Այն, որ նոր կառավարությունը եւ նրա ղեկավարը չեն փայլում կառավարման ունակություններով եւ մտադիր էլ չեն այդ ուղղությամբ ջանք գործադրել, կարծես թե սովորական է դարձել:
Նույնը կարելի է ասել տնտեսության նրանց պատկերացումների մասին: Այս դեպքում կա՛մ անտեղյակության հետ գործ ունենք, կա՛մ երկրի տնտեսությունը կանխամտածված ձեւով տապալման տանելու մոտեցման: Չենք պնդի, թե այս տարբերակներից ո՞ր մեկն է իրական, կամ երկուսն էլ իրակա՞ն են, թե՞ ոչ, պարզապես անդրադառնանք փաստերին եւ Նիկոլ Փաշինյանի մոտեցումներին:
Գաղտնիք չէ, որ ցանկացած երկիր պաշտպանում է իր արդյունաբերողներին եւ իր արտադրանքը: Աշխարհում տեղի ունեցող առեւտրային պատերազմները հենց այդ պատճառով են: Իսկ ի՞նչ է անում Հայաստանի կառավարությունը՝ տրամագծորեն հակառակը:
Մասնավորապես վարչապետը հայտարարում է, որ հանքարդյունաբերությունը Հայաստանի տնտեսության ապագան չէ, որ չնայած հանքարդյունաբերությունը Հայաստանի տնտեսական աճի հիմնական լոկոմոտիվն է, բայց «տնտեսական աճի այդ մոդելը որեւէ կերպ չի կարող ընդունելի համարվել, եւ մեր կառավարության կարեւոր խնդիրներից է՝ փոխել տնտեսական աճի այդ մոդելը»։
Նիկոլ Փաշինյանի այս մոտեցումը, մեղմ ասած, արդարացված չէ մի քանի առումով:
Առաջին՝ առավել բարձր արդյունավետություն ունեցող արդյունաբերություն համարվում է տեղական հումքի վրա գործողը: Այսինքն՝ երբ հումքի ներկրման հետ կապված ռիսկերը կա՛մ չկան, կա՛մ նվազագույնն են, երբ տեղում ստեղծվող ավելացված արժեքը ավելի մեծ է լինում, երբ միջոցները ոչ թե երկրից դուրս են գալիս, այլ մնում են երկրում, հետագայում արտահանման շնորհիվ միջոցներ բերելով երկիր:
Այս ամենը իշխանությունը կարծես թե չի հասկանում: Այլապես խոսքը ոչ թե այն մասին կլիներ, որ այս ոլորտը ապագա չէ Հայաստանի համար, այլ որ այս ոլորտը թաքնված հնարավորություններ ունի Հայաստանի արդյունաբերական զարգացման համար: Այն է՝ հանքանյութի արդյունահանումից անցում կատարել մաքուր մետաղի արդյունահանման, ապա նաեւ դրանցից արտադրանքի թողարկման:
Խնդիր, որի ուղղությամբ խոսվել է տարիներ շարունակ, բայց ներդրումներ այս ուղղությամբ չեն կատարվել: Հիմա էլ հայտարարվում է, որ տնտեսության լոկոմոտիվ ճյուղն ընդհանրապես ապագա չէ մեզ համար:
Երկրորդ՝ ինչպե՞ս կարելի է այդ «տնտեսության լոկոմոտիվը», պարզ ասած, շպրտել մի կողմ: Սովորաբար միայն հետհեղափոխական երկրներում է նման գործընթաց տեղի ունենում: Հեղափոխությունները կազմակերպող ուժերը իրենց աջակցության շնորհիվ իշխանություն դարձածների միջոցով տվյալ երկրների արդյունաբերությունը հաստատուն ձեւով տանում են դեպի ոչնչացում՝ փոխարենը առաջարկելով զարգացնել ծառայությունները, երբեմն նաեւ գյուղատնտեսությունը: Արեւելյան Եվրոպայի եւ հետխորհրդային տարածքի երկրները դրա վառ օրինակներն են:
Փաստորեն Հայաստանում հիմա տեղի է ունենում այն, ինչ մինչեւ վերջ տեղի չունեցավ 90-ականներին, այն է՝ արդյունաբերության վերջնական ոչնչացում. ուղղորդված դրսից թե ոչ, թողնում ենք ընթերցողի եզրակացությանը: Փաստն այն է, որ «Կառավարության ծրագիր» կոչված փաստաթղթում խոսք իսկ չկա արդյունաբերության, մասնավորապես հանքարդյունաբերության եւ նրա զարգացման ծրագրերի մասին, իսկ վարչապետն էլ հայտարարում է , որ այն ընդունելի չէ մեզ համար:
Հոդվածն ամբողջությամբ կարդացեք «Հայոց Աշխարհ» օրաթերթի այսօրվա համարում