Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ԿԳ նախարարը. «Ես դեմ չեմ սև ու սպիտակ համազգեստին, ես դեմ եմ դրա պարտադրանքին»

Օգոստոս 30,2018 17:49

Կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանն օգոստոսյան խորհրդակցությունների շրջանակում խորհրդակցություն է անցկացրել Երևանի ավագ, մասնավոր և հատուկ դպրոցների տնօրենների հետ: Անդրադառնալով 2018-2019թթ. նոր ուսումնական տարվա նախապատրաստական աշխատանքներին` նախարարը նշել է, որ այս տարի ուսումնական պլանի փոփոխություն տեղի չի ունեցել` հաշվի առնելով, որ բովանդակային փոփոխությունների համար ժամանակ է պահանջվում: Սակայն այժմ ԿԳ նախարարությունում ակտիվ քննարկումներ են ընթանում մի շարք ընթացակարգերի և առարկայական չափորոշիչների ուղղությամբ: Նախարարի տեղեկացմամբ` կառավարության հաստատմանն է ներկայացված դասարանների ձևավորման կարգը, որտեղ սահմանվում է աշակերտների միջին և առավելագույն խտությունը: Գալիք տարվա սկզբից փոփոխություններ են նախատեսված դպրոցների ֆինանսավորման կարգում: Ֆինանսավորման նոր բանաձևով կբարելավվի հատկապես մինչև 300 աշակերտ ունեցող դպրոցների վիճակը, քանի որ աշակերտների թվից բացի, հատուկ գործակից կկիրառվի նաև ըստ դասարանների թվի: Արայիկ Հարությունյանի տեղեկացմամբ արդեն փոխվել է տնօրենների հավաստագրման կարգը, այժմ քննարկվում է տնօրենի ընտրության և նշանակման կարգի փոփոխությունը:

Մասնավորապես նախատեսվում է տնօրենի թափուր տեղ առաջանալու դեպքում մինչև մրցույթ հայտարարելը հրաժարվել ժամանակավոր պաշտոնակատարի նշանակման պրակտիկայից և պարտականությունների կատարումը վերապահել դպրոցի փոխտնօրենին: Վերանայվելու է նաև ուսուցիչների ատեստավորման համակարգը. ներդրվելու է «Ուսուցիչ» համակարգը, որն ենթադրում է մասնագիտական կամավոր ատեստավորում և արդյունքում հնարավոր կլինի աշխատավարձի մինչև 50 տոկոս բարձրացում ունենալ: ԿԳ նախարարի հավաստմամբ, նշված բոլոր փոփոխություններն իրականացվել են հանրային և մասնագիտական շրջանակի դժգոհությունների հիման վրա: Արայիկ Հարությունյանը ընդգծել է, որ առաջիկա տարիներին կարևոր համակարգային խնդիրներից մեկն անցումն է համընդհանուր ներառման. «Այն հասարակությունները, որոնք անցում են կատարել ներառման, ունեն բարձր արժեքային համակարգ և մենք խնդիր ունենք դառնալու նման հասարակություն»,- ընդգծել է ԿԳ նախարարը: Անդրադառնալով դպրոցական համազգեստի խնդրին` նախարարը ևս մեկ անգամ ընդգծել է, որ պարտադրանքն անընդունելի է. «Ես դեմ չեմ սև ու սպիտակ համազգեստին, ես դեմ եմ դրա պարտադրանքին: Եթե որևէ դպրոցի ծնողական խորհուրդ կորոշի նման համազգեստ ունենալ, ես խնդիր չեմ տեսնում: Ինձ համար նաև անընդունելի է այն մոտեցումը, թե ազատ ոճի համազգեստը բացասական է ազդելու կարգապահության վրա: Անգամ խորհրդային տարիներին, երբ բոլորը միասնական համազգեստ էին կրում, կային կարգապահ և անկարգ աշակերտներ` դա կապ չուներ համազգեստի հետ»,- նշել է նախարարը: Անդրադառնալով ավագ դպրոցների ֆինանսավորմանը` նախարարը նշել է, որ տարեսկզբին առաջացած թերֆինանսավորման ճեղքվածքը կլրացվի, որպեսզի դպրոցների բնականոն գործունեությունը չտուժի: Խորհրդակցության ընթացքում նախարարը պատասխանել է տնօրենների հարցերին և, ամփոփելով քննարկումը նշել, որ ավագ դպրոցներին տնօրենների հետ քննարկումները ավելի ինտենսիվ են դառնալու:

 ՀՀ կրթության և գիտության նախարարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031