Գլխավոր տնօրեն Կրիստիան Լըֆեն բացում է փակագծերը
«Ոստիկանության մեղադրանքները զրպարտող են, շինծու եւ կեղծ»,- երեկ հրավիրած ասուլիսում հայտարարեց «Վեոլիա ջուր» ընկերության գլխավոր տնօրեն Կրիստիան Լըֆեն: Նա պարզաբանում ներկայացրեց իրենց ընկերությանը հասցեագրվող մեղադրանքների հետ կապված: Հիշեցնենք, որ ոստիկանթյունը հայտարարություն էր տարածել այն մասին, որ այս ընկերությունը ՀՀ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի անդամների՝ Ֆրանսիա կատարած ճամփորդության համար վճարումներ է կատարել եւ այդ կերպ փաստորեն հանձնաժողովի հետ կոռուպցիոն գործարքի մեջ մտել, որի արդյունքում ջրի սակագինը 2017-ին բարձրացել է 11 դրամով:
Ըստ 15-ամյա վարձակալության պայմանագրի, ջրամատակարարման համակարգում պետք է ներդրումներ արվեին, բայց դա միայն «Վեոլիա ջուրը» չպետք է աներ, պարտավորությունների իր մասնաբաժինն ուներ նաեւ կառավարությունը: Կրիստիան Լըֆեն ասաց. «Այսօր «Վեոլիա ջուր» ընկերությանը շատ են հանդիմանում ներդրումների ծավալի հետ կապված, որը բավարար չէ: Տասնյակ տարիներ արծարծվում է ՀՀ-ում ջրամատակարարման ցանցերի եւ ենթակառուցվածքների համար ներդրումներ կատարելու խնդիրը: Երբ ՀՀ կառավարությունը կազմակերպեց միջազգային մրցույթը, հրապարակավ հայտարարեց, որ վարձակալության պայմանագրի առաջիկա 5 տարիների ընթացքում 200 մլն դոլար գումար կներդրվի, որը կլրացնի ընկերության կողմից կատարվող ներդրումները: Ես ՀՀ կառավարությանը ներկայացրել եմ ծրագիր, որտեղ մանրամասնել եմ, թե 200 մլն-ը ինչպես կարող է լավագույնս օգտագործվել, որպեսզի ունենանք կատարյալ կատարողականություն մեր ցանցերում եւ ենթակառուցվածքներում: Այդ ծրագիր-առաջարկը ես մեկ տարի առաջ եմ ներկայացրել, սակայն մինչ օրս ոչ մի արձագանք ու պատասխան դրա վերաբերյալ չեմ ստացել: Ներդրումների մասով ուշացումները ոչ իմ, ոչ էլ «Վեոլիա ջրից» որեւէ մեկի սխալը չէ: Երբ վերլուծում ենք սակագինը եւ այն գումարները, որը մենք հավաքագրվող վարձավճարներից փոխանցում ենք բյուջե, ապա ակնհայտ է դառնում կառավարության ոչ բավարար ու արդարացի վերաբերմունքը ոլորտին: Այսպես, մեր եկամտի մոտ 50 տոկոսը այս կամ այն խողովակով ի վերջո գնում է պետբյուջե եւ ոչ մի ձեւով այնուհետեւ չի ներդրվում ջրային ոլորտում: Ակնհայտ է, որ ստեղծված իրավիճակում անհնար է Վարձակալության պայմանագրով ֆիքսված առաջադրանքներին հասնել»:
Կրիստիան Լըֆեն ընդգծեց, որ «Վեոլիա ջուր» ընկերությունը չի ուզում գնալ բախումների, բայց թույլ էլ չի տա, որ պայմանագրի որեւէ կողմ ծիծաղի առարկա դարձնի այն դրույթները, որոնք ամրագրված են վարձակալական պայմանագրով. «Հուսանք, որ կառավարությունը կհասկանա, որ այս խնդրին լուծում տալու միակ միջոցը բանակցելն է՝ թափանցիկ, պարզ ու հստակ: Ակնհայտ է, որ երբ ՀՀ կառավարությունը՝ պայմանագրային մյուս կողմը, հավատարիմ չի մնում Վարձակալության պայմանագրին եւ միակողմանի ձեւով որոշում է դրա կարեւորագույն՝ սակագնի ձեւավորման դրույթը պարզապես չկիրառել, մենք ստիպված ենք լինելու փաստել, որ պայմանագրի մյուս կողմը հավատարիմ չի իր ստանձնած պարտավորություններին եւ այստեղից հետեւություն անել, որ այդ պայմանագիրն այլեւս գոյություն չունի: Եվ ստացվում է, որ «Վեոլիային» այլ բան չի մնալ անել, քան դուրս գալ երկրից, որի պարագայում Հայաստանը պետք է փոխհատուցում վճարի «Վեոլիային»:
Կրիստիան Լըֆեն ասաց, որ ինքը հանդիպում է ունեցել Ջրային կոմիտեի նախագահ Ինեսսա Գաբայանի հետ, փորձել սակագնի հարցը բարձրացնել, բացատրել, թե որ պայմաններում են պատրաստակամ սակագնի շուրջ բանակցել: Պատասխանն այն էր, որ Ջրային կոմիտեն հրաժարվում է սակագնի շուրջ քննարկումներից: Դրանից հետո ոստիկանությունը սկսեց ստուգումներն ընկերությունում. «Մինչ օրս ես ոչ մի հստակ ինֆորմացիա չունեմ, թե վերջինս ինչում է մեզ հանդիմանում, ինչ են ուզում»:
Պարոն Լըֆեն պնդում է, որ Վարձակալության պայմանագրով, որը կնքել են ՀՀ կառավարության հետ, պետությունը պարտավորություն է ստանձնել նորոգել ենթակառուցվածքները, որոնք ֆիզիկապես խիստ մաշված են, ու չի արել. «Այսօր «Վեոլիա ջուր» ընկերությունը Հայաստանում խողովակի մեկ միավորի հաշվարկով 10 անգամ ավելի շատ է վթարներ վերացնում, քան Ֆրանսիայում: Դա շատ լավ ցույց է տալիս, թե ինչ անմխիթար վիճակում են գտնվում կառավարության՝ մեզ վստահված ենթակառուցվածքները: Հավատացեք՝ 200 մլն-ն այն նվազագույն ներդրումն էր, որն արվելու դեպքում կապահովեր ընդունելի վիճակ: Իսկ եթե մենք ուզում ենք ամբողջ համակարգը վերակառուցել՝ օրվա պահանջներին համեմատ, ապա 600-800 մլն դոլարի ներդրումներ են պետք»:
Գլխավոր տնօրենը հիշեցրեց, որ երբ իրենք հաղթեցին կառավարության հայտարարած մրցույթում, այն սակագինը, որը «Վեոլիան» առաջարկել էր, ավելի բարձր էր, քան այն սակագինը, որը պատկերացնում էր կառավարությունը. «Դրա համար էլ կառավարությունը մեզ խնդրեց մի առաջարկ ներկայացնել, որով մենք կմեկնարկեինք պայմանագիրը ավելի ցածր սակագնով, ավելի համահունչ հայաստանյան կառավարության պատկերացումներին, բայց՝ պայմանով, որ բազիսային սակագինը ամեն տարի կաճի ըստ այն սանդղակի, որն արտացոլված է Վարձակալության պայմանագրով: Այդպես էլ արեցինք: Իսկ մինչ այդ, լավագույն ժամանակների հույսով, համակարգը պատշաճ վիճակում պահելու եւ ջրամատակարարման կայունությունն ապահովելու համար ես խնդրեցի «Վեոլիայի» մայր գրասենյակի բաժնետերերից ինձ ֆինանսապես օգնել: Ստացել ենք 10 մլն եվրո օգնություն, որը պայմանագրով նախատեսված չէր»:
Նա ասաց, որ 2019-ի համար սակագնի սահմանման գործընթացի նորմալ ընթացքի պարագայում հրավիրում է բոլոր հետաքրքրված անձանց, ովքեր ունեն կասկածներ սակագնի ձեւավորման հետ կապված, մասնակցել քննարկումներին, հասկանալու համար, թե ինչպես է այն կազմվում:
Ինչ վերաբերում է ՀՀ ՀԾԿՀ անդամներին Ֆրանսիա տանելու մեղադրանքին, Կրիստիան Լըֆեն այդ շրջագայությունն անվանեց գործնական այց՝ ասելով, որ այն կազմակերպվել է թափանցիկ ու բաց. «ՀԾԿՀ նախագահը ժամանակին «Վեոլիա» ընկերության նախագահի կողմից ստացավ պաշտոնական հրավեր, որ այցելի Ֆրանսիա: Այդ այցի ծրագիրը շատ հագեցած էր, որի նպատակն էր բացառապես մասնագիտական փորձի փոխանակում՝ տեխնիկական, իրավաբանական ոլորտին վերաբերող»:
Նա վստահեցրեց՝ «Սակագնի հարց այդ առաքելության ներքո երբեք չի արծարծվել: Սակագինը ֆիքսված է միջպետական վարձակալության պայմանագրով ու հաշվարկվում է թափանցիկ մեխանիզմներով: ՀԾԿՀ-ն պարզապես ստուգում է հաշվարկները եւ հաշվարկի մեջ օգտագործված բազիսային տվյալները: ՀԾԿՀ-ն չունի իրավասություն անդրադարձ կատարել բազիսային սակագնի վրա, որը ֆիքսված է պայմանագրով»:
Հարցին՝ եթե այդպես էլ կառավարությունն ու ձեր ընկերությունը չկարողանան համաձայնության գալ ու դուք հեռանաք երկրից, ՀՀ կառավարությունը որքա՞ն գումարի փոխհատուցում պետք է վճարի ըստ պայմանագրի՝ Կրիստիան Լըֆեն պատասխանեց, որ գոյություն ունի հաշվարկի կարգ, բայց նա ավելի կարեւորեց այն բարոյական ու իրավական վնասը, որը կկրի հայկական կողմը միջազգային ասպարեզում իրեն անվստահելի գործընկեր ներկայացնելով:
ՀՌԻՓՍԻՄԵ ՋԵԲԵՋՅԱՆ
«Առավոտ»
31.08.2018