Լրահոս
Օրվա լրահոսը

Նախկին իշխանությունների օրոք՝ 600 հազար դրամ, նոր իշխանությունների օրոք՝ 45 հազար դրամ. Ինչ է փոխվել կառավարության 100 օրում

Օգոստոս 31,2018 12:33

«Ամենամեծ ձեռքբերումը, որ կա 100 օրվա մեջ, տնտեսական քաղաքականության նոր մշակույթի ձեւավորումն է, որի շեշտադրումն այն է, որ մենք կունենանք տնտեսություն, որը կոռուպցիայի մեջ չի լինի, որը մոնոպոլիաներ չի ընդունում, որը ներքին մրցակցության պայմաններն է բարելավում, ազատ տնտեսական գործունեություն, ժողովրդավարություն եւ այլն: 100 օրվա մեջ այս կառավարությունից սպասել, որ թոշակները կբարձրանան եւ այլն, մասնագիտորեն լուրջ չի»,- այսօր «Մեդիա կենտրոնում» տնտեսագետ Վահագն Խաչատրյանն այսպիսի գնահատական տվեց կառավարության 100 օրվա գործունեությանը՝ տնտեսական առումով:

Ըստ նրա, պետք է գնահատել՝ արդյոք այս կառավարությունը պատրա՞ստ է հիմնախնդիրները լուծել, թե՞ ոչ. «Նիկոլ Փաշինյանի կառավարության ծրագրի ներկայացման ժամանակ էլի շատերը ասում էին՝ թվեր չկան, ինքն էլ ասեց՝ 0000, շատ ճիշտ էր, որովհետեւ ինձ համար այդ ծրագրի առաջին էջն էր հետաքրքիր՝ փիլիսոփայությունը: Միայն կոռուպցիան որ վերանա, այս հակակոռուպցիոն գործընթացները, որ տեղի են ունենում, մեզ բոլորիս պետք է բավարարի: Եթե կոռուպցիան վերացնելու գործում հաջողություն ենք ունենում, նոր իրավիճակ է լինելու տնտեսական, քաղաքական, հասարակական կյանքում, այնպիսի փոփոխություններ, որոնք մենք չէինք էլ կարող գիտակցել»:

Վահագն Խաչատրյանը կոնկրետ օրինակ բերելով՝ պատմեց, թե ինչ է փոխվել այս 100 օրում. «Մի ծանոթ ունեի, որ տեղական իշխանության հետ խնդիր ուներ, պետք է երկրորդ հարկ կառուցեր, գնացել էր թույլտվություն ստանալու, ասել էր՝ ինձ 600 հազար պիտի փող տաս անօրինական: 600 հազարով ինքը երկրորդ հարկն էլ կկառուցի, կհիմնանորոգի: Ինձ հարցրեց՝ ի՞նչ անեմ, ասի՝ հիմար հո չես, 15 քմ-ի մասին էր խոսքը: Իշխանափոխությունից հետո զանգել են այդ մարդուն, ասել են՝ բա եկեք, ձեր թույլտվություն արդեն պատրաստ է: մարդը գնում է, ասում է՝ ինչքա՞ն պետք է վճարեմ՝ 45 հազար դրամ»:

Տնտեսական զարգացման եւ ներդրումների փոխնախարար Ավագ Ավանեսյանը հիշեցրեց վարչապետի խոսքերը. «Մենք չենք անելու բարեփոխում՝ բարեփոխման նպատակով: Իդենտիֆիկացնելու ենք կառավարության դերը, թե մենք ինչ գործիքակազմ ունենք խնդիրների վրա ազդելու, նոր գործելու ենք»:

Ավանեսյանի խոսքով՝ «Մենք բավականին լուրջ խնդր ունենք գործազրկության մեջ, մեր տնտեսական աճն այնպիսին պետք է լինի, որ մարդը շատ հնարավորություն ունենա ինքնադրսեւորվելու: Դա ներառական տնտեսական աճն է: Մենք ավելի շատ խոսում ենք այն մասին, որ երկրում, որտեղ 16,7 տոկոս գործազրկություն կա, աղքատությունը բավականին բարձր է՝ 30 տոկոս: 2016-ին ֆորմալ աշխատավարձը ՀՆԱ-ում եղել է 20 տոկոս, եթե ոչ ֆորմալ նայենք, աշխատավարձը ՀՆԱ-ում մոտ 34 տոկոս է, սա լավ ցուցանիշ չի, այսինքն, մեզ մոտ պետք է զբաղվածությունը աճի: Մենք փորձելու ենք այնպիսի ոլորտները խթանենք, որը զբաղվածություն կապահովի»:

Նա ասաց, որ հուլիսին արտահանումը չի աճել այնքան, ինչքան սպասում էին. «Արդեն մենք բաներ ենք տեսնում, որ մեզ անհանգստացնում են, բայց դա չի նշանակում, որ վա՜յ, տնտեսությունը վարի գնաց: Մենք առնվազն 6 տոկոս տնտեսական աճ ենք ունենալու այս տարի: Մեր կանխատեսումները ցույց են տալիս, որ 5 տոկոսից ավելի էլ հնարավոր է ունենալ 2019-ին»:

Ավանեսյանն ասաց, որ նոր փոփոխությունները արտահանող հատվածի վրա քիչ ազդեցություն են թողել: ՌԴ-ի նկատմամբ կիրառված պատժամիջոցներն ազդելու են գնողունակության վրա, քանի որ մենք ՌԴ արտահանում ենք սպառողական ապրանքներ հիմնականում, դա մեր արտահանման համար լավ չէ. «Մյուս կողմից կարող ենք սրան նայել որպես հնարավորություն՝ մուտք գործելու եւ գրավելու ՌԴ-ում նոր շուկաներ: ԵԱՏՄ-ում լինելը բարձրացնում է մեր կախվածությունը ՌԴ տնտեսությունից, մյուս կողմից սա ստեղծում է լրացուցիչ հնարավորություններ մեր տնտեսվարողների համար արտահանումներ անել ՌԴ շուկա»:

Վահագն Խաչատրյանը նշեց, որ մեզ շրջապատող երկրներում տեղի է ունեցել արժույթի արժեզրկում, ՀՀ-ում տեղի չունեցել, սա նշանակում է, որ մեխանիկորեն մենք արտահանման մեր մրցունակությունը կորցրել ենք. «Մենք այդ խնդիրը հիմա զգում ենք: Ցեմենտի շուկան վերցրեք, Իրանը լրացուցիչ առավելություններ ստացավ, հիմա ուզում է մտնի մեր շուկա ու մեր շուկայում մենաշնորհային դիրք ունեցող արտադրողները պրոբլեմի առաջ են կանգնել, նույնիսկ ես լսել եմ, որ իրենք փորձելու են ԱԺ-ում լրացուցիչ մաքսադրույքներ սահմանելով՝ շուկան պահել»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Լուսանկարը՝ «Մեդիա» կենտրոնի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031