Լրահոս
Օրվա լրահոսը

Անմարդակային պայմաններում ապրող Անգելինան շոր, կոշիկ չունի դպրոց գնալու համար

Օգոստոս 31,2018 14:00

6-ամյա Անգելինա Սիրականյանը մի քանի օրից դպրոց է գնալու՝ առաջին դասարան: Անգելինան բացի դպրոցական պայուսակից, էլ ոչինչ չունի: Ծայրահեղ աղքատ պայմաններում ապրող այս փոքրիկի մայրն ասում է՝ պայուսակն էլ մանկապարտեզում հանդեսի ժամանակ են նվիրել. «Կոշիկ, շոր, ոչ մի բան չունի էրեխես: Մի քանի տետր ու գրիչ եմ պարտքով վերցրել»:
Անգելինան մոր եւ երկու եղբայրների հետ բնակվում է Արմավիրի մարզի Քարակերտ գյուղում: 1 սենյականոց բնակարանը, որտեղ ապրում է այս ընտանիքը, կիսաքանդ վիճակում է, անգամ խմելու ջուր չկա, այսինքն՝ ջրի խողովակներ չկան:

«Դույլով ջուրը բերում ենք, «կիպիտելնիկով» տաքացնում՝ լողանում: Ձմեռը մի հատ փեչ ենք դնում, հին-մին բաներ վառում, մեկ-մեկ՝ աթար»,-պատմում է 49 ամյա Սվետլաննա Գալստյանը՝ Անգելինայի մայրը: Ընտանիքի բնակարանի պատուհանին ապակիներ չկան: «Ցոլեֆանով ենք փակել, ձմեռը անտանելի ցուրտ է լինում»,-ասում է տիկին Սվետլաննան: Բնակարանի հին ու քայքայված մի քանի կահույքն էլ հարեւաններն են տվել:

Ընտանիքն ապրում է 37, 500 հազար դրամ նպաստով, 21,500 դրամ էլ ավագ որդու հաշմանդամության թոշակն է, որը չի բավականացնում հաշմանդամություն ունեցող որդու դեղերը գնելու համար: «Մի դեղ կա՝ անվճար են տալիս, մյուսներն առնում եմ, այսինքն՝ ամսվա կեսից փողը վերջանում ա, պարտքով եմ առնում: Մեծս 18 տարեկան է, հեսա «կամիսիա» պիտի անցնի, պարբերական հիվանդություն ունի, ներվերը խախտված է, ասում են՝ նյարդային համակարգի խանգարում է: Մյուս տղաս էլ 14 տարեկան է: Ինքն էլ հեսա դպրոց պիտի գնա, ու էլի, Անգելինայիս պես, հագնելու բան չունի: էլի մտածում եմ՝ գնամ պարտքով շոր, կոշիկ վերցնեմ, հետո նպաստով կես-կես, քիչ-քիչ պարտքը կփակեմ»,- ասում է տիկին Սվետլաննան:
Տիկին Սվետլաննան ասում է՝ ինքն էլ վատառողջ է, հոդերի խնդիր ունի, վերջերս վիրահատվել է, ու հաճախ է հայտնվում հիվանդանոցում, բայց վատառողջ լինելով՝ չի խուսափում դաշտերում վարձու աշխատանք անելուց. «Սեզոնային գործ ա, ստեղ ուրիշ գործ չկա էլ: Գնում եմ ծիրան, խաղող հավաքում: Սա էլ ամսվա մեջ 10 օր է լինում: Ուրիշ գյուղերից էլ են բերում աշխատողներ: Ամենածանր վիճակը ձմեռն ա լինում, որ ոչ աշխատանք ունեմ, ներսն էլ՝ ցուրտ»:

Առողջ ու համեղ սնվելն այս ընտանիքի համար երազանք է, ինչպես որ երազանք է մարդկային պայմաններով բնակարանում ապրելը:
Սվետլաննան ասում է՝ մսեղեն, կարագ, պանիր, երեւի տարիներով չեն կերել. «Հիմնականում մակարոն, բրինձ, կարտոշկա ենք ուտում: Տղես մի օր ասեց՝ մամա, նենց երշիկ եմ ուզում: Սիրտս ճմլվեց: Գնացի պարտքով վերցրեցի, էրեխեքս կերան: Էդ էլ եսիմ երբ էր: Որ մի փոքր հողամաս ունենայի՝ կմշակեի, գոնե պամիդոր, վարունգ, լոբին տնից կլիներ: Ուտելիքը խանութից պարտքով եմ վերցնում, 100 հազարից ավել պարտք ունեմ, խանութի տղեն լավն ա, մեր դրության մեջ մտնում ա, չի խեղդում՝ փողն ուզում: Սենց ապրում ենք»:

Քանդված, խոնավ, առանց տարրական հարմարությունների բնակարանի վերանորոգման համար տիկին Սվետլաննան դիմել է գյուղապետին, նա էլ մի անգամ որպես օգնություն 20 հազար դրամ է հատկացրել գյուղի բյուջեից. «Վերջերս էլ վարչապետին եմ նամակ գրել, խնդրել եմ օգնի տունը մի քիչ նորմալ վիճակի բերեն: Հիմա մեր երազանքը՝ էս մի փոքր սենյակի պայմանները ապրելուն հարմարացվի: Առաջ մի քանի տեղ դիմել էի, բոլորը մերժել են: Հատակը, պատերը ճաքած են, քանդվում են, գետնին ծակեր են, կռիսները ներս են մտնում: Փոքր սենյակ ա, սրա նորոգումը մեծ ծախսի չի լինի բարեգործ մարդու համար: Էս սենյակի վերանորոգումը էրեխեքիս երազանքն է, ես մեռնում եմ, որ գիտեմ չեմ կարա իրենց երազանքը կատարեմ: Ամբողջ կյանքս տանջվել եմ, ամուսինս հարբեցող էր, ինձ ծեծում էր, տունն էլ վառել էր: Մի էրեխես բարուրով՝ փախել եմ տնից: Սրա, նրա տանն էի ապրում: Դրանից պրծա, բայց կյանքի դժբախտություններից չպրծա»:


ՆԵԼԼԻ ԲԱԲԱՅԱՆ

«Առավոտ»

30.08.2018

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Հայկ says:

    Նման մարդկանց պետք է զրկել ծնողական իրավունքներից, իսկ երեխաներին փոխանցել պետության հսկողությանը, դա իհարկե քաղաքակիրթ երկրում, իսկ մեր մոտ նպաստ տալ որ մաման մազի ներկ առնի ու մատանի, մեկել հայոց ողբը դնի թե երեխեքը սոված են…

  2. Մանվել says:

    Այսօր Ես Վանաձորում ականատես եղա մի շատ առտարոց դեպքի մի ընտանիք 5 մանկահասակ աղջիկներով իրենց մոր հետ ապրում են գոմում կովերի հետ; Չեք հավատում զանգեք ինձ եկեք Վանաձոր և ականատեսը եղեք հեռ 094522030 Մանվել

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031