Լրահոս
Օրվա լրահոսը

Սպասումները, որ նախորդ իշխանության ժամանակ, հատկապես լայն սպառման ապրանքների, այսպես ասած, արհեստական ձեւավորված գները կնվազեն, չեն իրականանում. «Հայոց աշխարհ»

Օգոստոս 31,2018 11:12

Հասարակության կյանքում հեղափոխական փոփոխություններ խոստացող կառավարությունը այդպես էլ չի կարողանում արդարացնել սպասելիքները։ Սոցիալական վիճակը երկրում ոչ միայն չի բարելավվում, այլեւ գնալով վատանում է։ Մի կողմից՝ չեն ավելանում հասարակության եկամուտները, մյուս կողմից՝ իշխանափոխությունից կարճ ժամանակ անց բազմաթիվ ապրանքային շուկաներ հայտնվել են գնաճային բարձր ճնշման տակ։

Սպասումները, որ նախորդ իշխանության ժամանակ, հատկապես լայն սպառման ապրանքների, այսպես ասած, արհեստական ձեւավորված գները կնվազեն, չեն իրականանում։ Հակառակը, թանկացումների շղթան ընդլայնվում է։

Բազմաթիվ գյուղմթերքների գներ այս տարի անհամեմատ բարձր են։ Ռիսկի տակ է հայտնվել նաեւ սոցիալական նշանակության այնպիսի կարեւոր ապրանքատեսակ, ինչպիսին հացամթերքն է։

Օգոստոսին ալյուրի մեկ պարկի գինը Հայաստանում բարձրացավ շուրջ 500 դրամով։ Օրերս մի շարք բնակավայրերում հացի գներն ավելացան 20-30 դրամով։

Հացամթերքների շուկայում գնաճային դրսեւորումներն առաջիկայում սպառնում են խորանալ։ Վրաստանի կառավարության որոշումը՝ ցամաքային ճանապարհով ցորենի եւ այլ հացահատիկային կուլտուրաների ներմուծման արգելումը, հանգեցնելու է գների հերթական աճին։ Թեեւ որոշումը վերաբերում է բոլոր երկրներին, այդ թվում՝ վրացական բեռնափոխադրողներին, այնուհանդերձ հասկանալի է, որ դրանից տուժելու է առաջին հերթին հայաստանյան սպառողը։

Հիշեցնենք, որ ոչ վաղ անցյալում Վրաստան կատարած այցելության ժամանակ Հայաստանի վարչապետը ոգեւորված խոսում էր բոլոր հարցերում փոխըմբռնման վերաբերյալ ձեռք բերված պայմանավորվածությունների մասին։ Եթե այսպիսին են այդ պայմանավորվածությունները, ապա դժվար չէ ասել, թե ինչ է մեզ սպասվում առաջիկայում։

Տարբեր հաշվարկներով, ցամաքային բեռնափոխադրումների արգելումը մեկ տոննայի տեղափոխման ծախսերը կավելացնի 50-70 դոլարով։ Դրա հետեւանքով ներքին շուկայում 1 կգ ալյուրը կարող է թանկանալ 40-50 դրամով։ Կասկած չկա, որ դա հանգեցնելու է նաեւ հացի եւ այլ հացամթերքների գների բարձրացման։ Խոսքը 10-15 տոկոս թանկացման մասին է։

Լաստանավային փոխադրումներն ունեն եւս մեկ, այսպես ասած, անհարմարություն. դրանք շատ ավելի ժամանակատար են, քան ցամաքային փոխադրումները։

Թե ի՞նչ քայլեր է պատրաստվում ձեռնարկել կառավարությունը հացամթերքների ներմուծման հետ կապված խնդիրները լուծելու համար, հստակ չէ։ Տրանսպորտի նախարարության այն հայտարարությունը, թե նախնական պայմանավորվածություն է ձեռք բերվել վրացական երկաթուղու հետ հացամթերքների ներկրումների համար զեղչեր կիրառելու շուրջ, հարցի լուծում չէ։

Եթե նույնիսկ հաջողվի նախնական պայմանավորվածությունները վերածել վերջնականի, ապա դեռ հարց է, թե այն որքանով հնարավորություն կտա չեզոքացնել հացամթերքների թանկացման ռիսկերը։ Ավելին՝ փորձը վկայում է, որ նման պայմանավորվածությունները սովորաբար երկար կյանք չեն ունենում եւ տարբեր պատրվակներով մերթընդմերթ վերաթարմացվում են։

Հացամթերքների գների բարձրացման ռիսկերը մեծացել են նաեւ ռուսական շուկայում ցորենի թանկացման ֆոնին։ Ինչպես հայտնի է, Հայաստանը հացահատիկը եւ ալյուրը ներմուծում է հիմնականում Ռուսաստանից։ Այդ ապրանքատեսակների ներկրումները կազմում են տարեկան 250-300 հազար տոննա։

Հոդվածն ամբողջությամբ կարդացեք «Հայոց Աշխարհ» օրաթերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031