Գյուղատնտեսության նախարար Արթուր Խաչատրյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ անդրադարձավ իրեն ուղղված մեղադրանքներին, ըստ որի՝ նա արտահանման թվերը խեղաթյուրել է եւ սխալ ներկայացրել վարչապետին:
Նա ասաց, որ թվերը ներկայացրել է պաշտոնական աղբյուրներից նախարարության տրամադրած ցուցանիշների հիման վրա:
«Հին հռոմեացիներն ասում էին՝ հանգուցյալի մասին կա՛մ միայն լավը, կա՛մ ոչինչ, եւ քանի որ ես քաջառողջ եմ, եռանդով լեցուն եմ, հանգուցյալի տակ չեմ անցնում, եւ բնական է՝ պետք է լինի քննադատություն եւ որոշակի նորմերից շեղող բառերի օգտագործում: Ես երբ եկա աշխատանքի 2018թ. մայիսի 14-ին, սածիլավորումներն արվել էին, «պապական թվի» ընկուզենիներն արդեն կային, եւ եթե լինեի նույնիսկ Ծերունի Խոտաբիչը, որեւէ փոփոխություն չէի կարող անեի, քանի որ գյուղատնտեսությունը սեզոնային է: Ես ո՛չ ուրիշի դափնիներին, ո՛չ էլ քննադատություններին եմ ուզում տիրանալ»,- ասաց նախարարը:
Խաչատրյանը վստահեցրեց, որ պարբերաբար երկու աղբյուրից տեղեկանք են ստանում, կառավարությանը ենթակա սննդի անվտանգության ծառայությունից եւ պետական եկամուտների կոմիտեից: Ըստ այդմ, նախարարը ներկայացրեց թվերը՝ «ՊԵԿ-ից ստացած տվյալների համաձայն՝ հունվար-հուլիս ամիսներից արտահանված է միրգ՝ ծիրան, բալ, կեռաս, նեկտար՝ 55 հազար 185 տոննա, որից առյուծի բաժինը ծիրանինն է, իսկ կառավարությանը ենթակա սննդի անվտանգության տեսչական մարմնից ստացել ենք՝ արտահանվել է 51, 640 տոննա միայն ծիրան: Եթե կա շեղում, ապա այն վիճակագրական շեղման տիրույթում է գտնվում: Եթե ինչ-որ մեկի մոտ կասկած են առաջացնում այդ թվերը, ապա դրանց աղբյուրը ուրիշ տեղից է գալիս»:
Նելլի ԲԱԲԱՅԱՆ