Լրահոս
Օրվա լրահոսը

Բարեփոխումների հրամայականը

Օգոստոս 31,2018 10:00

Կոռուպցիայի դեմ պայքարն, անշուշտ, դրական երեւույթ է, եւ հասարակությունն իրավամբ պահանջում է այս հարցում դրսեւորել կամք եւ վճռականություն: Չեմ կասկածում, որ այդ սպասելիքները կարդարանան: Բայց եկեք համաձայնեք, որ նախարարություններն ու այլ պետական գերատեսչությունները չպիտի կենտրոնացնեն իրենց ողջ ներուժը միայն այդ պայքարի վրա: Դրա համար կան մասնագիտացված կառույցներ, իրավապահներ, որոնց պարտականությունն է՝ իրականացնել համապատասխան միջոցառումներ: Պարտադիր չէ, որ, օրինակ, բոլոր նախարարություններն ունենան դիմակավորված ստորաբաժանումներ, որոնք վազվզում են ենթադրյալ կոռուպցիոներների հետեւից: Եթե այս կամ այն պետական կառույցի ղեկավարն իմանում է կամ կասկածում է, որ այդ կառույցում կան չարաշահումներ, մսխումներ, կաշառակերություն եւ այլն, նա պետք է դիմի իրավապահներին, որ նրանք զբաղվեն այդ գործով: Միայն կոռուպցիայի դեմ պայքարը  որեւէ կառույցի արդյունավետության գլխավոր չափանիշը չէ:

Իսկ ո՞րն է չափանիշը: Իմ կարծիքով, այսօրվա իրավիճակում՝ մտածված, ծրագրավորված բարեփոխումները, որոնք մոտակա ամիսներին կարող են տալ շոշափելի արդյունքներ: Հարյուր օրից հետո, ինձ թվում է, միանգամայն հնարավոր է գնահատել, թե, մասնավորապես, նախարարներից ովքեր են ունակ իրականացնել նման բարեփոխումները, իսկ ովքեր նպատակ ունեն՝ պարզապես եւս մի քանի ամիս իրենց պաշտոնը «յոլա տանելու»: Կաշառք չե՞ն վերցնում՝ շատ լավ է: Բայց բացի ինչ-որ (իրականում, իհարկե, շատ վատ) բան չանելուց, պետք է նաեւ ինչ-որ բան անել: Սպասում են ընտրությունների՞ն: Բայց դրանից հետո ավելի բարդ է լինելու, «ոչ ժողովրդահաճո» քայլեր անելու ժամկետը սպառվում է:

Իսկ բարեփոխումների ուղղություններից մեկը, կարծում եմ, պետք է լինի հենց կոռուպցիայի կանխարգելումը, որովհետեւ միայն «բռնելով» այդ արատից հնարավոր չէ ազատվել: Ցավոք մենք չունենք այն, պայմանական ասած, «սորոսը», որը միլիոնավոր դոլարներ կտար՝ պետական պաշտոնյաների, իրավապահների աշխատավարձը շեշտակի բարձրացնելու եւ դրանով նրանց կոռուպցիայից հեռու պահելու համար, ինչպես որ դա Վրաստանում էր՝ Սաակաշվիլիի առաջին տարիներին: Ուրեմն, պետք է այլ ճանապարհներ մտածել՝ գուցե գնալ պետական ապարատի, իրավապահ մարմինների աշխատակիցների քանակը էականորեն կրճատելու ճանապարհով: Այդ ցավոտ, ոչ պոպուլյար քայլը կարելի է անել հիմա, երբ կառավարությունը վայելում է հասարակության անվերապահ աջակցությունը: Կես տարուց այս քայլով առաջացած սոցիալական դժգոհությանը դժվար կլինի դիմագրավել:

Իհարկե, բարեփոխումների մեծ մասը պետք է ուղղված լինի տնտեսության առողջացմանը: Բայց դա առանձին խոսակցություն է:

 

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Լավատես says:

    Նախկին պաշտոնյաները հնարավոր է վարակվել են այն հակապետական հակաժողվրդական ախտով՝ նույն կաշառակերությունն ու նման բաներ, որ բոլորն անխտիր, լինի նոր թե հին պետական պաշտոնյայի թեկնածու, բոլորը պետք է անցնեն ԱԱԾի շատ մանրակրկիտ քննությունը, հետո այդ տվյալները պետք է տրվեն դատարան ու դատարանը որոշում կայացնի թույլ տալ թեկնածուին մասնակցել ընտրություններին թե ոչ, իսկ դրա համար նոր օրենքներ են պետք:

    • Լավատես says:

      Դատարանների դերն ու վարկանիշն էլ պետք է բարձրացնել, դատարանը ոչ միայն պետք է բացահայտի ու պատժի կարգազանցին, դատարանը պետք է նաեւ հակառակը՝ բացահայտի ու պարգեւատրի իսկական հային եւ նույնիսկ ոչ հային, բայց իր ազգի իսկական նվիրյալին:

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031