Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ճապոնացի արվեստագետի յուրօրինակ նվերը Երևանին՝ մայրաքաղաքի հիմնադրման 2800-ամյակի առթիվ

Օգոստոս 30,2018 20:30

Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի տուրիզմի բաժնի նախաձեռնությամբ Երևանի հիմնադրման 2800-ամյակի առթիվ Երևանում գտնվող ճապոնացի հանրահայտ արվեստագետ, պրոֆեսոր Կունիտո Նագաոկան պատճենել է Երևանի «անձնագիր» համարվող ուրարտական սեպագիր արձանագրությունը, որը պահպանվում է «Էրեբունի» պատմահնագիտական թանգարանում: Արվեստագետը չինական ավանդական Տակու-Հոն դրոշմատպման եղանակով արտատպել է արձանագրությունը, ինչպես նաև Երևանի պատմության թանգարանում գտվող հայտնի խաչքարի մեկ օրինակ: Հարկ է նշել, որ այդ տեխնիկային այսօր հիմնականում տիրապետում են ճապոնացիները: Դրոշմատպման համար օգտագործվել է բարակ և ամուր թուղթ (բնական թելատու բույսերից պատրաստված) և համապատասխան ստվերաներկ (տուշ): Երևանում արվեստագետը օգտագործել է ճապոնական «տանգո» տիպի թուղթ, որը պատրաստվում է հատուկ պատվերով: Յուրաքանչյուր ձեռագործ դրոշմատիպ համարվում է բնօրինակ և արվեստագետի ստորագրությունն է կրում:

«Ես տպավորված եմ հայերի մշակութային, հոգևոր ավանդույթներով և ուզում եմ կենդանացնել ու փաստագրել հին խաչքարերի առաքելությունն իբրև քարե դրոշմատիպեր՝ նրանց վերադարձնելով ժամանակակից աշխարհ` իրենց ձևերի ամբողջ հարստությամբ և փորագրությունների ողջ նրբությամբ: Հատուկ ուզում եմ նշել, որ Երևանի հիմնադրման սեպագիր արձանագրությունը 21-րդ դարում յուրօրինակ արվեստի գլուխգործոցի մաս կարող է կազմել, չնայած, որ այն արվել է հազարամյակներ առաջ»,- նշել է ճապոնացի արվեստագետը:
Աշխատակազմի տուրիզմի բաժնի պետ Գևորգ Օրբելյանը, ողջունելով և շնորհակալություն հայտնելով ճապոնացի արվեստագետին նման յուրօրինակ նվերի համար, նշել է. «Երևանի համար այս տարին հոբելյանական է և յուրօրինակ այս նվերներն իսկապես խորհրդանշական են մայրաքաղաքի համար: Ըստ այդմ, դրանք անպայման կդառնան այլ երկրներում նախատեսվող ցուցահանդեսների կարևոր բաղադրիչներ՝ օտարազգիներին առավել հանգամանորեն ներկայացնելով հայկական մշակույթը»:

Ճապոնացի պրոֆեսորը արտատպած օրինակները հանձնել է Երևանի պատմության և «Էրեբունի» պատմահնագիտական թանգարաններին:

 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031