Ինչպես տեղեկացրել ենք, այսօր «Վեոլիա ջուր» ընկերության գլխավոր տնօրեն Կրիստիան Լըֆեն հրավիրած ասուլիսում ոստիկանության առաջադրած մեղադրանքների հետ կապված պարզաբանումներ ներկայացրեց: Հիշեցնենք, որ ոստիկանությունը հայտարարություն էր տարածել, որ այս ընկերությունը ՀԾԿՀ անդամների՝ Ֆրանսիա կատարած ճամփորդության համար վճարումներ է կատարել եւ հանձնաժողովի հետ կոռուպցիոն գործարքի մեջ մտել, որի արդյունքում ջրի սակագինը 2017-ին բարձրացել էր՝ 180-ից հասնելով 191 դրամի:
Կրիստիան Լըֆեն այդ շրջագայությունն անվանեց գործնական այց՝ ասելով, որ այդ այցը կազմակերպվել է թափանցիկ ու բաց. «ՀԾԿՀ նախագահը ժամանակին «Վեոլիա» ընկերության նախագահի կողմից ստացավ պաշտոնական հրավեր, որ այցելի Ֆրանսիա: Այդ այցի ծրագիրը շատ խիտ էր, որի նպատակն էր բացառապես մասնագիտական փորձի փոխանակում՝ տեխնիկական, իրավաբանական ոլորտին վերաբերող»:
«Վեոլիա ջուր» ընկերության տնօրենը պատմեց, թե այդ այցի ընթացքում ում հետ է հանդիպել Ռոբերտ Նազարյանը եւ հանձնաժողովի մյուս անդամները, ինչպես են ծանոթացել Ֆրանսիայում ջրամատակարարման գործընթացներին, որ քաղաքներ են մեկնել, ինչպես են զարմացել մեր հանձնաժողովականները՝ կեղտաջրերի մաքրման իրենց կայանը տեսնելիս եւ այլն:
«Սակագնի հարց այս առաքելության ներքո երբեք չի արծարծվել»,- վստահեցրեց Կրիստիան Լըֆեն:
Նա ասաց, որ սակագինը ֆիքսված է միջպետական վարձակալության պայմանագրով ու այն հաշվարկվում է թափանցիկ մեխանիզմներով. «ՀԾԿՀ-ն պարզապես ստուգում է հաշվարկները եւ հաշվարկի մեջ օգտագործված բազիսային տվյալները: ՀԾԿՀ-ն չի կարող անդրադարձ կատարել բազիսային սակագնի վրա, որը ֆիքսված է պայմանագրով»:
Կրիստիան Լըֆեի խոսքով՝ «Երբ հանդիմանում են «Վեոլային» կամ ինձ, որ մենք կոռուպցիոն գործարք ենք արել ՀԾԿՀ-ի անդամների հետ, որ ստանանք այն սակագինը, որը մենք ցանկանում են, իրենք պարզապես կհասկանան, որ դա լիովին աբսուրդ է: Այնքան աբսուրդ է, որքան որ ինձ հանդիմանեն, որ ես, ասենք, կաշառում եմ առողջապահության նախարարին, որպեսզի մյուս տարի ես չծերանամ ու 60 տարեկան դառնամ, չդառնամ ասենք, 70, նույնքան աբսուրդ է»:
Aravot.am-ը հարցրեց՝ դուք առողջապահության նախարարության հետ եք համեմատում, բայց Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը ձեզ վերահսկող մարմին է, արդյոք այստեղ շահերի բախում չկա՞, երբ դուք նրանց տանում եք շրջագայության եւ ծախսում մոտ 13 մլն դրամ՝ Կրիստիան Լըֆեն պատասխանեց. «Նման եղանակով կազմակերպված փորձի փոխանակում բազում երկրներում է արվում եւ բազում քանակով: 2005-ին, երբ «Վեոլիա» ընկերության առաջին հաղթանակն էր ՀՀ-ում, այդ ժամանակ ընկերությունը նաեւ լրագրողների հրավիրեց Ֆրանսիա, որ բացահայտեն Ֆրանսիան ու Ֆրանսիայում «Վեոլիա» ընկերությունը, ժամանակին դա կոռուպցիա չէին դիտարկում: Կարծում եմ, որ բոլորի շահերից է բխում, որ նման փորձի փոխանակում տեղի ունենա՝ նամանավանդ այս գլոբալիզացման դարաշրջանում: Եթե «Վեոլիան» կարողանում է կառավարել եւ ֆինանսական օժանդակություն է թույլ տալիս նման կտրվածքով, այն բյուջեն, որը տրվում է ՀԾԿՀ գործունեությունը ծավալելու համար, պարզապես թույլ չի տալիս նման այց կատարել օտարերկրյա երկրներ եւ ունենալ փորձի փոխանակում: Դա լավ բան է, արվել է լավ բան ու պետք չի այդ լավ բանի մեջ փորձել կեղտ գտնել»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ