Սեպտեմբերի 29-ին նշանակված է «Սասնա ծռեր» կուսակցության հիմնադիր համագումարը։ Արդեն հայտնի է նախաձեռնող խումբը, ի՞նչ ծրագրով է նորահայտ կուսակցությունը մուտք գործում քաղաքական դաշտ, ո՞ր դաշտում է այն գործելու․ այս եւ այլ հարցերի մասին զրուցեցինք նախաձեռնող խմբի անդամ Ալեք Ենիգոմշյանի հետ։ Ի դեպ, նա տեղեկացրեց, որ նախաձեռնող խմբում ոչ միայն «Սասնա ծռեր» կազմակերպության անդամներն են, այլեւ «էական» տոկոս են կազմում շարքային քաղաքացիներ, հիմնականում՝ երիտասարդներ, որոնք, Ենիգոմշյանի խոսքով, իրենց համակիրներն են եղել եւ սպասել են քաղաքական հայտին։ Նշենք, որ խմբում են Հիմնադիր խորհրդարանի ղեկավար Ժիրայր Սեֆիլյանը, «ծռերի» գործով օրերս ազատ արձակված Վարուժան Ներսիսյանը, «տոնածառի» գործով դատապարտված Գեւորգ Սաֆարյանը, Ալեք Ենիգոմշյանը, «Սասնա ծռերի» անդամ Մխիթար Ավետիսյանը եւ այլք։ Կուսակցությունը նախնական մտադրվածություն ունի ընտրություններին մասնակցել միայնակ, սակայն չի բացառվում, որ կուսակցության ընտրական ցուցակում ոչ կուսակցական մարդիկ էլ ընդգրկվեն։
-Պարոն Ենիգոմշյան, արդեն ձեւավորվել է ձեր կուսակցության կորիզը, ի՞նչ ծրագրերով, գաղափարներով եք մտնում քաղաքական դաշտ, պահպանելո՞ւ եք ձեր այն սկզբունքներն ու մոտեցումները, որոնք ունեիք մինչ կուսակցություն դառնալը, թե՞ իրավիճակ է փոխվել։
-Այո, որպես կուսակցություն՝ «Սասնա ծռերը» նոր է, բայց որպես շարժում, գաղափարախոսություն՝ նոր չէ։ Այս շարժումն ու գաղափարախոսությունն առնվազն տասը տարի գոյություն ունի, այն գաղափարախոսությունն ու ծրագիրը, որի կրողը պետք է լինի մեր կուսակցությունը, բոլորովին նոր չէ։ Հիմնադիր խորհրդարանի ժամանակ մշակված են եղել շատ լուրջ փաստաթղթեր, նոր որակի հայկական պետության ռազմավարական հայեցակարգ․ դա է հանդիսանում կուսակցության գաղափարական հիմքը, նաեւ դրանից հետո՝ 2016-ից հետո, լրացումներ են եղել, մշակվել է «Սասնա ծռերի» ճանապարհային քարտեզը՝ անցումային փուլի, այդ ռազմավարական հայեցակարգը, որն այն Հայաստանի տեսլականն է, որը մենք պատկերացնում ենք, իսկ դրա համար անհրաժեշտ է անցումային փուլ անցնել, իսկ ճանապարհային քարտեզը հենց այդ անցումային փուլն է ներկայացնում։ Չնայած դա մշակվել է մինչեւ 2018-ի համաժողովրդական շարժումն ու հաղթանակը, հետեւաբար, տեխնիկական առումով որոշ ժամանակավրեպ բաներ կարող են լինել, բայց դե իշխանափոխությունից հետո իրականացվելիք քայլերը կան։
-Իսկ ձեր ծրագրում փակվա՞ծ է զինված ապստամբության էջը, թե՞ դա պահպանվելու է եւ ցանկացած պահի ցանկացած իշխանության դեմ կգործի, երբ այլեւս այդ իշխանությունը չի ներկայացնի ժողովրդի կամքը։
-Ես չեմ ուզում մասնավորեցնել այսօրվա իշխանություններին, նրանք ներկայացնում են ժողովրդի կամքը, դրանում երկրորդ կարծիք լինել չի կարող։ Իսկ, ընդհանուր առմամբ, ցանկացած իշխանություն, երբ բռնաբարում է ժողովրդի կամքը, ենթակա է տապալման։ Ժողովուրդն իրավունք ունի ապստամբելու․ սա սկզբունքային, աստվածատուր, բնական իրավունք է, բայց կրկնում եմ՝ այս իշխանության դեպքում չի գործի։ Ես կարծում եմ, որ այս իշխանությունն այդպիսին չի դառնա, նման միտումներ չկան։ Հակառակը՝ նախկինում իշխանությունը զավթած ուժերն են փորձում սին նկրտումներով վերադառնալ նախկին վիճակին, ինչն իրենց, իհարկե, չի հաջողվի։ Մենք պետք է կանգնենք այս իշխանության կողքին՝ այդ նկրտումների դեմ։ Իշխանությունն այսօր, այո, լեգիտիմ է, սակայն չի տիրապետում բոլոր լծակներին․ խոսքն օրենսդիր, դատական իշխանությունների մասին է, հետեւաբար՝ խնդիր կա, որ իշխանությունը տիրանա մնացած բոլոր լծակներին։
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում