Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Միջավայրային նախապայմաններ

Օգոստոս 30,2018 21:40

Բաքվում Թուրքիայի վարչապետի արած հայտարարությունը Երեւան-Անկարա հարաբերությունների կարգավորման ուղղությամբ հին հանկերգի վերահնչումն է։ Յըլդըրըմը պարզապես վերաբանաձեւել է նախապայմանային քաղաքականության առաջին բաղադրիչը։ Եթե Հայաստանը «չվերադարձնի Ադրբեջանի օկուպացված հողերը», ապա հայ-թուրքական հարաբերությունները չեն կարող կարգավորվել։ Նա խոսել է նաեւ հայ-ադրբեջանական և հայ-թուրքական հարաբերությունների մեկ ամբողջություն լինելու մասին, պարզ դարձնելով, որ Անկարա- Երեւան հարաբերությունների կարգավորման նախափուլը Բաքու-Երեւան հարաբերությունների նորմալացումն է։ Եւ ուրեմն՝ նախապայմանային նախապայմանը հայկական ուժերի հեռացումն է Արցախից։ Ստացվում է այն, որ Անկարայի կիրառած նախապայմանային քաղաքականության առաջին բաղադրիչը իր հերթին ունի նախապայմաններ. հայկական ուժերի հեռացում Արցախից, ապա Բաքու-Երեւան հարաբերությունների բնականոնացում, որից հետո Անկարա-Երեւան հարաբերությունների կարգավորում։ Միեւնույն հայտարարությունում Թուրքիայի վարչապետը անարդյունավետ, հետեւաբար հեղինակազրկված կառույց է համարում ՄԱԿ-ը։ Իր համոզմամբ, ՄԱԿ-ը գնալով  վերածվում է անարդյունավետ կառույցի։ «Այն արդեն անհույս է միջազգային հարցերը լուծելու հարցում։ Պատճառը՝ ՄԱԿ-ի կառուցվածքն է։ Այդ կառուցվածքով  խաղաղություն ապահովել հնարավոր չէ։ Այդ մեխանիզմները անպայման պետք է վերանայել, որպեսզի տարածաշրջանում և ողջ աշխարհում հնարավոր լինի հեշտությամբ խաղաղություն ապահովել»։

Թուրքիան եւ Ադրբեջանը մի ամբողջություն համարող Թուրքիայի վարչապետը այստեղ Բաքվի արտաքին քաղաքականությունում երեւացող ռազմավարական վարքագծից շեղում է կատարում։ Բաքուն տարիների հետեւողականությամբ բանակցային գործընթացը փորձում էր ԵԱՀԿ-ից տեղափոխել ՄԱԿ տարբեր պատճառներով. սկսած՝ Անկարայի ազդեցությունը այդ միջավայրում գործոն նկատելուց մինչեւ ՄԱԿ-ի անդամ իսլամական պետությունների մոտ կրոնական պատկանելիության շահարկման առիթների գործադրման հավանականությունները գնահատելով։ Եւ, եթե ԵԱՀԿ-ը եւ այժմ էլ ՄԱԿ-ը սպառված կառույցներ են, ապա միջազգային ո՞ր ատյանը պիտի զբաղվի հակամարտության լուծման գործընթացով։ Մեկ ամբողջություն կազմող երկու երկրների պատկերացմամբ, գուցե իսլամական վեհաժողովը…

Յըլդըրըմի շեղումը, սակայն, ըստ էության, ոչ թե հարաբերակցաբար Բաքվին է վերաբերվում, բանակցային ձեւաչափի առումով, այլ հենց ինքնապահվածքին։

Ընդամենը մի քանի ամիս առաջ, մայիսին, պաշտոնական Անկարան արձագանքել էր ՀՀ վարչապետի՝ առանց նախապայմանների Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորմանը կողմ լինելու։

«Տեսնենք, եթե Հայաստանը Թուրքիայի նկատմամբ տարիներ շարունակ ունեցած թշնամական դիրքորոշումը փոխի, հրաժարվի Թուրքիայի տարածքային ամբողջականության ու սահմանների նկատմամբ ունեցած սխալ դիրքորոշումներից, հրաժարվի այդ ամենից, ցանկանա նոր էջ բացել, մենք էլ ուսումնասիրելով մանրամասները, համարժեք պատասխան կտանք: Մենք չենք ցանկանում որեւէ մեկի, հատկապես մեր հարեւանների հետ թշնամություն անել: Եթե այդպիսի մոտեցում լինի, բնականաբար մեր պետության շահերի շրջանակներում կքննարկենք այն»:

Խոսքերը պատկանում են միեւնույն Յըլդըրըմին: Այսպես ուրեմն. Անկարան պատրաստ էր քննարկելու դիվանագիտական կապերի հաստատման Երեւանի մոտեցումները, եթե Երեւանը ճանաչի այսօրվա սահմանը եւ Թուրքիայի տարածքային ամբողջականությունը: Գեթ այս բանաձեւման մեջ Ցեղասպանության ճանաչման պահանջից հրաժարվելու ուղղակի պայման չկա. հրաժարման պահանջը հստակորեն տարածքայինին է վերաբերում:

Բայց ավելի կարեւորը այն էր, որ Յըլդըրըմը չէր ակնարկում Արցախի խնդրին եւ խոսում էր Թուրքիային վերաբերող հարցերից:

Որքան էլ հայտարարության միջավայրային տրամաբանությունը նկատի ունենանք եւ դրանով էլ բացատրենք Բաքվում հնչած միայն արցախյան նախապայմանի արծարծումը, այնուամենայնիվ միեւնույն պաշտոնյայի երկու հայտարարություններում ընդհանուր բաղադրիչ չկա։ Թուրքիայում նա պայմանականացնում էր տարածքային պահանջներից հրաժարման անհրաժեշտությունը, Բաքվում՝ Արցախի հարցի պայմանային  եւ միակողմանի զիջումներով

պատկերացված լուծումը։

Իհարկե, միջավայրի տրամաբանությունը ընկալելի է։ Դրա համար էլ չի բացառվում, որ Բաքվից դուրս Անկարան առնվազն նույն շեշտադրումներով չպայմանականացնի խնդիրը կամ էլ ընդհանրապես արցախյան բաղադրիչը չնշի Երեւան-Անկարա հարաբերություների կարգավորմանը միտված որեւէ նախաձեռնություն սկսելու համար։

Թուրքիայի նախապայմանային քաղաքականությունը ուժի մեջ է. փոփոխվում են նախապայմանների առաջնահերթությունները, շեշտադրումները, կետերից մեկը մի առիթով նշելով կամ չնշելով՝ խաղի ստանդարտ կանոնները։

 

ՇԱՀԱՆ ԳԱՆՏԱՀԱՐՅԱՆ

«Ազդակ» թերթի գլխավոր խմբագիր

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031