Երեկ Մոսկվայի տանը Երեւանի հանրակրթական դպրոցների տնօրենների հետ օգոստոսյան խորհրդակցության ժամանակ կրթության եւ գիտության նախարար Արայիկ Հարությունյանը դպրոցի տնօրեններից մեկի առաջարկությանն ի պատասխան, փորձել է ստուգել տնօրենի անգլերենի գիտելիքները, քանի որ այս տնօրենը պնդում էր, որ օտար լեզուների դասավանդման մակարդակը բավարար չէ: «Ես վստահ եմ, որ հիմա այն տեքստը, որ դուք ասացիք հայերեն, լինելով խորացված դպրոցի նախկին աշակերտ՝ այդ տեքստն անգլերենով չէիք ասի»,-ասել էր նախարարը: Ի պատասխան՝ տնօրենը սկսեց անգլերեն լեզվով խոսել:
Երեկ հանրությունը քննադատեց նախարարի այս վարքագիծը, նկատելով՝ նախարարը նվաստացրել է մանկավարժին:
Aravot.am-ն այս առնչությամբ Արայիկ Հարությունյանից հետաքրքրվեց՝ արդյոք նման քայլը նվաստացուցիչ չէ՞ր տնօրենի համար, եւ ինչո՞ւ որոշեց մանկավարժի գիտելիքները ստուգել:
«Նախ ուզում եմ ասել, առանձին տեսանյութով չդատել այդ երկխոսության մասին, որովհետեւ երբ դուք 2 ժամանոց ամբողջ տեսանյութը նայում եք, տեսնում եք, որ էնտեղ անկաշկանդ, գործընկերային զրույց է եղել, երբեմն կատակներով, երբեմն շատ մտերիմ փոխադարձումներով:
Ասեմ՝ ինչո՞ւ է ձեզ մոտ այդ եզրակացությունը, որովհետեւ դուք միշտ սովոր եք եղել, որ նախարարը նախարարության ենթակայության տակ գտնվող տնօրենների, կամ առհասարակ, տնօրենների նկատմամբ վերեւից է նայել եւ շեֆություն է արել: Դա եղել է ուղիղ երկխոսություն տնօրենի հետ: Որեւէ մեկը չի կարող ասել, որ ես որեւէ մեկին կարող եմ նվաստացնել»:
Մանրամասն՝ տեսանյութում
Նելլի ԲԱԲԱՅԱՆ