ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով միջոցներ են ձեռնարկվում՝ պարզելու կեղծ բանկային քարտով գումար կանխիկացնելու փորձ կատարելու դեպքի հանգամանքները:
2018թ. մայիսի 31-ին ՓԲԸ-ից ոստիկանության Կենտրոնական բաժին գրություն է ստացվել առ այն, որ Հյուսիսային պողոտա 1̸5Բ հասցեում տեղադրված բանկոմատից մայիսի 15-ին փորձ է կատարվել կեղծ բանկային քարտի միջոցով գումար կանխիկացնել. գործարքը տեղի չի ունեցել, քանի որ բանկոմատը քարտը կլանել է։
Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-177-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով, որով նախաքննությունն իրականացվում է Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում:
Նախաքննության ընթացքում ստացվել են բանկոմատի անվտանգության տեսախցիկների` կեղծ բանկային քարտի միջոցով կատարված գործարքի տեսագրությունը, ենթարկվել զննության:
Քրեական գործով բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ քննությունն ապահովելու նպատակով միջոցներ են ձեռնարկվում՝ տեսանյութում պատկերված անձին հայտնաբերելու, նրա մոտ կեղծ բանկային քարտը հայտնվելու հանգամանքները պարզելու ուղղությամբ։
Խնդրում ենք տեսապատկերված անձին ներկայանալ վարույթն իրականացնող մարմնին կամ ովքեր ճանաչում են նրան, որևէ տեղեկություն ունեն նրա ինքնության կամ գտնվելու վայրի մասին, հայտնեն ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին:
https://www.youtube.com/watch?v=u6Ys1YkdTdg
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ՀՀ քննչական կոմիտե