Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Հազարամյակների խորքից եկող Արցախի բարբառը որպես բնիկ ժողովրդի՝ արցախահայության անհերքելի վկայություն

Օգոստոս 31,2018 13:00

Այսօրվա Ադրբեջանի պետական այրերն ու քարոզչությունն անընդհատ պնդում են, թե Արցախի ողջ բնակչությունը 1828 թվականին գաղթել է Իրանից, ու այն կազմակերպել էր Իրանում Ռուսաստանի դեսպան Գրիբոյեդովը: Իրականում այդ ժամանակ Իրանի Ուրմիա լճի շրջակայքից Արցախ են գաղթել երկու գյուղերի՝ Մարաղայի եւ Չայլուի բնակիչները, որոնք մինչեւ ադրբեջանական բանակի կողմից 1992թ. ապրիլի 10-ի կոտորածը, օկուպացումն ու գյուղերի հիմնովին ոչնչացումը խոսում էին արեւմտահայերենի իրենց բարբառով, որը զգալի տարբերվում է արցախյան բարբառից: Իսկ արցախյան բարբառն ընդգրկում է ոչ միայն պատմական Արցախը, այլեւ Ուտիքը, Գանձակը, Կուր գետի ողջ ձախափնյակը՝ իրենց հարյուրավոր գյուղերով ու քաղաքներով:

Եվ ահա ադրբեջանական քարոզչությունը համառորեն փորձում է թյուրիմացության մեջ գցել քաղաքակիրթ աշխարհին ու իր ժողովրդին, այս եկու գյուղերի օրինակով պնդելով, թե ողջ Արցախի 250 գյուղերի, ավանների եւ քաղաքների բնակիչները եկվոր են: Ըստ ադրբեջանցի «գիտնականների», նրանք Արցախ են եկել ու միանգամից սկսել խոսել Արցախի բարբառով: Երեւի արցախյան հողը, լեռները նման տարօրինակ հատկություն ունեն: Ով որ ոտք է դնում հայոց այս եզերքը, անմիջապես Արցախի բարբառով է խոսում, հարազատ մնում այդտեղի ավանդույթներին: Դա, անշուշտ, չի վերաբերում քոչվորների այն խմբերին, որոնք այստեղ գաղթելով, ոչ միայն չեն յուրացրել արցախյան բարբառը, այլեւ հարազատ են մնացել թուրքերենի իրենց խոսվածքին ու ավանդույթներին, սովորություններին:

Իսկ ինչ է իրենից ներկայացնում արցախյան բարբառը: Այն սերտ առնչություն ունի հայերենի գրաբարի՝ հայկական գրական հին լեզվի հետ, որը գոյություն է ունեցել մինչ քրիստոնեության ընդունումը Մեծ Հայքում: Այս լեզվով գրել են Մաշտոցը, Խորենացին, Բուզանդը, մյուս բոլոր պատմիչները, Դավթակ քերթողը, Նարեկացին: Արցախի բարբառը միակն է հայոց 52 բարբառների մեջ, որը պահպանել է գրաբարյան հասկացություններ, բառեր, արտահայտություններ, քերականական ձեւեր:
Արցախյան բարբառի հարստությունն ու ճկունությունը հիացմունք էր պատճառել բազելցի ավետարանչական միսիոներներ Զարեմբային ու Դիտրիխին, որոնք 1823 թվականին Շուշիում դպրոց ու տպարան էին հիմնել, կազմել էին գրական հայերենի եւ արցախյան բարբառի բառարան: Նրանք ծրագրել էին արցախյան բարբառը հայկական գրական լեզու դարձնել, որն, անշուշտ, զգալի կհարստացներ հայոց լեզուն:

Անտեսելով Արցախի հայության բնիկ լինելը, մերժելով անհերքելի հանգամանքները, արցախահայության հազարամյակների խորքից եկող լեզվական, մշակութային, պաշտամունքային ժառանգությունը, ադրբեջանական քարոզչությունն ամեն ինչ հորինում է՝ մոլորեցնելով, կեղծելով պատմությունը, իր ժողովրդին մղում անիմաստ պատերազմի: Իսկ որ պատմական աղբյուրներում, հավաստի փաստաթղթերում Արաքս գետի ձախ կողմում ադրբեջանցի ժողովրդի մասին խոսք անգամ չկա, լռության են մատնում: Այդ մասին ակնարկելն անգամ Ադրբեջանի Հանրապետությունում վտանգավոր է:

Բաքվի քարոզչությունն արգելք է դրել Ռուսաստանի կայսր Պետրոս Առաջինի՝ թիվ 255, 1724 թ. նոյեմբերի 10-ի հայ ժողովրդին հղած ուղերձի վրա, որտեղ ինքնակալը Արցախի բնակչությանն առաջարկում է թողնել իրենց հայրենի երկիրը, տեղափոխվել ու բնակություն հաստատել Պարսկաստանից ռուսական բանակի խլած Կասպից ծովի Դերբենտից Բաքու եւ Գիլան ու Մազանդարան ձգվող արեւմտյան եզերքում: Միեւնույն ժամանակ հրամաններ է ուղարկել Դերբենտի, Բաքվի, Գիլանի եւ Մազանդարանի պարետներին եւ զորքերի հրամանատարներին՝ ամեն կերպ աջակցել այդ տարածքները գաղթող հայությանը: Ռուսաց կայսրը նպատակ ուներ կասպիականի արեւմտյան տարածքներում, Դերբենտից մինչեւ Գիլան ռուսական խնամակալության տակ հիմնել Հայկական թագավորություն:

Հայտնի է, որ Արցախի եւ Ուտիքի հայությունը մերժեց Պետրոս Մեծի առաջարկը, պատասխանելով, որ չի կարող թողնել նախնիների գերեզմանները, հայրենի օջախները, եկեղեցիներն ու վանքերը, լեռներն ու հանդերը ու այլ տեղ տեղափոխվել:

Արցախցիներն այդ տարիներին ստեղծել էին Հայ Սղնախներ ռազմականացված պետությունը, որը գլխավորում էին Ավան Յուզբաշի զորավարն ու Եսայի Հասան-Ջալալյան կաթողիկոսը: Հայ Սղնախների զորքերը հաջողությամբ ետ էին մղում Օսմանյան Թուրքիայի կանոնավոր բանակի հարձակումները:
Այս փաստաթղթերում խոսք անգամ չկա ադրբեջանցիների կամ միջինասիական թափառական ցեղերի մասին, քանի որ նրանք Արաքս գետի ձախակողմյան տարածքներում դեռեւս չէին հաստատվել: Անշուշտ, եթե լինեին, ապա ինքնակալը կնշեր նրանց հետ հաշտ ու խաղաղ ապրելու մասին:

XVII-XXVIII դդ. թուրքական, վրացական, պարսկական աղբյուրները իրենց հերթին գրելով Արցախի, Ուտիքի հայերի մասին, երբեք չէին հիշատակում թուրքերին կամ թաթարներին (Ադրբեջան անվանումը քաղաքական նպատակներով այստեղ ներդրվեց թուրքերի կողմից), քանի որ նրանք չկային այդ տարածքում: Այս տեսանկյունից Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հայտարարություններն ուղղակի որպես քաղաքական լկտիություն եւ պատերազմի հրահրում են որակվում:

ԲԱԿՈՒՐ
28.08.2018

 

«Առավոտ»

30.08.2018

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Մարինա says:

    Պադե եկիք մեր բարբառը սարքինք պետական լուզու, էլ հորընք գրական հայերենավ մեզ չրչարում։ Էդքան ղաշանգա, բայց մինչեվ մհենգ Ղարաբաղ մարդ կա, վեր հըմաչումա թա բարբառավ խոսե, ուրան մեջումը օզումա ավելի կուլտուրնի ուրվա, բայց տեռնումչի, մինա։ Լհա մինակ էն, վեր հարյուրին ասումն հյարուր, տա արդեն բոլա։ Վ իտոգե տեռնումա էն, վեր վեչ նորմալնի բարբառա գիդում, վեչել գրական, լհա լհանդի տեղը տեռնումա ուրան խայտառակ ըրած)))

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031