Վանի Աղթամար կղզու Սուրբ Խաչ եկեղեցուն կից հայկական գերեզմանոցը վերածվել է ժամանցային վայրի:
Չնայած որ կղզում կան անվտանգության աշխատակիցներ, այնուամենայնիվ, զբոսաշրջիկները քայլում են գերեզմանոցի միջով և նույնիսկ զբոսախնջույք անում և աղտոտում տեղանքը:
10-րդ դարի քանդակագործությանը բնորոշ մոտիվներով քանդակված շիրմաքարերի մեծ մասն այժմ ավերված է:
Բացի այն, որ զբոսաշրջիկները ժամանցային վայրի են վերածել հայկական պատմական գերեզմանոցը, նաև մեծ վնաս են հասցնում առանց այդ էլ կիսաքանդ շիրմաքարերին:
Այն զբոսաշրջիկները, ովքեր պահանջում են հարգել շիրմաքարերը, հայտնում են, որ Թուրքիան գիտակցելով, որ եկեղեցու շրջակայքը աղտոտվում է և վնաս հասցվում թե’ եկեղեցուն և թե’ շրջակայքում գտնվող գերեզմանոցին, դիտավորյալ չի վերահսկում:
Չնայած այս ամենին, պետությունը մեծ գումարներ է վաստակում կղզի այցելող զբոսաշրջիկներից:
Հիշեցնենք, որ հայ ժողովրդի համար պատմական նշանակություն ունեցող Սուրբ Խաչ եկեղեցում թուրքական իշխանությունները արգելել էին պատարագ մատուցել, սակայն 4 տարի տևած դադարից հետո այս տարի կրկին պատարագ է մատուցվելու: Աղթամար կղզու եկեղեցին կառուցվել է 915-921թ. ճարտարապետ Մանվելի կողմից Վասպուրականի թագավոր Գագիկ 1-ինի հրամանով:
Վերոնշյալ գերեզմանոցը գտնվում է եկեղեցու հարավային և հարավ-արևմտյան հատվածում:
Աղբյուր` Anfnews