ՀՀԿ-ն քաղաքական ինքնասպանություն կգործի, եթե Քոչարյանի վրա «խաղադրույք» դնի
Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հարցազրույց է տվել ռուսաստանյան HTB հեռուստաընկերությանը: Այդ հարցազրույցում առանձնապես նորություններ չկան, բայց կան որոշ նրբերանգներ:
Քոչարյանը հարկ է համարել շեշտել, որ՝ Սերժ Սարգսյանի պատճառով է Հայաստանում գարնանը թավշյա հեղափոխություն տեղի ունեցել, քանի որ ըստ Քոչարյանի՝ Սերժ Սարգսյանը «չպետք է սահմանադրական փոփոխություններ կատարեր», «նա չպետք է փորձեր իշխանությունը պահել իր ձեռքում՝ իր աթոռից նստելով վարչապետի աթոռին», ասել կուզի՝ այդ կերպ Սերժ Սարգսյանը իշխանություն է պահել: Սա ասում է մի մարդ, որը 1998-ին եւ 2003-ին կեղծված ընտրություններով է իշխանության ղեկին մնացել:
Իհարկե, Սերժ Սարգսյանի իշխանավարման տարիներին մի քանի հարցազրույցներով Ռոբերտ Քոչարյանը ցույց էր տալիս, որ դժգոհ է այդ իշխանությունից, ՀՀԿ-ականներն էլ երբեմն-երբեմն «ըստ արժանվույն» հակադարձում, պատասխանում էին Քոչարյանին: Բայց փոխվեցին ժամանակները: ՀՀԿ-ականներն ընդհանուր «թշնամի» են համարում Փաշինյանի կառավարությանը, եւ ըստ ամենայնի, նրանցից որոշները ներել են Քոչարյանին:
Քոչարյանը հայաստանյան իշխանություններին մեղադրեց «անզուսպ պոպուլիզմի» եւ պետական կառավարման մեխանիզմի «թյուրըմբռնման» մեջ, ասելով. «Այն, ինչ տեղի է ունենում Հայաստանում, անզուսպ պոպուլիզմ է, որի հետեւանքները դեռ երկար ժամանակ զսպելու են երկրի զարգացումը: Սա միայն փորձի բացակայության խնդիր չէ, սա պետական կառավարման մեխանիզմի, իշխանության ճյուղերի տարանջատման, գործադիր եւ օրենսդիր իշխանությունների եւ նրանց հարաբերությունների տոտալ թյուրըմբռնման հարց է»։
Մարտի 1-ի գործի թարմացումը, որքան էլ Քոչարյանը փորձի իրեն անմեղ ներկայացնել, իրեն «շոկի մեջ ընկած» ձեւացնել, նա չէր կարող բացառել, որ Հայաստանում այն ժամանակվա ընդդիմությունը, եթե մի օր գար իշխանության՝ չէր փորփրելու այդ գործն ու իր անունը չէր շոշափելու:
Որքան էլ Քոչարյանը քննադատում է ներկայիս իշխանությանը, այսուամենայնիվ, նա զուսպ էր Փաշինյանի նկատմամբ, ու սա կարելի է հասկանալ: Քոչարյանը, թեեւ ինքնապաշտպանության արդյունքում հայտարարեց քաղաքականություն վերադարձի մասին, ամեն դեպքում նա դեռ պետք է շնորհակալ լինի Փաշինյանին՝ իրեն քաղաքականություն վերադարձնելուն նպաստելու համար:
Խոշոր հաշվով կատարվել է Քոչարյանի երազանքը: Նա Փաշինյանի կառավարման արդյունքում Մարտի 1-ի գործի շրջանակներում վերադարձել է քաղաքականություն: Պատահական չէր նրա հետեւյալ ուղերձը՝ «ես հասկանում եմ, որ կարող եմ դառնալ բավականին լուրջ կոնսոլիդացիոն կենտրոն այն մարդկանց համար, ովքեր տեսնում են այժմ առկա խնդիրները»: Հիմա թե՛ նախկին, թե՛ ներկա իշխանություններից «խռոված» քաղաքական գործիչներն ամեն մեկն իր շահերից դրդված կսկսի հիշել Քոչարյանի իշխանավարման «բաղձալի տարիները»:
Ի դեպ, հաշվի առնելով այն հանգամանքը, որ Քոչարյանը որոշել է հիշեցնել իր իշխանավարման «ոսկե» տարիները, նա պետք է պատրաստ լինի լսել նաեւ իր տասնամյա իշխանավարման շրջանի մասին ամեն ինչ՝ ռազմավարական օբյեկտների սեփականաշնորհումից, տնտեսական կասկածելի գործարքներից մինչեւ բարձրաստիճան պաշտոնյաների առեղծվածային սպանությունների մասին հարցադրումները: Այնպես որ, Քոչարյանին զուր է թվում, թե մեր հասարակության մեծ մասը ամնեզիայից է տառապում:
Ինչ վերաբերում է ՀՀԿ-ին, ապա այստեղ իրադրությունն իսկապես բավական բարդ է: ՀՀԿ-ից հնչում են հայտարարություններ, թե պատրաստ են համագործակցել Քոչարյանի հետ: Կամ` գուցե որոշ ՀՀԿ-ականներ Ռոբերտ Քոչարյանին արդեն առաջնո՞րդ են համարում:
ՀՀԿ-ում, եթե ցանկանում են ապացուցել, որ քաղաքական ուժ են՝ նրանք իսկապես կարող են վերակազմակերպվել, դառնալ ընդդիմադիր իրական ուժ, հանդես գալ այս կամ այն խնդիրների վերհանմամբ, լուծումների առաջարկով: Բայց առաջ է գալիս ավանդական հարցը՝ «ումո՞վ»… Ռոբերտ Քոչարյանո՞վ: Դա կնմանվի իշխանափոխությունից հետո ՀՀԿ-ին վերջնականապես տապալելու գործընթացում վերջին մեխի հարվածին:
Եթե այսքանը ՀՀԿ-ում չեն գիտակցում՝ միայն ափսոս: «Խաղադրույք» դնել մի քաղաքական գործչի վրա, որն այդպես էլ 10 տարի օտար մնաց ՀՀ քաղաքացիների ընկալման մեջ՝ ուղղակի քաղաքական ինքնասպանություն է (Քոչարյանն այնքան օտար է մեզ, որ այսքան տարի այդպես էլ դեռ չի սովորել, որ պետք է ասել՝ Ազատության հրապարակ, ոչ թե՝ «Թատերական հրապարակ»):
ԷՄՄԱ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ
«Առավոտ», 30.08.2018