Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Փաշինյանի ստեղծած կառավարությունը, գոնե կողքից ականատեսի տպավորությամբ, մեծ դժվարությամբ է գլուխ հանում առկա սոցիալ-տնտեսական իրավիճակից. «Ազգ»

Օգոստոս 31,2018 12:18

Այդպիսի դրական սպասելիքներ, որ կային հեղափոխությունից անմիջապես հետո, վաղուց արդեն չէր եղել Հայաստանում: Վարչապետ Փաշինյանը վայելում էր բնակչության ճնշող մեծամասնության, ըստ որոշ աղբյուրների՝ 86%-ի լիակատար աջակցությունը եւ փաստորեն քարդ-բլանշ ուներ սկսելու բարեփոխումների լայն գործընթաց, այդ թվում նաեւ ոչ ամբոխահաճո, երկրում առկա իրավիճակը իսկապես փոխելու համար:

Այս առումով անցած 100 օրերը որոշ չափով հիասթափեցնող էին, եւ Փաշինյանի ստեղծած կառավարությունը, գոնե կողքից ականատեսի տպավորությամբ, մեծ դժվարությամբ է գլուխ հանում առկա սոցիալ-տնտեսական իրավիճակից: Ստեղծված վիճակի պատճառներից մեկը, հավանաբար կոռուպցիայի դեմ պայքարի մասսայականացումն էր, ինչը հեղափոխության առաջին շրջանում բնակչության մի զգալի հատվածի պահանջն էր ու կուլ գնալով այդ պահանջինՙ հայկական ԶԼՄ-ները ամեն օր սերիալի նման ցույց էին տալիս այս կամ այն նախկին բարձրաստիճան չինովնիկի ձերբակալության տեսարանները:

Սա իհարկե որոշ ժամանակ կարող է դեռ զվարճացնել բնակչության մի մասին, սակայն ժամանակն է լրջագույն կերպով ձեռնամուխ լինել պետության տնտեսական զարգացման ռազմավարության մշակմանը: Ուշացնել ոչ միայն չի կարելի, այլ արդեն դառնում է վտանգավոր. տնտեսական զարգացման վերջին ամիսների ցուցիչները այդ աճի դանդաղում են ցույց տալիս, մի բան, որը ոչ մի կերպ չի կարելի թույլ տալ:

Ի դեպ, վերջին շրջանում կառավարությանը սատարող ԶԼՄ-ները առաջ քաշեցին հեղափոխություն-հակահեղափոխություն թեզը, հատկապես պայմանավորված Ռոբերտ Քոչարյանի ակտիվությամբ, սակայն չմոռանանք, որ այդ ակտիվությամբ ՀՀ-ն «պարտական» է հենց գործող իշխանություններին: Նկատենք, որ իրականում Հայաստանում հակահեղափոխական ոչ մի կենտրոն չկա, սակայն այս կեղծ թեզը, ինչպես եւ ձերբակալությունների շուրջ կազմակերպված PR-ը նպատակ է հետապնդում շեղել բնակչության մի զգալի հատվածի ուշադրությունը կառավարության անընդունակությունից իրական տնտեսական քաղաքականություն իրականացնելու:

Հայաստանը առաջիկա մի քանի տարիներին պետք է ձգտի երկնիշ տնտեսական աճ գրանցել, որպեսզի գոնե երեք տարի անց այն սկսեն զգալ հանրապետության բոլոր բնակիչները: Տեղի ունեցած «թավշյա հեղափոխությունը», ինչը հանգեցրել է պետությունում, Սփյուռքում եւ ընդհանրապես միջազգային ասպարեզում ՀՀ-ի մասին դրական իմիջի ձեւավորմանը, պետք է վերածել իրական առավելությանՙ նպաստելու համար ներդրումների ավելացմանը, տուրիզմի զարգացմանը եւ առաջատար տեխնոլոգիաների առաջ մղմանը:

Այսինքն «թավշյա» իրավիճակը, դրական սպասումները եւ ակնկալիքները պետք է վերածվեն իրական առավելության ու նպաստեն պետության զարգացումը: Այս առումով Փաշինյանի կառավարության իրական դաշնակիցները կարող են լինել ոչ թե նրանք, ովքեր միանշանակ իրենց աջակցությունն են հայտնում նրան, այլ նրանքՙ ովքեր մտահոգ հնարավոր զարգացումների ոչ բարենպաստ սցենարներից քննադատության են ենթարկում այդ կառավարությանը:

Պարադոքսալ թող չհնչի, սակայն այսօր վարչապետի իրական դաշնակիցները ոչ թե «Նիկոլ-Նիկոլ» գոռացողներն են, այլ նրա կառավարությունը քննադատողները, որոնք այն իրականացնում են երկրի ապագայով մտահոգ եւ ցանկությամբ ցույց տալ այն սխալներն ու թերությունները, որոնք առկա են նրա գործունեության մեջ: Մտահոգիչ է նաեւ այն, որ երկրում չկա իրական ընդդիմություն. ՀՀԿ-ի փաստացի անգործության պայմաններում նոր ընդդիմություն, որը կապ չունենա նախկին իշխանությունների հետ, գոյություն չունի:

Առանց չափազանցության կարելի է պնդել, որ «թավշյա հեղափոխություն» կոչվածը այն լավագույնն է, որ տեղի է ունեցել Հայաստանում վերջին տասնամյակների ընթացքում, հետեւաբար չի կարելի թույլ տալ, որ այն դրական էներգիան, որը կուտակվել է թե՛ Հայաստանում, թե՛ Սփյուռքում, զուր կորչի: Այսօրվա կառավարությունը հանձին վարչապետ Փաշինյանի պետք է փորձի բյուրեղացնել եւ դրական հուն ուղղել այդ էներգիան, այլ ոչ թե վատնել հեղափոխություն-հակահեղափոխություն կեղծ թեզի առաջմղման վրա:

Նոր կառավարության հաջողությունը Հայաստանում ժողովրդավարության կառուցման համար իրականացվող կարեւորագույն ու վճռական քայլ կլինի, հետեւաբար պետության ապագայով մտահոգ յուրաքանչյուր քաղաքացու համար կարեւոր է վարչապետ Նիկոլ Փաշինյանի կառավարության հաջողությունը, քանի որ այն կարող է սկիզբ դնել պետության զարգացման նոր տեսլականի ձեւավորմանը: Իսկ այդ սատարումը կարելի է ու պետք է իրականացնել առկա սխալների ու թերությունների մատնանշման ու սուր քննադատության միջոցով:

ԱՐՄԵՆ ՄԱՆՎԵԼՅԱՆ

ՌԱԿ ԿՎ անդամ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Ազգ» շաբաթաթերթի այսօրվա համարում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031