Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԱՅՐԱՆՈՒՆՆԵՐ

Օգոստոս 31,2018 10:30
Armen Shekoyan

ԱՐՄԵՆ ՇԵԿՈՅԱՆ

ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ

ԳԻՐՔ ՏԱՍՆԻՆՆԵՐՈՐԴ

Գլուխ երեսուներեքերորդ

 

ՀԱՅՐԱՆՈՒՆՆԵՐ

Մոսկվայի  «Ուկրաինա» հյուրանոցի Հրանտ Մաթեւոսյանի լյուքսում տեղի ունեցած գիշերային էդ ամբողջ խոսակցությունն էլ է անցյալ դարի ութսունականների սկզբներին տեղի ունեցել, եւ սա հաստատ եմ ասում, որովհետեւ անցյալ դարի ութսուներկու եւ ութսուներեք թվականներին Մոսկվայի Գորկու անվան ինստիտուտի գրական բարձրագույն դասընթացներում էի սովորում, այլապես բախտ չէի ունենա էդ գիշեր հայտնվել Հրանտ Մաթեւոսյանի էդ լյուքսում ու երեւելիների էդ միջավայրում: Ինչ վերաբերում է Գալշոյանի ու Ֆրունզիկի պատմությանը, էդ պատմությունը եւս էդ թվականների պատմություն է, եւ էդ պատմության մեջ ձեր խոնահ ծառան նույնիսկ անձամբ է մասնակցություն ունեցել, ընդ որում՝ Շառոյան Ռոլանդի միջոցով ու իր շնորհիվ եմ մասնակցություն ունեցել, եւ չնայած անձամբ եմ Գալշոյան Մուշեղից էդ պատմությունը լսել, երեւի դուք էլ եք զգում, որ դժվարանում եմ էդ պատմությունն սկսել, եւ Հրանտի լյուքսում էլ էի դժվարանում էդ պատմությունն սկսել, բայց պիտի հաճույքով հիշեմ, որ էդ պատմությունը Հրանտի լյուքսում պատմելով՝ երեւելիների վրա շատ լավ տպավորություն թողեցի, եւ բոլորն ու մանավանդ Խորեն Աբրահամյանը լիաթոք ծիծաղում էին, եւ չնայած Հրանտ Մաթեւոսյանն էդ պատմությունն առանց իմ պատմելու էլ գիտեր, ինքն էլ էր լիաթոք ծիծաղում, եւ չնայած վախենում էի, որ Ֆրունզիկն էդ պատմությունիցս կնեղանա, ու երեւի էդ էր պատճառը, որ էդ գիշեր դժվարանում էի էդ պատմությունն սկսել, հիմա շատ լավ  հիշում եմ, որ էդ պատմելուս ընթացքում ու պատմելուցս հետո ամենից ուժեղ ու ամենից լիթոք հենց Ֆրունզիկ Մկրտչյանն էր ծիծաղում, եւ չնայած ինքը լիաթոք ծիծաղում էր, պատմելուցս հետո լիաթոք ծիծաղալով ասաց, որ էդ պատմությունը ծայրեծայր Մուշեղն է բստրել,  եւ ծիծաղելով ավելացրեց, որ ինքը Մուշեղից չի նեղանում, որովհետեւ ինքը Մուշեղին շատ է սիրում, եւ ինքը Մուշեղին շատ է սիրում, որովհետեւ իր լուսահոգի հոր անունն էլ է Մուշեղ, եւ Ֆրունզիկը Հրանտին ասաց՝ «ինձ Մհեր չեն ասում, բայց Մհեր Մուշեղիչ ասում են» եւ մի քիչ մտածեց ու ավելացրեց՝ «թատրոնի ջահելներն ու կինոստուդիայի ռուսախոսներն ինձ Մհեր Մուշեղիչ են ասում», եւ Հրանտը մի քիչ մտածեց ու փռթկացնելով ասաց՝ «կինոստուդիայի ռուսախոսներն ինձ էլ Իգնատիչ են ասում» եւ մի քիչ էլ մտածեց ու ժպտալով Ֆրունզիկին հարցրեց՝ «որ քեզ Մուշեղիչ են ասում, քեզ լավ ե՞ս զգում», եւ Ֆրունզիկը մի քիչ մտածեց ու ասաց՝ «որ լուսահոգի հորս անունը հիշում են, ո՞նց կարամ ինձ լավ չզգամ» եւ մի քիչ էլ մտածեց ու ժպտալով Հրանտին հարցրեց՝ «քեզ որ Իգնատիչ են ասում, քեզ լավ չես զգո՞ւմ», եւ Հրանտը բավական երկար մտածեց ու ասաց՝ «որ կինոստուդիայի քաղքենիներն ու ռուսախոսներն են ասում, ինձ լավ չեմ զգում», եւ Ֆրունզիկը զարմացած նայեց Հրանտին ու հարցրեց՝ «ինչի էլ ուրիշ ո՞վ ա քեզ Իգնատիչ ասում», եւ մինչ Հրանտը կմտածեր, Փելեշյանը Ֆրունզիկին ասաց՝ «Մոսկվայում բոլորն են Հրանտին Իգնատիչ ասում»:

 

Շարունակությունը՝ հաջորդ ուրբաթ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031