Լրահոս
Օրվա լրահոսը

Սևանից ոռոգման նպատակով 100 միլիոն խմ ջուր բաց թողեցին, բայց մարդկանց հետ խոսում ենք, ասում են, որ մեկ լիտր ջուր անգամ չեն ստացել. Կարինե Դանիելյան. «Փաստ»

Օգոստոս 31,2018 12:29

Ջրային տնտեսությունում առկա խնդիրների մասին բնապահպանները տարիներ շարունակ բարձրաձայնել են: Բայց հարցն ավելի է սրվում հատկապես այն ժամանակ, երբ Սևանից հերթական անգամ ջրառի որոշում է կայացվում: Սևանի խնդրին մենք արդեն անդրադարձել ենք: Այս անգամ բնապահպան Կարինե Դանիելյանի հետ զրույցում փորձել ենք հասկանալ, թե, ի վերջո, ի՞նչ է կատարվում ջրային տնտեսությունում:

«Խնդիրներն իսկապես կուտակվել են: Համակարգը շատ վնասված է, վատ է աշխատում: Նաև ակնհայտ է, որ կան ռեալ կորուստներ: Մենք դեռ տարիներ առաջ շրջել ենք մարզերում և տեսել մտահոգող պատկեր: Ես դա զեկուցել եմ նաև այդ ժամանակվա կառավարությանը: Գետը հոսում էր, կողքը այգիներ և բանջարանոցներ կային: Գետի մակարդակը, սակայն, ցածր էր, իսկ պոմպակայանը պետք է աշխատեր: Ընդհանուր պատկերը հետևյալն է` պոմպակայանը կամ չի աշխատում, կամ էներգիա չունի, որովհետև դրա դիմած վճարում չի կատարվել: Եվ մարդիկ ուղղակի կոյուղաջրով էին ջրում իրենց այգիները: Սա նշանակում է, որ մենք հետո ուղղակի թունավոր միրգ և բանջարեղեն ենք ստանում: Մեկ այլ խնդիր էլ կա, որի մասին բարձրաձայնում են մեր կոլեգաները. կան հսկայական տարածքներ, որոնք օգտագործվում են օլիգարխների կողմից: Այսինքն` ջուրն իրենց տարածքներն է ողողում, ոչ մի այլ տեղ չի երևում ու համարվում է կորուստ»,–«Փաստ»–ի հետ զրույցում ասաց բնապահպանը:

Կարինե Դանիել յանը նաև երկու այլ խնդիր առանձնացրեց:

«Ձմռանը կամ ուշ աշնանը, երբ դեռ ոռոգման սեզոն չէ, միշտ տեսել ենք, որ մեծ քանակությամբ ջուր է բաց թողնվում. ինչի՞ համար, որ ՀԷԿ–երը աշխատեն: Բայց այդ ջուրը ոչ մի տեղ չի երևում: Դա անօրինական գործունեություն է: Երկրորդ` ջրամբարները բավականին հնացել են, կապիտալ վերանորոգում տարիներ ի վեր չի իրականացվել և մեծ քանակությամբ ֆիլտրացիա է գնում: Այսինքն` պատերից և հատակից ջուրը դուրս է գալիս, և բացի ջրի կորստից, հարակից տարածքներում ճահճացում ունենք»,–ասաց նա` ընդգծելով, որ նշված բոլոր խնդիրները լուծելու համար շատ մեծ գումարներ են անհրաժեշտ:

«Բացի այդ` Արարատյան արտեզյան ավազանի մակարդակի մինչև 15 մետր կորուստ ունենք, ինչը ևս խնդիր է: Իսկ դա պատահական չէ, նշանակում է, որ աղբյուրներն են չորացել, գետերի սնուցումն է պակասել: Այդ տարածքում ձկնաբուծարաններ են ստեղծվել, ինչը նշանակում է, մարդիկ գումար են ծախսել: Հիմա իրենց ասել` փակե՛ք, հնարավոր չէ: Այնուամենայնիվ, հիմա վերականգնողական միջոցառում են սկսել իրականացնել: Փորձում են ներդնել շրջապտույտ ջրօգտագործման համակարգը, որը թեև դարձյալ գումարներ արժե, բայց լավ լուծում է: Այդպես կկարողանան պոմպակայաններով մի կետից մյուս կետին անցնել` կկարողանան մարզից մարզ կամ մարզի շրջանակներում այդ պոմպակայանը տեղափոխել: Մեծ հաշվով` շատ տեղերում ընդամենը պոմպակայանի խնդիր է: Այդ միջոցով հնարավոր կլինի օգնել, որ ջուրը բարձրանա դեպի այգիներ, ինչն իսկապես անհրաժեշտություն է»,–ասաց նա:

Բնապահպանի դիտարկմամբ` ջրային տնտեսությունում ընդհանուր իրավիճակը բարելավելու համար շատ քայլեր են պետք: «Յուրաքանչյուր մարզի համար առանձին և լրացուցիչ ուսումնասիրություններ են պետք: Ինֆորմացիան կուտակվել է. օրինակ` նախորդ տարի Սևանից ոռոգման նպատակով 100 միլիոն խմ ջուր բաց թողեցին, բայց մարդկանց հետ խոսում ենք, ասում են, որ մեկ լիտր ջուր անգամ չեն ստացել: Նման խնդիրներ կան, իսկ ջրային համակարգի կառավարումն, առհասարակ, համալիր բարեփոխման կարիք ունի: Քայլ առ քայլ այդ ամենը պետք է իրականացվի: Սևանը կյանքի ու մահվան սահմանին է: Եթե մեկ անգամ էլ Սևանից այդպես ջուր վերցնենք, շարունակենք լիճն աղտոտել, ուղղակի կսպանենք Սևանը: Ժամանակին ասում էին` Սևանի ջուրը կհասցնենք խմելու ջրի մակարդակի: Ի՞նչ խմելու ջուր, այսօր արդեն որպես ոռոգման ջուր իրավունք չունենք օգտագործել»,– ասաց մեր զրուցակիցը` ընդգծելով, որ նշված խնդիրները լուծելու համար միայն գումարը բավարար չէ` զուգահեռ պետք է նաև քաղաքական կամք լինի:

Կարինե Դանիել յանը հայտնեց, որ օրերս մասնակցել է ԱԺ գյուղատնտեսական և բնապահպանական հարցերի մշտական հանձնաժողովում հրավիրված քննարկմանը, որտեղ զեկուցվել է իրավիճակը. «Բավականին լուրջ քննարկումներ եղան: Տեսնենք` արդյունքն ինչպիսին կլինի:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031