Արթիկի սոցիալական ծառայության տարածքային գործակալության 6 աշխատակիցներից 2-ը, որոնց մեղադրանք է առաջադրվել սոցիալական նպաստների տրամադրման գործընթացում չարաշահումներ կատարելու առիթով, հարցաքննվել են որպես կասկածյալ, ընդունել են իրենց մեղքը ու այս պահի դրությամբ մոտ մեկ միլիոն դրամի չափով վերականգնել պետությանը պատճառած վնասը։ Հիշեցնենք, որ այս գործով կա նաև կալանավորված անձ։
Շիրակի մարզի դատախազությունում մոտ մեկ ամիս առաջ աղմկոտ բացահայտումներ եղան մարզի բոլոր տեղանքների սոցիալական ծառայության տարածքային գործակալությունների աշխատակիցների կողմից սոցիալական նպաստների տրամադրման գործընթացում չարաշահումների փաստերով. քրեական գործեր են հարուցվել։
Կոնկրետ Արթիկում կատարված ենթադրյալ չարաշահումների մասին դատախազությունը հետևյալ հաղորդագրությունն է տարածել. «Արթիկի տարածաշրջանի 19 բնակիչների կողմից ներկայացված հաղորդումների հիման վրա ՀՀ ոստիկանության Շիրակի մարզային վարչության Արթիկի բաժնում նախապատրաստված նյութերով տվյալներ են ձեռք բերվել, որ Արթիկի սոցիալական ծառայության տարածքային գործակալության մասնագետների կողմից 2007-2018թթ. ընկած ժամանակահատվածում սոցիալական անապահովության նպաստից օգտվող քաղաքացիների օգտին ընտանիքի կազմի մասին ներկայացված դիմում-հայտարարագրում նշված տվյալների հավաստիության վերաբերյալ ընտանեկան նպաստ նշանակելու առաջարկություն կատարելու, այդ կապակցությամբ դրական եզրակացություն տալու, ծրագրային մեթոդով ընտանիքի անապահովության միավորը որոշելու, նպաստի նշանակման մասին կարգադրությունը գործակալության պետի հաստատմանը ներկայացնելու, նպաստառուների ցուցակում ընդգրկելու, ապա հաջորդող տարիների ընթացքում նպաստի վճարումը չդադարեցնելու և նպաստների տրամադրման գործընթացն առանց խոչընդոտների իրականացնելու դիմաց անձամբ պահանջել և նրանցից ստացել են ընդհանուր առանձնապես խոշոր չափերի՝ 4.970.500 ՀՀ դրամ ապօրինի վարձատրություն»։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ