Վրաստանն ու Ադրբեջանը ռազմավարական գործընկերներ են, դարերի ընթացքում մեր բարիդրացիական և բարեկամական հարաբերությունները օրինակելի են: Այս մասին հայտարարել է Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպմանը, գրում է «Գրուզիա Օնլայնը»:
Վրաստանի վարչապետի մամուլի ծառայությունից հայտնել են, որ Ադրբեջանի նախագահը շնորհակալություն է հայտնել Վրաստանի վարչապետին Բաքու կատարած այցի համար և կարևորել երկու երկրների միջև հարաբերությունների բարձր մակարդակը:
«Դարերի ընթացքում մեր ժողովուրդներն ապրել են բարիդրացիական և բարեկամական մթնոլորտում: Այսօր երկու անկախ պետությունների միջև հարաբերությունները հենվում են ամուր հիմքերի վրա: Վրաստանն ու Ադրբեջանը միասին իրականացնում են կարևոր նախագծեր: Մեր կողմից տրանսպորտային ոլորտում իրականացվող նախագծերը մեծ նշանակություն ունեն Եվրոպայի և Ասիայի մասշտաբով: Այդ նախագծերի իրագործման ընթացքում ակտիվ գործակցում են Վրաստանը, Ադրբեջանը և Թուրքիան: Կարծում եմ, որ ապրանքաշրջանառության ավելացման ուղղությամբ անհրաժեշտ է լրացուցիչ ջանքեր գործադրել: Գիտեմ, որ Վրաստանում շատ լավ ներդրումային կլիմա է: Ուրախ եմ, որ Ադրբեջանը Վրաստանի համար ներդրումների ծավալով առաջին երկիրն է: Այսօր մենք քննարկում ենք բազմաթիվ հարցեր, այդ թվում տարածաշրջանային համագործակցության ոլորտում»,- ասել է Ալիևը:
Վրաստանի վարչապետն էլ իր հերթին կարևորել է երկու երկրների ռազմավարական գործընկերությունը, ինչպես նաև ապրանքաշրջանառության ավելացումը:
«Համոզված եմ, որ երկկողմ գործակցության արդյունքում երկու տարի հետո մենք կարող ենք ավելացնել այդ շրջանառությունը 50-60%-ով: Միաժամանակ ուրախ եմ, որ շատ այլ ոլորտներում, ինչպիսիք են մշակույթը, արվեստը և սպորտը, մեր գործակցությունը միանգամայն բեղմնավոր է և օրինակելի»,- ասել է Բախտաձեն:
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ