Երկրում կարծես թե սկսվել է ներգաղթի հզոր ալիքը: Ամեն դեպքում Հայաստանի քաղաքացիների թիվը համալրվեց եւս երկու մարդով. Դեն եւ Ադամ Բիզլերյաններ եղբայրներն այսօրվանից ՀՀ հպարտ քաղաքացի են: Ի դեպ, ՀՀ քաղաքացիների թիվը կարող էր ավելանալ եւս մեկ հոգովՙ այն սեւահեր աղջիկը, որն ուղեկցում է Դենին Հայաստան կատարած այցի ժամանակ, բայց կա՛մ այդ աղջիկը չի ուզում դեռ դառնալ մեր երկրի քաղաքացի, կա՛մ էլ Դենն է դեմ: Չնայած հնարավոր է, որ շուտով Հայաստանի քաղաքացիների թիվը զգալիորեն մեծանա ու բոլոր այն կանայք, որոնք անկախ մարմնի ու մազերի գույնից երբեւէ առնվազն լուսանկարահանվել են Դենի հետ, որոշեն դառնալ ՀՀ քաղաքացի:
Թե Ֆերրարի վարող Դենի ինչին է պետք ՀՀ անձնագիրը դժվար է ասել: Հնարավոր է, որ մարդը լաս-վեգասյան հերթական գիշերներից մեկի ժամանակ բացել է աչքերը մի սեւամորթ գեղեցկուհու գրկում եւ հանկարծ հայրենիքի կանչ է զգացել ու որոշել վերադառնալՙ կիսելով ՀՀ քաղաքացիների դարդերն ու ուրախությունները, ավելի ճիշտՙ ուրախությունները, քանի որ Դեն Բիզլերյանն առանձնապես դարդ կիսող չէ, բացի այդ նոր Հայաստանում դարդեր առանձնապես չկան, քանի որ բոլորս ժպտերես ենք ու դուխով: Չի բացառվում, որ Դենն ուղղակի քաղաքական նկրտումներ ունի, օրինակՙ նա պատրաստվում էր 2016-ին առաջադրվել ԱՄՆ նախագահի թեկնածու, չստացվեց, եւ ահա հիմա որոշել է Հայաստանից մտնել աշխարհաքաղաքական թատերաբեմ, օրինակՙ սկսելով Երեւանի ավագանու ընտրություններից: Չնայած մայրաքաղաքի ընտրություններին քիչ ժամանակ է մնացել ու Բիզլերյանը հազիվ թե հասցնի դրանց մասնակցելՙ թեկնածուի կարգավիճակում, այլ հարց է, որ Երեւանի քաղաքապետ ընտրելու է նաեւ Դենը, տեսնես ո՞ւմ…
Մյուս կողմից, հնարավոր է պարոն Դեն Փոլովիչ Բիզլերյանին համոզել են, որ նա դառնա ՀՀ քաղաքացի, որպեսզի իր պահեստներում առկա զինամթերքը բերի հասցնի Հայաստան: Դե այսինքն լուրջ մտադրություն կաՙ Բաքվում թեյ խմելու ու այդ նպատակով ստեղծվելու է Արցախից Դեն հատուկ ջոկատը, որի հրամանատարը լինելու է ինքը Բիզլերյանը: Ջոկատը կազմված է լինելու բացառապես կանանցից ու ունենալու է ժամանակակից զենք: Ի դեպ, համաձայն սահմանված կարգիՙ ՀՀ քաղաքացիություն ստանալուց հետո Բիզլերյանն այցելել է նաեւ զինկոմիսարիատ եւ հաշվառվել: Հիմա նա համարվում է զինապարտ…Մի խոսքով, տարբերակները շատ են, թե ինչու է Դենը որոշել դառնալ ՀՀ քաղաքացի. չի բացառվում, որ նրան խնդրել են նպաստել երկրում ծնելիության մակարդակի բարձրացմանը, իսկ դա ասում են, որ Բիզլերյանն ավելի լավ է կարողանում, քան պոկեր խաղալը:
Հոդվածն ամբողջությամբ՝ «Ազգ» շաբաթաթերթի այսօրվա համարում
Տափակ յօդուած,,
Լուրջ այցին անլուրջ վերաբերմունք.