«Ներկայումս համապատասխան գերատեսչություններում բանակցություններ են գնում, որ որոշակի զեղչեր ստանան երկաթգծից, որ փոխադրման փոփոխությունն էական ազդեցություն չունենա ցորենի գների վրա: Եթե զեղչն էական լինի՝ գների թանկացում, հնարավոր է, չլինի, իսկ եթե զեղչ չլինի, որոշ հաշվարկներով՝ հնարավոր է՝ 1 կիլոգրամը 25 դրամով թանկանա: Բայց դա հոռետեսական ամենավատ հաշվարկներն են»,-այսօր այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց գյուղատնտեսության նախարար Արթուր Խաչատրյանն՝ անդրադառնալով՝ Վրաստանով Հայաստան ցորենի տեղափոխման վրացական սահմանափակումներին: Նախարարն ասաց, որ այդ սահմանափակումը վերաբերում է բոլոր երկրներին, վրացական կողմը հիմնավորում է, որ Լարսով անցնելիս մեծ մեքենաները վնասում են:
Արդյոք կա՞ հնարավորություն, որպեսզի Հայաստանը հացահատիկի ինքնաբավ երկիր դառա, հարցին ի պատասխան նախարարն ասաց, որ 100%-ով ինքնաբավ լինելու խնդիր չի դրվել: Նախարարը նաեւ նշեց՝ եթե հողատարածքի վրա գյուղացին կամ ֆերմերը կարող է աճեցնել ավելի բարձրարժեք մշակաբույս, այսինքն՝ եթե հողը մասնավորին է պատկանում, ինչո՞ւ պետք է նա նվազ եկամուտ ապահովող ցորեն աճեցնի: Ըստ Խաչատրյանի՝ իրենց խնդիրն է ավելի ցածրարժեք մշակաբույսից անցնեն բարձրարժեք մշակաբույսի, իսկ անմշակ տարածքներում պետք է ցորեն ցանել:
Նելլի ԲԱԲԱՅԱՆ