիկին Փիրումովան եւ այն ժամանակվա հիվանդանոցի գլխավոր բժիշկ Զաքար Միքայելի Նարիմանովը: Առանձին ուշադրությամբ զննեցին ինձ, խոսեցին ինձ հետ՝ արտահայտությունս լսելու համար, ապա հանձնարարեցին բուժքրոջը, որ ինձ միայն կարագով սնեն, ուրիշ սնունդ չտան եւ պատրաստեն վիրահատության:

Օրվա երկրորդ կեսին եկավ հայրս՝ իր անմիջական ղեկավար, Ջրային տնտեսության մինիստրության վարչության պետ Փալանջյանի հետ: Այդ ժամանակ արդեն Մարգարիտա Փիրումովան եկավ հայրիկիս եւ Փալանջյանին տեսնելու, քանի որ լսել էր Փալանջյանի մասին եւ գիտեր, որ նրա հորեղբայրը Նշան Փալանջյանն էր՝ Բեյրութի ճեմարանի հիմնադիրը: Բանից պարզվեց, որ Մարգարիտա Փիրումովան իր ազգանունից անջատել էր Բեկ բառը, իսկ իրականում Բեկ-Փիրումովների գերդաստանից էր:

Այդ օրը Փալանջյանը հայրիկիցս խնդրեց Վաղարշապատի մեր տանը ճաշկերույթ կազմակերպել, որտեղ պիտի հրավիրվեց եւ հյուրասիրության արժանանար Մարգարիտա Փիրումովան:

Հաջորդ օրը կայացավ խնջույքը, որին մասնակցում էր ոչ միայն հիշյալ եռյակը, այլ նաեւ պատվավոր հյուրեր՝ Դրաստամատ Կանայանի մեծ քույրը՝ Իսկուհին: Խնջույքը ճոխացավ:

Բայց անհրաժեշտ եմ համարում նշել այն հանգամանքը, որ երբ Իսկուհին մեր տան դուռը բացեց, մեր ընտանիքն ու հյուրերը ոտքի կանգնեցին, դիմավորեցին նրան եւ քանի դեռ նա չէր նստել՝ կանգնած մնացին:

Այդ մասին տեղեկացվեց այն օրերին Ջրային տնտեսության մինիստր Փահլեւանյանին, ով հետագայում Երեւանի քաղսովետի նախագահը դարձավ, իսկ որդին՝ «Արարատ» ֆուտբոլային թիմի պետ:

Մինչ օրս ինձ անհայտ է, թե ում էր պատկերում հիշյալ լուսանկարը:

Այս խնջույքը պատմական բնույթ է կրում թե բովանդակային եւ թե ձեւի առումով:

 Մերուժան,
ԽՍՀՄ քաղբանտարկյալ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031