Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Եթե ՔՊ-ն ինքը միայնակ ունի 60 տոկոս քվե, ես երբեք չեմ միանա, չեմ գնա կոալիցիա կազմեմ». Արամ Սարգսյան

Օգոստոս 30,2018 17:21

Aravot.am-ը «Ելք» խմբակցության պատգամավոր Արամ Սարգսյանին հարցրեց՝ ձեր ջրերը ինչո՞ւ Նիկոլ Փաշինյանի հետ նույն առվով չհոսեցին: Նա պատասխանեց. «Մի քիչ բարդ է ասել, որ ջրերը նույն առվով չհոսեցին, այդպես չի: Բնական քաղաքական պրոցես է: Մարդկային առումով, իհարկե, տարբեր մարդիկ ենք եւ «Ելք» դաշինքի ձեւավորման առաջին իսկ օրը ես ասել եմ, որ սրանով ես չեմ դառնում Նիկոլ Փաշինյան, Նիկոլ Փաշինյանը չի դառնում Էդմոն Մարուքյան, Էդմոն Մարուքյանն էլ՝ Արամ Սարգսյան: Մենք կերպով տարբեր մարդիկ ենք, ուղղակի Հայաստանի զարգացման այս մոդելն ենք տեսնում:

Որպես քաղաքական դաշնակիցներ, մենք բնական դաշնակիցներ ենք, նայեք՝ «Հանրապետություն» կուսակցությունն ո՞ւմ հետ կարող է համագործակցել հենց այսօրվա խորհրդարանում կամ խորհրդարանից դուրս: Չեք կարող բացի «Լուսավոր Հայաստանից» ու «Քաղաքացիական պայմանագրից» ուրիշ մեկի հետ թվարկել ու մատը ծալել: Չի ստացվի ուղղակի, թե՛ Մարտի 1-ի հետ կապված որոշակի խնդիրներ կան, թե՛ ՀԱԿ-ի հետ կապված ռուսական ենթատեքստի, այն ժամանակ, որ տեղի ունեցավ, որը չափից ավելի խորացած էր: Այս առումով մենք բնական դաշնակիցներ ենք:

Իսկ որ ՔՊ-ն ինքը սկսեց «Քայլ արա» գործընթացը, հաջողեց, որին ես չէի հավատում, որի տակտիկական շատ մոտեցումներ կային, որոնք ես չէի անի, որովհետեւ սիրիական ճգնաժամը տեսնելով՝ վախենում էի… Մենք մազի՛ց ենք պրծել, ես այսօր էլ չէի գնա այդ բանին, որովհետեւ այդտեղ Աստծո կամքը պետք է լինի, որ ստացվի, որ մենք խուսափենք նրանից, ինչ Սիրիայում տեղի ունեցավ:

Հիմա, բարեբախտաբար, ստացվեց, իրենք դարձան ռեալ իշխող կուսակցություն ու այդ կուսակցությունը սկսեց մարդկային մեծ հոսք՝ Նիկոլ Փաշինյանին վստահելով ու այդ անձի մեջ տեսնելով մեծ անձնազոհություն, ինչը շատ բնական է: Ես չեմ քննադատում այն մարդկանց, որոնք գնում են դեպի այդ կուսակցություն: Կուսակցությունը տեսավ, որ ինքը կարող է նաեւ միայնակ մասնակցել գործընթացների:

Եթե ՔՊ-ն ինքը միայնակ ունի 60 տոկոս քվե, ես երբեք չեմ միանա, չեմ գնա կոալիցիա կազմեմ: Ինքս կփորձեմ անցնել, կհամագործակցեմ, չեմ անցնի՝ չեմ անցնի: Այն մոդելը, ինչ կար՝ ՀՅԴ-ի ու ՀՀԿ-ի, ինձ համար ընդունելի չի եղել: Ես թե՛ ՀՅԴ-ի իմ գործընկերներին եմ ասել, որ սա ձեզ վնաս է, թե՛ ՀՀԿ-ի իմ գործընկերներին»:

Մենք ճշտեցինք, դուք ինքներդ չեք գնում միանում, որ չձուլվե՞ք իրենց հետ, թե՞ ինքը ձեզ մոտ չի թողնում՝ Արամ Սարգսյանը պատասխանեց. «Բացարձակապես նման խնդիր չկա: Մենք պարբերաբար հնարավորության պայմաններում հանդիպում ենք, ես այն մոտեցումները, որոնք ունեմ, նաեւ դիտողությունները ավելի հաճախ գրառումներով ուղարկում եմ Նիկոլ Փաշինյանին: Մոտ թողնելու ու չթողնելու խնդիր չկա: Այսօր «Ելք» դաշինքը ԱԺ-ում կա վստահաբար, այն գործելու է համախոհության սկզբունքով մինչեւ ԱԺ-ի լուծարումը, ուղղակի ՔՊ-ն այսօրվա քաղաքական իրականությունից ելնելով՝ որոշեց այս ընտրություններում իր ուժերը փորձել միայնակ եւ գնաց միայնակ: Մենք էլ մեր ուժերը հաշվի առնելով՝ որոշեցինք, որ ավելի լավ է երկուսով միասին հանդես գանք: Հաջորդ ընտրություններին՝ խորհրդարանականին, ես շատ բնական կհամարեմ, որ մենք նորից հանդես գանք մի դաշինքով եւ այդ դաշինքը անվանվի նորից «Ելք»: Ես նաեւ շատ բնական կհամարեմ, որ մենք առանձին-առանձին հանդես գանք, մենք գնանք «Լույս»-ով, իրենք գնան ՔՊ-ով, դա կախված է նաեւ քաղաքապետի ընտրություններում ստացված արդյունքներից:

Եթե բացառիկ մեծ քվե կստանա ՔՊ-ն, հանրային մեծ աջակցություն կունենա, ես անձամբ դեմ կլինեմ միասնական գնալուն, որովհետեւ այդտեղ կորում է քո ասելիքը, դու դառնում ես պատեհապաշտ, որը մտնում է մի գործընթացի մեջ, որտեղ պաշտոն է ուզում: Դա իմը չի, ես տեսել եմ»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031