Նախորդ իշխանությունների ձեռնարկած համայնքների խոշորացման ծրագիրը դադարեցվել է։ «Ժողովուրդ» օրաթերթը պարզեց, որ այս ծրագիրը Հայաստանում կասեցվել է մինչեւ խորհրդարանական ընտրություններ։ Բայց եւ անորոշ է՝ ընտրություններից հետո այն կշարունակվի, թե ոչ։ Մինչդեռ Կարեն Կարապետյանի կառավարությունը համայնքների խոշորացումը մտադիր էր ավարտել 2018 թվականին։
Անցած տարվա նոյեմբերի 5-ին տեղի ունեցած ՏԻՄ ընտրություններով խոշորացվեց համայնքների կեսից ավելին. 465 համայնքների միավորման արդյունքում ձեւավորվել է 52 համայնք։ Այս պահին հանրապետության համայնքների ընդհանուր թիվը 502 է։ Տեղեկացնենք, որ նախորդ տարվա նոյեմբերի 5-ի ՏԻՄ ընտրությունների արդյունքում Սյունիքի եւ Վայոց ձորի մարզերում ավարտվել էր համայնքների խոշորացումը։ Սակայն ըստ մասնագետների՝ նոր ձեւավորված գյուղերը անհամաչափ են եղել։ Եթե Վայոց ձորի 44 համայնքի միավորումից ձեւավորվել է 8 համայնք, ապա Սյունիքի մարզի 113 համայնքի միավորումից կազմավորվել է դարձյալ 8-ը։ Ի դեպ, Մալիշկան չի ենթարկվել խոշորացման, այլ կերպ ասած՝ չի միավորվել որեւէ այլ գյուղի հետ։
ՀՀ Արագածոտնի մարզի Ապարանի եւ Թալինի տարածաշրջաններում եւս նոյեմբերի 5-ի ընտրություններով խոշորացման գործընթացն ավարտվել է, 48 համայնքի միավորմաև արդյունքում ձեւավորվել է 4 համայնք։ Վերականգնվել է նախկին Ապարանի շրջանը՝ 21 գյուղերով, Թալինի շրջանի գյուղերն առանձին միավորում են կազմել։ Մարզի եզդիաբնակ 11 գյուղերը միավորվել են Ալագյազ համայնքային կենտրոնի շուրջ։ Իսկ ահա հայաբնակ Մելիք գյուղը ոչ մի համայնքի հետ այդպես էլ չմիավորվեց։
Սյունէ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում