«Առավոտի» «Շարժում-30» շարքն ընդհատվեց հեղափոխական իրավիճակի հետ կապված: Մենք նախատեսել էինք նաեւ առանձին անդրադառնալ ազգային փոքրամասնություններին, ովքեր եղան մեր կողքին Արցախյան շարժման, պատերազմի օրերին:
Պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանի հովանավորությամբ լույս է տեսել համահեղինակներ Ազիզ եւ Հասան Թամոյանների՝ «Եզդիների զորավար Ազիզ Թամոյանի հրամանատարությամբ Ջանգիր աղայի անվան եզդիական ռազմական ջոկատը արցախյան պատերազմում» (1991-2016թթ.) գիրքը:
Աշխարհի եզդիների ազգային միության նախագահը ներկայացնում է 1988 թվականը, երբ տասնվեց օրով եզդիների 15 000 ստորագրություններով մեկնում է Մոսկվա, եզդիների ազգային պատկանելության հարցը լուծելու նպատակով:
Նախկին ՍՄԿԿ կենտկոմում, ԽՍՀՄ Գերագույն խորհրդի նախագահությունում հանդիպումների արդյունքում, առաջին անգամ միջազգայնորեն եզդիները էթնիկապես ճանաչվում են եզդի:
Մեկ տարի հետո Հայաստանում ստեղծվում է Եզդիների ազգային միությունը, իսկ 1997թ.-ին՝ Աշխարհի եզդիների ազգային միությունը:
Արցախյան շարժումը հնարավորություն տվեց եզդիներին ունենալ իրենց լրատվամիջոցները, հաղորդաշարերը, իսկ դեկտեմբերյան երկրաշարժի օրերին Ա. Թամոյանի գլխավորությամբ ստեղծված ջոկատը մասնակցել է Սպիտակում փրկարարական աշխատանքներին:
Գրքում անդրադարձ կա նաեւ այն մասին, թե ինչպես եզդի բազմանդամ ընտանիքը՝ Վիլիկ Մաշկարյանի, աղետից հետո բնակվել է Ա. Թամոյանի տանը:
Այս էթնիկ համայնքի 500 ազատամարտիկներ մասնակցեցին Արցախյան ազատամարտին՝ 30 զոհ տալով: Այսօր Եռաբլուր Պանթեոնում հանգչում են հերոսներից հինգը՝ Իսմայիլ Շառոյանը, Թեմուր Զեյդինյանը, Գագիկ Հաջոյանը, Մշիր Նադոյանը, Համլետ Հաջոյանը:
Չի մոռացվել նաեւ, որ պատերազմի օրերին եզդի ազգաբնակչությունից հանգանակվեց վեց միլիոն խորհրդային ռուբլի:
«Որոշ հարցեր լուծելու համար որոշվեց հանդիպել Վազգեն Սարգսյանի հետ: Ազիզ Թամոյանը նպատակ ուներ եզդիական առանձին ջոկատ կազմակերպելու մասին խոսել Վ. Սարգսյանի հետ: 1992 թվականն էր: Պետք է ասել, որ եզդիական եւ հայկական ջոկատները մինչ այդ գործում էին ինքնուրույն՝ պետությանը չէին ենթարկվում:
-Ես, իհարկե, հասկանում եւ հարգում եմ Ձեր առաջարկությունները, մեկ կարեւոր հանգամանք ի նկատի ունենալով եւ հաշվի առնելով. Աստված մի արասցե, հանկարծ մեկ եզդի գերի ընկնի կամ զոհվի, ոչ միայն Ադրբեջանում, այլ աշխարհում այդ ամենն այլ կերպ կմեկնաբանվի: Կասեն հայերն ու հայ պետականությունը դիտավորյալ են այդպես վարվել:
Իհարկե, Ազիզ Թամոյանը ըմբռնումով մոտեցավ եւ ընդունեց սպարապետի ասածը, մի անգամ կրկնեց, որ Հայաստանի եզդի համայնքը չի թուլացնի իր մասնակցությունը արցախյան ազատամարտին, ինչպես նաեւ իր նյութական եւ բարոյական աջակցությունը»,-պատմում է համահեղինակ Հ. Թամոյանը:
Հիշվում է Արծվաշենի անկումը, թե ինչպես է հրաման տրվել եզդիական ջոկատի պետ Սուրիկ Դավթյանին, դուրս գալ Արծվաշենից: Այդ ժամանակ էլ զոհվում է Արտաշատի տարածաշրջանի Ջրաշեն գյուղի ծնողների միակ զավակը՝ եզդի Գոգոն:
Գոգոյին հրաժեշտ են տալիս գյուղում, Ազատության հրապարակում:
Եզդիների կամավորական ջոկատները գտնվել են նաեւ Ոսկեպարում, Սարագյուղի անտառներում: Ազիզ Թամոյանի որդի Սահիդը դառնում է կույր պատահականության զոհ:
Ա. Թամոյանը իր հիշողություններում անդրադարձել է նաեւ Երասխավանի ռազմական գործողություններին: Եզդի զինյալների կողքին կռվել է ԵՊՀ դասախոս, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Գառնիկ Ասատրյանը: Հետագայում Գ. Ասատրյանին շնորհվում է Եզդիների ազգային հերոսի կոչում:
Հիշենք, որ հենց այդ մարտերի ժամանակ զոհվեց Հայաստանի ազգային հերոս Մովսես Գորգիսյանը, ում մասին հիշատակություն կար նաեւ գրքում:
2015թ. դեկտեմբերի 19-ին լրատվամիջոցներով տարածվեց հայ-ադրբեջանական սահմանին դիվերսիոն գործողության ժամանակ զոհված մարզիկի՝ Սիդար Իգորի Ալոյանի մասին: Երկու ամիս հետո զոհվեց տան միակ ճրագը՝ Թեմուր Շարիի Սլոյանը: Եզդի համայնքը հիշում է ապրիլյանի հերոսներին՝ Քյարամ Սլոյանին, Համլետ Հաջոյանին:
Գրքում տեղ են գտել մարտական գործողությունների եզդի մասնակիցների ցուցակները, զինկոմներից ստացված պատասխանները՝ տարածք առ տարածք, կան նաեւ բացառիկ լուսանկարներ:
ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ
«Առավոտ»
30.08.2018