Հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանն անհիմն է համարում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի՝ մարտի 1-ի քրեական գործի նախաքննական գաղտնիքը վերացնելու մասին առաջարկը: Այս մասին Խաչատրյանն ասաց այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում:
«Նման ընթացակարգ չկա։ Դուք պատկերացնո՞ւմ եք, թե ինչ կլինի, եթե ամբողջ նախաքննության գաղտնիքը բացահայտվի։ Չէ՞ որ կան մարդիկ, որ համագործակցում են նախաքննական մարմնի հետ, օպերատիվ տվյալներ են տալիս: Դուք պատկերացնո՞ւմ եք այս ամենը գաղտնազերծվի, ի՞նչ կլինի»,- ասաց Խաչատրյանը:
Հարցին՝ եթե դա հանրության պահանջ լինի՞, ՀՔԾ պետը պատասխանեց, որ նախաքննության ավարտից հետո դատաքննության փուլում հանրությունը գործի բոլոր նյութերին ծանոթանալու հնարավորություն կստանա, եթե, իհարկե, նիստը դռնփակ անցկացնելու մասին հատուկ որոշում չկայացվի։
Դիտարկմանը՝ Քոչարյանը մեղադրում է, որ հատվածական է ներկայացվում նախաքննական մեղադրանքը, խոսքը գործում առկա 0038 հրամանի հրապարակման մասին է, Խաչատրյանն ասաց. «Հրամանը հրապարակային ենք դարձրել այն չափով, որ չափով այն տրամադրող ՀՀ ՊՆ-ն հարմար է գտել գաղտնազերծել»։
Մանրամասն՝ տեսանյութում
Դիտարկմանը՝ Քոչարյանն ասել է՝ ՀՔԾ-ն մարտի 1-ի սպանությունները չի բացահայտում, Խաչատրյանն արձագանքեց՝ « Ես լիահույս եմ, որ Մարտի 1-ի գործն ամբողջությամբ, այդ թվում՝ սպանություններ կատարած անձանց մասով բացահայտվելու է»: Ըստ նրա, Մարտի 1-ի գործով հարցաքննվելու են բոլոր այն անձինք, ովքեր ինչ-որ առնչություն են ունեցել գործին։
Մանրամասն՝ տեսանյութում
Սասուն Խաչատրյանն ասաց, որ Քոչարյանն իրեն նույնացնում է պետության, սահմանադրական կարգի հետ. «Սա ճիշտ չեմ համարում»:
Մանրամասն՝ տեսանյութում
Հարցին՝ արդյոք Քոչարյանն ազատության մեջ կարո՞ղ է ազդեցություն ունենալ գործի ընթացքի վրա, կա՞ն նման օպերատիվ տվյալներ, Խաչատրյանը հրաժարվեց պատասխանել: Նա նաեւ նշեց, որ իր վրա որեւէ ճնշում չի եղել:
Արդյոք Քոչարյանը կարո՞ղ էր ծանոթ չլինել 0038 հրամանի բովանդակությանը, հարցին ի պատասխան՝ Խաչատրյանն ասաց. «Չեմ կարծում»:
Դիտարկմանը՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Մարտի 1-ի գործն, ըստ էության, բացահայտված է, Խաչատրյանն ասաց. «Եթե նկատել եք, վարչապետն ասել է իր դիտարկմամբ: Իմ դիտարկմամբ՝ ես այն անձը չեմ, որ մեկնաբանեմ… դուք լսել եք իմ ելույթը Մարտի 1-ի հետ կապված»:
Հարցին՝ Մարտի 1-ի գործով շրջանառվում են Գագիկ Բեգլարյանի, Գագիկ Ծառուկյանի, Մհեր Սեդրակյանի եւ Սուրիկ Խաչատրյանի անունները, ի՞նչ կարգավիճակում են նրանք, Խաչատրյանը պատասխանեց. «Դուք ուզում եք, որ ես բացահայտեմ նախաքննության գաղտնիքը»: Խաչատրյանը վստահեցրեց՝ բոլոր այն վարկածները, որոնք իրավունք ունեն գոյություն ունենալ, բոլորը ստուգվում են»:
Սերժ Սարգսյանն ու իր ընտանիքն, ըստ մամուլի, Հայաստանից տեղափոխվել են Հռոմ: Այս առնչությամբ Խաչատրյանն ասաց. «Այն անձանց մասով, ովքեր այս պահին քրգործով որեւէ կարգավիճակ չունեն, ՀՔԾ-ն նրանց տեղաշարժին հետեւելու պարտավորվածություն չունի»։
Նելլի ԲԱԲԱՅԱՆ