ՌԱՄԿԱՎԱՐ ԱԶԱՏԱԿԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Երեւանի ավագանու ընտրություններին ընդառաջ
Ռամկավար Ազատական կուսակցության Կենտրոնական վարչությունը Երեւանի ավագանու ընտրություններին ընդառաջ հորդորում է երեւանաբնակ իր անդամներին¸ համակիրներին եւ առհասարակ բոլոր երեւանցիներին՝ քաղաքացիական պատասխանատվությամբ ու ազգային-քաղաքական գիտակցությամբ մասնակցել առաջիկա ընտրություններին եւ իրենց ձայնը տալ ըստ իրենց հայեցողության՝ հարմարագույն թեկնածուներին։
ՌԱԿ Կենտրոնական վարչությունը հիշեցնում է բոլորին¸ որ առաջիկա ընտրությունները հանդիսանալու են առաջինը՝ <<թավշյա հեղափոխությանը>> հաջորդող ժամանակաշրջանում¸ որոնց ընթացքում փաստացիորեն փորձարկվելու են երկրի նոր իշխանության պատրաստակամությունը ազատ¸ արդար ու թափանցիկ ընտրություններ անցկացնելու¸ ընտրակաշառքների հոռի ավանդույթը արմատախիլ անելու¸ վարչական եւ այլ ռեսուրսներ ի գործ չդնելու եւ օրինախախտներին խստագույնս պատժելու խոստումների անկեղծությունը։
Ավելին՝ Երեւանի քաղաքային ընտրությունները լինելու են յուրօրինակ փորձաքար՝ առաջիկա տարի անցկացվելիք խորհրդարանական ընտրությունների համար¸ որոնց իր սուղ միջոցների խնայողության պայմաններում ՌԱԿ-ը նախապատրաստվում է ամենայն պատասխանատվությամբ ուժերի գերլարումով՝ հանրապետության ողջ տարածքում։
Նկատի ունենալով վերոհիշյալ հանգամանքները ՌԱԿ Կենտրոնական վարչությունը սեպտեմբերի 22-ից 23-ը ներառյալ իր Կենտրոնական գրասենյակում հաստատելու է ընտրական հնարավոր խախտումների շուրջ բողոքների գրանցման շուրջօրյա ծառայություն եւ կոչ է անում մեր համաքաղաքացիներին¸ դիտորդական կազմակերպություններին¸ ինչպես նաեւ ընտրություններին մասնակցող կուսակցություններին ու դաշինքներին՝ ընտրախախտումների վերաբերյալ ահազանգել հետեւյալ հեռախոսահամարով +374 060271114 եւ էլ.հասցեյով [email protected]։
ՌԱՄԿԱՎԱՐ ԱԶԱՏԱԿԱՆ
ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ