Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Եղել են դեպքեր, երբ իրենց կողմից մի տարբերակ է ներկայացվել, մեր կողմից՝ այլ. դա թափանցիկությունն է բարձրացնում». Տիգրան Մուկուչյան

Օգոստոս 30,2018 20:45

ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովն (ԿԸՀ) այսօր աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել Երևանի ավագանու արտահերթ ընտրություններում առաջադրված կուսակցությունների, կուսակցությունների դաշինքների և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ:

ԿԸՀ տարածած մամուլի հաղորդագրությունից այդպես էլ պարզ չդարձավ, թե, մասնավորապես ինչ հարցեր են քննարկվել:

Aravot.am-ը ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանից հետաքրքրվեց՝ փակագծեր կբացե՞ք ավագանու ընտրություններին մասնակից կուսակցությունների, դաշինքների և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ կոնկրետ ի՞նչ հարցեր են քննարկվել, Տիգրան Մուկուչյանը պատասխանեց. «Ընդհանուր հավաքվել էին առաջադրման փաստաթղթեր ներկայացնողները, իրենց հետ քննարկել ենք ընտրությունների նախապատրաստական աշխատանքները, անելիքները, ներկայացվել է, թե ինչ պետք է արվի: Լիազոր ներկայացուցիչների հետ քննարկվել է, թե աշխատանքի համակարգումն ինչպես պետք է լինի, կազմակերպական բնույթի այլ խնդիրներ»:

Ըստ ԿԸՀ նախագահի՝ նպատակն է՝ լինի այնպես, որ ԿԸՀ-ն և ընտրական հանձնաժողովներն ու գործընթացի մասնակից սուբյեկտները ոչ միայն իրազեկ լինեն ժամկետներին  ու անելիքներին, այլև ունենան պատշաճ հնարավորություն  այդ գործողությունները համապատասխան ժամկետներում իրականացնելու համար:

Հարցին՝ այս փուլում ի՞նչ խնդիրներ են առաջացել, Տիգրան Մուկուչյանը պատասխանեց. «Եղել են դեպքեր, երբ իրենց կողմից  մի տարբերակ է ներկայացվել տարբեր հարցերի վերաբերյալ, մեր կողմից այլ տարբերակ. դա մի ձևաչափ է, որով հանձնաժողովը լիազոր ներկայացուցիչների հետ, ըստ էության, փորձում է լրացուցիչ քննարկում ներկայացնել, ինչը թափանցիկությունն է բարձրացնում»:

Հետաքրքրվեցինք՝ ԿԸՀ-ն նախկինո՞ւմ էլ է նման պրակտիկա ունեցել, ԿԸՀ նախագահը պատասխանեց. «Մենք նախկինում ունեցել ենք նման պրակտիկա, ինչն այժմ ավելի խորացված է իրականացվում»:

Մեր հարցին՝ այս հանդիպումները մինչև Երևանի ավագանու արտահերթ ընտրությունների անցկացման օրը՝ սեպտեմբերի 23-ը, կլինեն շարունակակա՞ն, Տիգրան Մուկուչյանը պատասխանեց. «Իհարկե, շարունակական կլինեն ըստ անհրաժեշտության, եթե պետք էլ լինի, դրանք ավելի հաճախակի կարող են տեղի ունենալ»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031