Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Դատավոր Բեկթաշյանը կարող է ինքնավնասումով է զբաղվում, որ դատավարություն չիրականացվի». Նորքի զինված խմբի գործով փաստաբանները բողոքում են

Օգոստոս 31,2018 13:38

Այսօր Նորքի զինված խմբի գործով դատավարության շուրջ «Մեդիա կենտրոնում» իրենց մտահոգությունները հայտնեցին փաստաբանները: Նրանք դժգոհում էին, որ հեղափոխություն է եղել, թվում էր, թե քաղաքական ենթատեքստ ունեցող գործը պետք է որ արագ ընթանար, բայց գործի քննությունն անընդհատ հետաձգվում է:

Փաստաբաններն ասացին, որ շուրջ 2 ամիս է՝ նիստ չի եղել, անընդհատ զանգով կամ այլ կերպ տեղեկացնում են, որ նիստը հետաձգվում է ու հիմնավոր պատճառաբանություն չկա:

Վահագն Սալնազարյանի պաշտպանի խոսքով՝ «դատական քննությունը հանիրավի ձգձգվում է՝ առանց լուրջ պատճառաբանությունների: Հունիսի 25-ից հետո ըստ էության գործով դատական նիստ տեղի չի ունեցել: Վահագն Սալնազարյանի հետ կապված խափանման միջոցը փոխելու հնարավորություն կար, հրավիրել ենք ԱԺ պատգամավորների, հարցի պատասխանը չունենք, ձգձգվում է»:

Արա Պողոսյանի եւ Գեւորգ Ջնդոյանի պաշտպան Թամարա Պողոսյանն ասաց. «Միտում ենք տեսնում այստեղ: Երկու շաբաթ է, կոնկրետ ես չեմ կարողանում նույնիսկ կապվել այդ դատավորի աշխատակազմի հետ, որեւէ հեռախոսազանգի չեն պատասխանում, պաշտպանական կողմը չի իրազեկվում՝ ինչ պատճառաբանությունով են հետաձգվում նիստերը»:

Գործով ամբաստանյալ Վլադիմիր Առաքելյանի պաշտպանն էլ ասաց, որ իր պաշտպանյալն ունի բազմաթիվ առողջական խնդիրներ. «Ես նոր եմ ներգրավել գործում: Շուրջ 2 ամիս է՝ խոչընդոտվում է իմ լիազորությունները, մուտքի ապահովում չունեմ ՔԿՀ: Ընտանիքի անդամները դիմել են իմ գրասենյակ, որ ստանձնեմ լիազորությունները, դատավորի որոշում չկա՝ ես ստանձնե՞լ եմ իմ լիազորությունները, որ կարողանամ մտնել ՔԿՀ: Վարույթ իրականացնող մարմինը միայն իրավասություն ունի դա որոշել՝ դատավոր Արմեն Բեկթաշյանը»:

Փաստաբանները դատավոր Բեկթաշյանի հարցով դիմելու են ԲԴԽ-ին, բայց ԲԴԽ անդամ է նաեւ ինքը՝ Բեկթաշյանը:

Փաստաբան Գիվի Հովհաննիսյանն ասաց, որ իրենց ճանապարհներով իմացել են, որ վերջին նիստը հետաձգվել է հիվանդության պատճառով. «Այնպիսի տպավորություն է, որ պարոն Բեկթաշանը չի ցանկանում այս գործով քննությունը շարունակել, կարող է ինքնավնասումով է զբաղվում, որ դատավարություն չիրականացվի: Մենք առողջություն ենք մաղթում պարոն Բեկթաշյանին ու որպեսզի նման գործելաոճը չշարունակվի, լավ կլինի, որ միջոցներ ձեռնարկվեն դատավորին փոխելու: Մենք այդ հարցն ենք բարձրացնում՝ դատավորին փոխեք»:

Նա ասաց, որ հարազատները ճանապարհ են փակում, որ նիստը լինի, այլ ճանապարհ չեն թողել: Գործին ուշադրություն չեն դարձնում. «Ես կոչ եմ անում հարազատներին այդ գործելաոճը շարունակել, այլ ճանապարհ չենք գտնում, փաստաբաններով անիմաստ թուղթ ենք սեւացնում՝ բողոքներ ներկայացնելով: 2015-ի նոյեմբերից անազատության մեջ են, գրեթե 2 տարի է դատավարություն է ընթանում՝ դեռ կեսն էլ չենք հասել»:

Գիվի Հովհաննիսյանը նշեց, որ քանի որ դատական նիստերը չեն լինում, չեն կարողանում միջնորդություն ներկայացնել իրենց պաշտպանյալների խափանման միջոց կալանքը փոխելու. «Նույնիսկ ինքնաբացարկի միջնորդություն չենք կարողանում ներկայացնել»:

Թամարա Պողոսյանն ասաց, որ իր երկու պաշտպանյալներն էլ առողջական խնդիրներ ունեն, Արա Պողոսյանը գտնվում է դատապարտյալների հիվանդանոցում. «Գեւորգ Ջնդոյանի մայրը ինձ ամեն հինգշաբթի զանգում է, ասում է՝ երաշխավորագիր ներկայացրած պատգամավորները պե՞տք է, որ ուրբաթ ներկայանան, մենք անորոշության մեջ ենք»:

Փաստաբաններն ասացին՝ հասկանալի է, որ իշխանությունը զանգով չի փորձում որոշում պարտադրել դատարաններին, բայց հակակշիռների ինստիտուտ չկա: Գիվի Հովհաննիսյանի խոսքով՝ «Նիկոլ Փաշինյանն ասաց, որ չի զանգելու դատավորներին, բայց ստացվում է, որ պետության միջոցներն են վատնվում, դատավորներին աշխատավարձ է տրվում՝ չաշխատելու համար: Կառավարությունը պետք է ուշադրություն դարձնի այս հարցին, ինչո՞ւ է աշխատավարձ տալիս դատավորներին»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Լուսանկարը՝ «Մեդիա» կենտրոնի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031