Լրահոս
Օրվա լրահոսը

Նիկոլ Փաշինյան. «Եկեք չթերագնահատենք մեր ընտրակեղծարարների կրեատիվ միտքը»

Օգոստոս 31,2018 10:27

Երեկ կառավարությունում բուռն եւ նույնիսկ հումորախառն, տեղ-տեղ նյարդացնող մտքերով քննարկվեց ընտրակաշառքներ տալ-ստանալու դեպքում պատիժը խստացնող որոշման նախագիծը: Այն նախատեսում է փոփոխություններ եւ լրացումներ Քրեական, Քրեական դատավարության, Վարչական իրավախախտումների օրենսգրքերում:
Նախագիծը զեկուցող արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանն ասաց, որ նոր կառավարությունը հանձն է առել ապահովելու ազատ ընտրությունները եւ նաեւ հասարակության շրջանում բարձրացնելու ընտրական ինստիտուտների նկատմամբ վստահությունն ու հավատը: Նախարարը վստահեցրեց՝ նախագիծը քննարկվել է քաղաքակացիական հասարակության հետ, նախարարների կոմիտեով անցել է, նկատառումներն ու դիտողությունները հաշվի են առվել: Այդուհանդերձ, նիստի ընթացքում այս նախագծի շուրջ կրկին հարցեր ու մտահոգություններ հնչեցին, տպավորություն էր, կարծես կոմիտեում ներկայացրած դիտողությունները ոչ էլ հաշվի են առնվել:

Այս փաթեթի ընդունմամբ առաջարկվում է խստացնել պատասխանատվությունը ընտրակաշառքների դեպքերով, եւ այն որոշ դեպքերում տուգանքից վերածվում է ազատազրկման:
Օրինակ՝ Քրեական օրենսգրքի նոր խմբագրմամբ Հոդված 154.2-ով՝ «Ընտրողներին կաշառք տալը, ստանալը, ընտրությունների ժամանակ բարեգործության արգելքի խախտումը կամ ընտրողի ազատ կամքի իրականացմանը խոչընդոտելը»՝ նախատեսվում է տուգանքից մինչեւ ազատազրկում:

Նախագծով նաեւ բացառություն է նախատեսվում: Զեյնալյանը զեկուցեց ՝ «Առաջարկվում է հոդվածի դիզպոզիցիայով նախատեսել բացառություն, որի համար հանցագործություն չի համարվի ընտրությունների կամ հանրաքվեի նշանակման որոշումն ուժի մեջ մտնելուց հետո թեկնածուների կամ կուսակցությունների, դաշինքների խորհրդանիշներով կամ պատկեր բովանդակող որոշակի եւ ողջամիտ չափը չգերազնացող որոշակի արժեքով ապրանքներ տալը: Ասենք՝ քարոզչական գրիչներ, փոքրիկ խորհրդանիշեր տալը, սրա համար նախատեսվում է բացառություն եւ չի դիտվի որպես ընտրակաշառք»: Ապա Զեյնալյանը մանրամասն ներկայացրեց նախատեսվող փոփոխությունները:

Սակայն ներդրումների եւ տնտեսական զարգացումների դաշնակցական նախարար Արծվիկ Մինասյանին մի քանի հարցեր հանգիստ չէին տալիս: Նա որոշ հարցադրումներ արեց, իսկ փոխվարչապետները նրան փորձում էին բացատրել փոփոխությունների իմաստն ու փիլիսոփայությունը:

Մինասյանին մտահոգում էր՝ «Սանկցիաները փոխում ենք 3-5 տարի ազատազրկումը փոխարինում ենք 4-6 տարով ու հանցագործության աստիճանի փոփոխությունը դառնում է ծանր: Հասարակական վտանգավորության աստիճանի ուսումնասիրություն արվե՞լ է, փաստերի՞ հիման վրա է, թե ուղղակի հաղորդում է»:
Թվում էր, թե քաղաքական գործիչի համար հստակ ու պարզ պետք էր լիներ ընտրակաշառք բաժանելու հասարակական վտանգավորության եւ ընդհանրապես, պետականությանը վնասելու աստիճանը: Բայց չէ, Զեյնալյանն ու մյուսները ստիպված եղան բացատրել: «Սա մեր ուղերձն է, որը հենված է իրողությունների վրա: Հասարակության շրջանում ընտրական ինստիտուտների նկատմամբ վստահության մակարդակը չափազանց ցածր է, վտանգավորության աստիճանը դրանով է որոշվում: Կառավարության եւ օրենսդիրի որոշելիք հարցն է, սուվերեն հարցն է՝ ինչպես վերաբերվել այս հանցագործությանը: Եվ մենք կարծում ենք՝ կկարողանանք կարճ ժամկետում արմատախիլ անել այնպիսի երեւույթներ, ինչպիսիք ընտակաշառք խնդրելն է, վերցնելն է, հարկադրելն է եւ բարեգործությունն ընտրական կամքի վրա գործադրելը»:

Դաշնակցական նախարար Մինասյանին համոզեցին, թե՝ ոչ, պարզ չէ, համենյանդեպս, նա այդ մասին ոչինչ չասաց: Բայց նրան մեկ այլ հարց է էր մտահոգում: Նա հետաքրքրվեց՝ «…154 հոդվածի 2-րդ մասի փոփոխությունը, որով ասում ենք՝ հեռախոսով կամ որեւէ ձեւով նկարելը, հրապարակելը, թե քվեարկության ինչ արդյունք է եղել: Բայց օգտագործվում է՝ «խոստումի հիման վրա»: Սա չի՞ բարդացնում ապացուցումը, եթե մենք թողնենք որեւէ ձեւով հրապակայնացնեն իրեղեն ապացույցը»: Զեյնալյանը կարճ բացատրեց՝ դրա նպատակն է, որ սոցցանցում իրեղեն ապացույցի հրապարակումը՝ տեսախցիկի գործադրմամբ, չառաջացնի պատասխանատվություն: Նախարարն ընդգծեց՝ այսինքն՝ շահադիտակատան նպատակ պիտի լինի, որպեսզի պատասխանատվություն առաջացնի:

Մինասյանին մտահոգում էր ընտրողի՝ քվեաթերթիկի վրա որեւէ վիրավորական բան գրելու երեւույթը: Հավանաբար, վերհիշելով նախկին ընտրությունները, երբ բազմաթիվ քվերաթերթիկներ անվավեր էին ճանաչվում, դրանց վրա տարբեր թեկնածուների հասցեին վիրավորանքներ էին գրվում:
«Չկա խոստում, հակառակը որեւէ մեկը փորձում է ցույց տալ նույն քվեակության օրը ընդգծել է, թե ինչքան է, ներողություն բառիս համար, զզվում թեկնածուից, որ հայհոյանք է գրում ու հրապարակում քվեաթերթիկը՝ քվեարկության արդյունքը: Սա դատապարտելի չէ՞»,- հետաքրքրվեց Մինասյանը: Զեյնալյանը հակիրճ բացատրեց՝ դա քաղաքացիաիրավական պատասխանատվություն է ենթադրում, եթե խոստում չկա՝ պատվի, արժանապատվության հարց է, թեկնածուն կարող է դիմել իրավապահներին:
Զեյնալյանին օգնության հասավ փոխվարչապետ Արարատ Միրզոյանը, եւ փորձեց Մինասյանին բացատրել, թե օրենքն ինչ է նախատեսում, եւ կրկնեց այն, ինչ րոպեներ առաջ Զեյնալյանն էր ասել՝ եթե այդ արարքում կա պարտադրանք, խոստում, պարտադրողները ճաղերի հետեւոմ կհայտնվեն:

Մինասյանը շարունակեց՝ «Նկատի առնելով, որ քվեարկության գաղտնիությունը սահմանադրական նորմ է, որքանո՞վ է ճիշտ մենք տարանջատենք կաշառքով է, շահադիտական է, թե՝ չկա շահադիտություն: Պե՞տք է խախտել այս նորմը: Եթե քվեարկության արդյունքի հրապարակումը, կոնկրետ անվանական, գաղտնիք է, սրա ապահովմանն ուղղված մեխանիզմը դնենք, թույլ չտանք…ասենք՝ ես ազնիվ մղումներով ուզում եմ հրապարակել, ինչ է, ստացվում է այդ նորմը խախտում եմ: Ուրիշ բան, որ ուժեղացնենք այս նպատակով պատիժը»:
Այս անգամ մյուս փոխվարչապետը օգնության հասավ: Տիգրան Ավինյանին կարծես հաջողվեց համոզել Մինասյանին. «Ուզում եմ մեխանիզմը պատկերացնեք՝ եթե քրեականացնում ենք սոցցանցում հրապարակելը, ապացուցելու պրոցեսը ո՞նց ենք անելու, որ հենց այդ քվեաթերթիկն է գնացել քվեատուփի մեջ, այլ ոչ մեկ ուրիշը: Մեխանիզմի առումով անիրագործելի է»: Այս խոսքերից հետո Մինասյանի հարցերը սպառվեցին:

«Խոսակցությանը խառնվեց» վարչապետ Նիկոլ Փաշինյանը. թերեւս ամենատեղին հարցը բարձրացրեց: Փաշինյանը նախագծից մեջբերեց. «Արգելվում է անհատույց կամ արտոնյալ պայմաններով դրամ, սննդամթերք, արժեթղթեր այլ ապարքներ, բացի կուսակցության անվանումը կամ խորհրդանիշը կամ թեկնածուի անուն-ազգանունը, պատկերը բովանդակող, եւ նվազագույն աշխատավարձի եռապատիկը չգերազանցող արժեքի ապրանքներ: Պատմական փորձը հաշվի առնելով՝ 3 հազար դրամը բավականին գումար է, ասենք՝ կուսակցության նշանով լավաշ կամ մուրաբա բաժանելու համար, կամ ալյուրի պարկ, (այստեղ Փաշինյանը հազիվ էր զսպում ծիծաղը)կամ ենթադրենք 3 հազար դրամը դնեն տոպրակի մեջ՝ կուսակցության նշանը վրան: Ձեւակերպումը տարընթերցման տեղիք է տալիս: Պետք է սահմանը հստակ նշվի, էլ չեմ ասում 3 հազար դրամի դիզվառելիքը՝ թեկնածուի պատկերով: Եկեք չթերագնահատենք մեր ընտրակեղածարարների կրեատիվ միտքը»:

Զեյնալյանը հավանաբար մի պահ պատկերացրեց՝ լավաշի վրա որ թեկնածուի դեմքը եւ ինչպես են պատկերելու, եւ արձագանքեց Փաշինյանին. «Չեմ կարծում լավաշի վրա կկարողանան թեկնածուի պատկերը կամ անվանումը…»:

Փաշինյանն էլ պատկերավոր ներկայացրեց՝ «Լավաշը դնում են տոպրակի մեջ՝ պատկերը վրան: Ի՞նչն է խանգարում, վրան էլ գրում են՝ ոչ միայն հացիվ»:
Վերջը, Փաշինյանը փորձում էր ներկայացնել ընտրակեղածարարների ինչպիսի հնարամտությունների տեղիք կարող է տալ այդ դրույթը. «3 կիլո լավաշը, 3 բանկա մուրաբան մտնում է ձեր ձեւակերպման տակ, ստացվում է՝ կարելի է բաժանել»:

Զեյնալյանն առաջարկեց մասնագետների հետ քննարկել՝ արդյոք այն աստիճան անորոշ է այդ դրույթը, որ պետք է հստակեցվի: Վարչապետը հուշեց ինչ անեն՝ «Պետք է կոնկրետ նշվի՝ գրիչ, բուկլետ, գլխարկ, շապիկ»:

Այս նախագծի քննարկման եւ ընդունման համար կառավարությունն առաջարկեց ԱԺ արտահերթ նիստ հրավիրել սեպտեմբերի 6-ին:
Վարչապետը հայտարարեց՝ պետք է բացառեն ընտրակաշառքի երեւույթները. «Ավագանու ընտրությունները քննություն են, գերազանց պիտի տանք»:

ՆԵԼԼԻ ԲԱԲԱՅԱՆ

«Առավոտ»

31.08.2018

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031