Այս տարվա գարնանը տեղի ունեցած թավշյա հեղափոխությունից հետո ստեղծված Նոր Հայաստանում Երեւանի ավագանու առաջին (արտահերթ) ընտրությանը մասնակցելու հայտ է ներկայացրել 13 քաղաքական միավոր:
ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը մինչեւ սեպտեմբերի 3-ը կորոշի ո՞ւմ գրանցել, ում՝ մերժել:
Մինչ այդ, ներկայացնենք մանրամասներ կուսակցությունների եւ դաշինքների ցուցակներից:
Երեւանի՝ 75 տեղանոց ավագանու համար ամենամարդաշատ ցուցակ ներկայացրել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը՝ 195 հոգի: Ինչպես արդեն տեղեկացրել ենք, այս կուսակցության ցուցակը բավական հետաքրքիր է: Հիշեցնենք, ցուցակը գլխավորում է ԱԺ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը, վերջինը՝ ԱԺ պատգամավոր Վահե Էնֆիաջյանն է: Պատգամավոր է նաեւ «Երեւանցիներ» դաշինքի առաջին համարը՝ Արարատ Զուրաբյան: Իսկ «Լույս» դաշինքի առաջին համարը նախարար է՝ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյան:
ԲՀԿ ցուցակից բացի եւս երկու ցուցակ է կին գլխավորում՝ «Երեւանի հանրություն»` Անահիտ Թարխանյան, «Երկիր ծիրանի»՝ Զարուհի Փոստանջյան:
Ամենակարճը ՀԺԱՄ ցուցակն է՝ 26 հոգի: Առաջինը՝ հայ-ամերիկյան «Մեր շոու» ծրագրի հիմնադիր, կոորդինատոր, գործարար Սանդալյան Գեւորգն է: Շոու դաշտից է նաեւ «Իմ քայլը» դաշինքի առաջին համարը՝ պրոդյուսեր, դերասան Հայկ Մարության:
Անկուսակցականների առատությամբ աչքի է ընկնում «Երեւանի հանրությունը», ամենաքիչ անկուսակցականներ «Ռեֆորմիստների» ցուցակում են, իսկ ՕԵԿ-ի ցուցակում անկուսակցականներ ընդհանրապես չկան:
«Ռեֆորմիստների» ցուցակում «Աշխատանքի վայրը» պաշտոնը (զբաղմունքը) սյունակը դատարկ է, «Երկիր ծիրանի» կուսակցությունը գրել է մարդկանց մասնագիտությունը եւ ոչ զբաղմունքը՝ օրինակ իրավաբան, լեզվաբան, քիմիկոս եւ այլն: Իսկ «Օրինաց երկիր» կուսակցությունը նշել է աշխատանքի վայրը՝ առանց պաշտոնի՝ օրինակ՝ դպրոց, համատիրություն, հեռուստաընկերություն եւ այլն:
Բոլոր ցուցակներում էլ կան գործազուրկներ: Միայն «Օրինաց երկիր» կուսակցությունն է, որ նման խավի ներկայացուցիչներ չունի: Փոխարենը 16-ից 47-ի զբաղմունքը նշված է՝ «հասարակական գործունեություն», առանց մանրամասնելու ՀԿ-ի անունը, գործունեությանը ոլորտը: Այլ ցուցակներում նշված է՝ «Ազատ Քաղաքացի» ՀԿ, նախագահ կամ «Հանուն հավասար իրավունքների» ՀԿ նախագահ: Գործազուրկների թիմով է ընտրությանը գնում «Երեւանցիներ» դաշինքը՝ 53-ից 47-ը չի աշխատում:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ