Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Պոլիկլինիկաներում կամ տեղամասային բժշկի մոտ հաշվառված ՀՀ քաղաքացիները տարեկան մեկ անգամ կանխարգելիչ այցի իրավունք ունեն». Դավիթ Մելիք-Նուբարյան

Օգոստոս 30,2018 16:51

Քաղցկեղը հաղթահարած անձ Լիլիթ Ամիրխանյանը բարձրաձայնեց նյութական, հոգեբանական խնդիրներ, որոնց առնչվել է:

«Մեդիա կենտրոնում» հրավիրված քննարկմանը նա հայտարարեց. «Փաստաթղթային թղթատարություն, որ քեզնից պահանջում են պետպատվերի թուղթ: 2015-ին ես նշեցի, միևնույն է, ես վճարելու եմ՝ ինչո՞ւ է պետք պետպատվերի թուղթը, ինձ պատասխանեցին՝ կարգն այդպես է»:

Լիլիթ Ամիրխանյանը վստահեցրեց՝ քաղցկեղն ամբողջ աշխարհում դարձել է դարի խնդիր. «Խնդիրները հոգեբանական են, նյութական, խնդիր է նաև ճիշտ մասնագետի ընտրությունը: Չեմ ժխտի՝մենք ունենք լավ մասնագետներ, բայց նրանց գտնելն է դժվար»:

Լիլիթ Ամիրխանյանը կարևորեց նաև հիվանդի հետ հոգեբանական աշխատանք տանելու խնդիրը. «Մենք չունենք հոգեբաններ, մինչդեռ նրանք պիտի լինեն, որ զբաղվեն, զրուցեն նման հիվանդների հետ թե՛ սկզբնական, թե՛ հետվիրահատական շրջանում: Հիվանդության բուժման հիսուն տոկոսն է կազմում, հիվանդը պիտի ուժեղ լինի, որ կարողանա հաղթահարել այդ դժվարությունները»:

ՀՀ Առողջապահության նախարարության բժշկական օգնության քաղաքականության վարչության պետ Դավիթ Մելիք-Նուբարյանը նշեց, որ համակարգը նոր-նոր զարգացման ու կայունացման փուլ է մտնում, ուստի այն, որ խնդիրներ կան, բնական է: Նա մանրամասնեց. «Եթե 25 տարին բաժանենք փուլերի, ապա կարող ենք ասել, որ առաջին փուլում՝ մինչև 2000-ականները, համակարգի կայունացման փուլն էր, 2000-ից մինչև վերջին տարիները որոշակի կայունացման ու առաջընթացի փուլ է: Հիմա նոր կարողանում ենք ավելի զարգացման մասին մտածել»:

Ֆինանսական խնդիրների մասին ասաց. «ՀՀ-ում գործում է սահմանափակ բյուջեի սկզբունքը. բուժհաստատությունների հետ երկկողմ պայմանագրեր են կնքվում, որոնք բաժանված են ամիսների, թե յուրաքանչյուր ամիս քանի հիվանդ պետք է բուժվի: Խնդիրը միայն ՀՀ-ին չի բնորոշ. դա կա նաև Կանադայում, Իտալիայում, Նորվեգիայում: Իտալիայում համակարգչային հետազոտություն անցնելու համար պիտի 20 օր միջինը հերթ կանգնես: Մենք չենք ասում, որ սա նորմալ է, բայց խնդիրներ բոլոր երկրներում կան»:

Լիլիթ Ամիրխանյանն այս առիթով արձագանքեց. «Մեզ մոտ սխեման է այլ: Ֆինանսական բյուջեի հետ կապված ասեմ, որ ես 2015-ին եմ բախվել խնդրին. կարող եմ վստահեցնել՝ մեզ տրամադրված գումարը չի բավականացնում: Ըստ  նրա՝ բժիշկը պիտի վարձատրվի պետության կողմից, որ նայի հիվանդին, քանի որ ամեն հիվանդ ի վիճակի չէ իր սրտի ցանկացածը բժշկին փոխհատուցել»:

«Իրավունքի զարգացման կենտրոն» հասարակական կազմակերպության ծրագրի տնօրեն Վիոլետա Զոփունյանը շեշտեց. «Երբ մենք խոսում ենք որակյալ բժշկական ծառայության մատուցման մասին, պետք է անպայման հաշվի առնել և՛ պացիենտների, և ՛ բուժաշխատողների իրավունքները: Մեր ստացած զանգերի մեծամասնությունն ավելի շատ տեղեկատվական բնույթի են եղել. պացիենտները իրականում տեղյակ չեն իրենց իրավունքների մասին. չգիտեն որտեղ դիմել, ինչպես ստանալ հաշմանդամության կարգը, տեղյակ չեն կարգավորումներից: Իրականում այդ նույն տեղեկատվական խնդիրը կա բուժաշխատողների շրջանում: Քանի որ ակտիվ աշխատում ենք նաև բուժաշխատողների հետ, փորձը ցույց է տալիս, որ դա իրավական ակտերի՝ բարդ լինելու հետ է կապված»:

Վիոլետա Զոփունյանը կարևորեց նաև կանխարգելիչ միջոցառումների ստացումը:

Դավիթ Մելիք-Նուբարյանը վստահեցրեց՝ նախարարությունը միջոցներ ձեռնարկում է քարոզչական տեսանկյունից: Դիմելով հանրությանը՝ Դավիթ Մելիք-Նուբարյանն ասաց. «ՀՀ բոլոր քաղաքացիները, որոնք հաշվառված են իրենց պոլիկլինիկաներում կամ տեղամասային բժշկի մոտ, տարեկան մեկ անգամ կանխարգելիչ այցի իրավունք ունեն: Ուստի այն եզրույթը, թե գումար չունենք, չի համապատասխանում իրականությանը»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Լուսանկարը՝ «Մեդիա կենտրոն»-ի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031