Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ովքե՞ր կարող են հավակնել Շիրակի մայր բուհի ռեկտորի պաշտոնին․ նոր պահանջներ են ներկայացվել

Օգոստոս 30,2018 18:22

Այսօր տեղի ունեցավ «Շիրակի պետական համալսարան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի հերթական նիստը։ Այն դռնբաց էր, հոգաբարձուների խորհրդի անդամներից բացի մասնակցելու էին եկել բուհի աշխատակիցներից շատերն ու ընդհանրապես հետաքրքրված անձինք, որը բուհի պատմության մեջ թերևս եզակի դեպք էր։

Օրակարգի հարցերից մեկը վերաբերում էր բուհի ռեկտորի ընտրության կանոնակարգի փոփոխություններին։ Այս հարցը կարելի է ասել ամենահուզողն էր ոչ միայն բուհի անձնակազմին, այլ գյումրեցիներից շատերին։ Վերջին շրջանում ռեկտորի պաշտոնին հավակնող տարբեր անձանց անուններ են շրջանառվում, սակայն անհայտ էր մնում՝ կարո՞ղ են նրանք հավակնել այդ պատասխանատու պաշտոնին, թե ՞ ոչ, բավարարո՞ւմ են սահմանված չափորոշիչները։

Այսօր հոգաբարձուների խորհուրդը երկարատև քննարկումներից հետո որոշեց «Շիրակի պետական համալսարան» հիմնադրամի կանոնադրության 56-րդ կետում փոփոխություններ մտցնել։

Ըստ առաջարկվող փոփոխության․«Ռեկտորի պաշտոնում կարող է ընտրվել Հայաստանի Հանրապետության այն քաղաքացին, ով ունի գիտական աստիճան, բուհում առնվազն 3 տարվա դասավանդման փորձ եւ վերջին 15 տարվա ընթացքում առնվազն 5 տարվա հանրային կառավարման կամ բարձրագույն կրթության համակարգում առնվազն 5 տարվա վարչական աշխատանքի ստաժ»:

Նշենք, որ հին տարբերակով Շիրակի պետական համալսարանի ռեկտորի պաշտոնին հավակնելը բավական դժվար էր, նույնիսկ կարծիքներ էին հնչում, որ այն «կարվել է համապատասխան մարդկանց հագով», որպեսզի ամեն մեկը չկարողանա երազել ռեկտոր դառնալու մասին։ Հին տարբերակով բավական խիստ չափորոշիչ էր սահմանվում․ «ՇՊՀ ռեկտոր կարող է առաջադրվել Հայաստանի Հանրապետության այն գործունակ չափահաս քաղաքացին, որն ունի գիտական աստիճան և վերջին 15 տարվա ընթացքում առնվազն 10 տարվա պետական կառավարման կամ բուհում վարչական աշխատանքի ստաժ»։

Հոգաբարձուների խորհրդի անդամներից ոմանց կարծիքով, պահանջվող չափորոշիչները մեղմացնելով՝ կունենան ռեկտորի պաշտոնին հավակնող ավելի շատ թեկնածուներ, կլինի առողջ մրցակցություն, հակառակ դեպքում՝ հավակնորդների թիվը կլինի սահմանափակ, ընտրությունը դժվար։ Իսկ թե ով կլինի ՇՊՀ ռեկտոր, սա շատ կարևոր է․ անհրաժեշտ է անհապաղ առողջացնել բուհի բարոյահոգեբանական մթնոլորտն ու վերջ դնել ինտրիգներին։

«Չգիտեմ ինչու մեզ սովորեցրել են կամ մենք սիրում ենք ամեն ինչ շապիկով կարել, հլը վադալազ ենք սարքում, որ քիփ կապնվի, մկանները երևան, այդ վիճակում ենք անընդհատ մեզ դնում։ Սխալ մոտեցում է, այսօրվա մեր իրողություններում ինչ-որ մեկի կամ չորս հոգու վրա շապիկ կարելը, դրա պահանջներով էդ մարդկանց բերել, հարցազրույց անելը, սխալ եմ գտնում», -նման կարծիք հնչեցրեց հոգաբարձուների խորհրդի անդամներից մեկը։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031