Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Ո՞վ է Վճռաբեկ դատարանի նախկին նախագահի տան վրա հարձակված գյումրեցին

Օգոստոս 31,2018 13:14

Վճռաբեկ դատարանի նախկին նախագահ Արման Մկրտումյանի՝ Կոտայքի մարզի Ձորաղբյուր գյուղում գտնվող առանձնատան վրա զինված հարձակում գործած անձանցից մեկը՝ Հովհաննես Ռիժենկոն, որը Գյումրիի բնակիչ է, նախկինում իրավապահների տեսադաշտում չի հայտնվել, երբևէ որևէ հանցավոր արարքով աչքի չի ընկել։

Այս մասին մեզ տեղեկացրեցին տեղի իրավապահներից, որտեղ դեպքից անմիջապես հետո սկսել էին տվյալներ ձեռք բերել, թե ով է 42-ամյա Ռիժենկոն։ Ավելին, մեզ փոխանցեցին, որ ըստ ձեռք բերված տվյալների, նա մեծամասամբ բնակվել է Ռուսաստանի Դաշնությունում, Գյումրիում հազվադեպ է եղել։ Վերջինս, ըստ ձեռք բերված տվյալների, ազգությամբ ուկրաինացի է, թեև հայկական արմատներ ևս ունի․ սպորտսմեն է, մի քանի օր է՝ ինչ ՌԴ-ից վերադարձել էր Գյումրի։

Ոստիկանության այսօր տարածած հաղորդագրության համաձայն՝ ոստիկանները պարզել են նաև Ձորաղբյուրում տեղի ունեցած ավազակային հարձակման մյուս երկու մասնակիցների ինքնությունը։

«Ոստիկանության տարբեր ստորաբաժանումների ծառայողների ձեռնարկած ծավալուն օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է օգոստոսի 28-ին Ձորաղբյուրում կատարված ավազակային հարձակման մյուս 2 մասնակիցների ինքնությունը, որոնց հայտնաբերելու ուղղությամբ որոնողական աշխատանքը շարունակվում է: Արդյունքների մասին կտրվի լրացուցիչ տեղեկատվություն:

Հիշեցնենք, որ օգոստոսի 28-ին ավազակային հարձակում էր տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 22-ի սահմաններում դիմակավորված և զինված երեք հոգի ներխուժել են Ձորաղբյուր գյուղի Բանակի փողոցում գտնվող առանձնատներից մեկը։ 30-ամյա տանտերը հոր հետ դիմադրություն է ցույց տվել․ գազային ատրճանակով կրակել է հարձակվողներից մեկի ուղղությամբ, որը զինված էր ինքնաձիգով։ Հայր և որդի նրան վնասազերծել են։ Ընթացքում հարձակվողներից երկուսը անկանոն կրակոցներ են արձակել ու փախել։

Դեպքի վայր մեկնած ոստիկանության տարբեր ստորաբաժանումների ծառայողները, քննչական կոմիտեի աշխատակիցներն ու այլ իրավապահ մարմինների ներկայացուցիչներ առանձնատան բակում հայտնաբերել են 7.62 մմ տրամաչափի 16 փամփուշտ, նաև սպորտային պայուսակ, որի մեջ եղել է լինգ ու կպչուն ժապավեն։
Գործարանային համարով «Կալաշնիկով» ինքնաձիգը եղել է վնասազերծված տղամարդու մոտ։ Խոսքը Գյումրիի բնակիչ, 42-ամյա Հովհաննես Ռիժենկոյի մասին է, որը ձերբակալվել էր։
Հարուցվել էր քրեական գործ։ Նշանակվել են փորձաքննություններ», -գրված է ոստիկանության պաշտոնական կայքում։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Լուսանկարը՝ Գագիկ ՇԱՄՇՅԱՆԻ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031