Երբ իշխանությունը շատ է շեշտում, որ հայ-ռուսական հարաբերություններում ամեն ինչ լավ է, նշանակում է դրանցում խնդիրներ կան
Sputnik Արմենիա ռադիոկայանի եթերում, անդրադառնալով երկու երկրների միջպետական հարաբերությունների ներկա վիճակին, ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը` նշելով, որ հակառակ դեպքում չպիտի նույնիսկ կարիք առաջանար դրա մասին այդքան հաճախակի խոսելու։
Հայ–ռուսական հարաբերությունների` վատ լինելու մասին խոսելն ուղղակի ծիծաղելի է. Փաշինյան
«Եթե ամեն ինչ նորմալ է, ինչո՞ւ եք անընդհատ փորձում արդարանալ։ Եղան հայտարարություններ ռուսական կողմից, եղան հայտարարություններ Հայաստանից, և ես կարծում եմ, բավարար չափով չի գնահատվում այն իրավիճակը, որում այսօր հայտնվել է Հայաստանը»,– ասաց Քոչարյանը։
Առկա իրավիճակում, երբ տարածաշրջանում Հայաստանին բարեկամ երկրների նկատմամբ Արևմուտքը նոր պատժամիջոցներ է կիրառում, իսկ հակառակորդ երկրներն ավելի անկանխատեսելի են դառնում, Քոչարյանի համոզմամբ, Հայաստանը պետք է հավատարիմ մնա իր դաշնակիցներին։
«Կարող է մեծ գայթակղություն լինել այս վիճակում, այսպես ասենք`«խաղեր տալ», փորձել «թռնել» նախկինում ձևավորված հարաբերություններից, փորձել ինչ-որ տեղ նոր հարաբերություններ ձևավորել այլ ռազմական միավորումների, այլ պետությունների հետ։ Ես կարծում եմ, ճիշտ հակառակը` նման դեպքերում պետք է շատ ավելի ուշադիր լինես քո գործընկերների, տվյալ դեպքում` Ռուսաստանի, Իրանի նկատմամբ, և փորձես ցույց տալ, որ դու այս իրավիճակից չես օգտվում»,– ասաց նա։
ՀՀ երկրորդ նախագահը նաև տարակուսած է, թե ինչու է Հայաստանը նման բարձր մակարդակով մասնակցել ՆԱՏՕ–ի գագաթաժողովին։ Նրա դիտարկմամբ` միանշանակ ՆԱՏՕ–ի հետ համագործակցել անհրաժեշտ է, բայց ոչ այդ մակարդակով, հատկապես այն ժամանակ, երբ ՆԱՏՕ–ի և Ռուսաստանի հարաբերությունները զրոյական մակարդակում են։
«Միայն ՆԱՏՕ–ի միջանցքներում սելֆիների համար մասնակցել և դրանով հարցեր առաջացնել մեր գործընկերների մոտ, չեմ կարծում, որ սա հեռատեսական է,– անդրադառնալով ՀՀ նոր իշխանությունների պատվիրակության ՆԱՏՕ–ի գագաթաժողովի այցին` ասաց Քոչարյանը,– լավ եմ գնահատում այն հանգամանքը, որ սկսեցին վերջապես դրա մասին հասկանալ և փորձեցին շտկել այն սխալները, որոնք արդեն արվել են»։
Նյութի մանրամասները կարդացեք Sputnik–ի կայքում