Բաց նամակ ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահ՝ պարոն Ա.Էլոյանին
«Բոլոր ճանապարհները տանում են Հռոմ»
ՀՀ քաղաքաշինության կոմիտեի կայքում տեղադրված՝ «Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի հունիսի 26-ի N728-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի կապակցությամբ.
Հարգելի պարոն Էլոյան.
ՀՀ կառավարության որոշման նախագիծը, որով առաջարկվում է Երևանի «փոքր կենտրոնն» առանձնացնել որպես քաղաքաշինական գործունեության հատուկ կարգավորման օբյեկտ և ըստ այդմ՝ լրացումներ կատարել Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի հունիսի 26-ի N728-Ն որոշման մեջ, իր «զուսպ» շարադրանքով չի բացահայտում իրավական ակտի բուն էությունը: Նախագծի վերաբերյալ հիմնավոր կարծիք կարելի է կազմել միայն փաթեթում ներառված «Հիմնավորում» ձևաթղթի բովանդակության և տրամաբանության հիման վրա: Վերլուծելով ներկայացված Հիմնավորումը կարելի է եզրակացնել, որ Նախագիծը ոչ թե խնդիր է լուծում, այլ ընդհակառակը՝ իրավական և մասնագիտական առումներով ինքնին խնդրահարույց է՝
1. Եթե՝ «նախագծի մշակումը պայմանավորված է Երևան քաղաքի զբոսաշրջության զարգացման նպատակով կատարվող ներդրումային ծրագրերի իրացման անհրաժեշտությամբ», ինչպես նշվում է Հիմնավորման «անհրաժեշտությունը» բաժնում, ապա ինչու առանձնացնել «փոքր կենտրոնը» այլ ոչ թե «Երևանի պատմական կենտրոնը»: Եվ ինչու խուսափել համամարդկային քաղաքակրթության մեջ ընդունված «պատմական կենտրոն» պարզ, հասկանալի ձևակերպումից՝ ինչը տարածքային, տարածական և մշակութային բաղադրիչներով հանդերձ նաև ժամանակային և պատմական բովանդակություն է պարունակում, շեշտադրում Երևանի պատմամշակութային ժառանգության գիտակցման փաստը՝ դրա նկատմամբ հոգատար վերաբերմունքի և պահպանության կարևորությունն ու պարտավորությունը:
Այս առումով հասկանալի չէ, թե ինչպիսի տարածքային և տարածական պատկերացումներ և չափորոշիչներ են դրված քաղաքաշինության տեսությանն անհայտ՝ «փոքր կենտրոն» հասկացության հիմքում, քանզի տևական ժամանակ է ինչ այն դրվել է շրջանառության մեջ և պարտադրվել հանրությանը՝ ըստ էության մանիպուլյացիայի ենթարկելով վերջինիս պատկերացումները քաղաքային միջավայրի տարածական ամբողջականության վերաբերյալ: Սա վերանայելու և վերաիմաստավորելու ենթակա ոչ պակաս կարևոր հարց է:
2. Ինչու են «փոքր կենտրոնի» միջավայրային ձևախեղումներն ու աղավաղումները լիազորված մարմնի կողմից հետևողականորեն արժանանում անուշադրության: Հիմնավորման, ըստ էության ամենակարևոր՝ «ընթացիկ իրավիճակը և խնդիրները» բաժնում ինչպես հարկն է չեն թիրախավորվում «փոքր կենտրոնի» սանձարձակ կառուցապատումների առկա իրողություններն իրենց պատճառահետևանքային վերլուծությամբ և ախտորոշմամբ, այլ «միամտաբար» խոսվում է միանգամայն այլ բանի՝ Նախագծի մշակման նպատակի մասին՝ «կանոնակարգելու Երևան քաղաքում առանձնացված քաղաքաշինական գործունեության հատուկ կարգավորման տարածքներում սկզբունքային առումով կանոնակարգման անհրաժեշտություն ունեցող քաղաքաշինական խնդիրները»: Եվ սա հերթական և արդեն ավանդույթ դարձած խուսագրություն է:
Այո, սա Կոմիտեի կողմից անթույլատրելիորեն ցուցաբերվող ակնհայտ խուսափողական մոտեցում է մայրաքաղաքի «փոքր կենտրոնում» (և ոչ միայն «փոքր կենտրոնում») իրականացված և ներկայումս իրականացվող քաղաքաշինական արկածախնդրության և դրա արդյունքում իրականացված մշակութային եղեռնի իրողության, իսկ մեծ հաշվով անտարբերություն՝ մասնագիտության և հանրության հանդեպ:
Եվ փորձ անել հերթական անգամ «տուրիզմով» և «ներդրումներով» արդարացնել և կարևորություն հաղորդել այսօրինակ նախաձեռնությանը, որի նպատակը խորքային իմաստով կենտրոնի կառուցապատման գործընթացներում որդեգրած արատավոր գործելակերպն արդարացնելը, և դեռ ավելին՝ շարունակելն է, այլևս անընդունելի է: Անընդունելի է, որովհետև՝ «Կարելի է հիմարացնել ժողովրդի մի մասին մշտապես, կարելի է հիմարացնել ամբողջ ժողովրդին մի որոշ ժամանակ, սակայն անհնար է հիմարացնել ամբողջ ժողովրդին մշտապես» (Աբր. Լինկոլն):
3. Անդրադառնանք Հիմնավորման «Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը» բաժնին, քանզի ցանկացած նախաձեռնության և անելիքի անհրաժեշտությունը և իրագործման արդյունքի հեռանկարային կենսունակությունը կարող է հիմնավորված և արդարացված լինել տվյալ բնագավառում իրականացվող հետևողական քաղաքականությամբ: Սակայն պարզվում է, որ սա ընդամենը առիթ է, որպեսզի հերթական անգամ բարձրաձայնենք Հայաստանի քաղաքաշինության գաղափարական սնանկության տխուր իրողությունը, որի հիմնական պատճառը Հայաստանի քաղաքաշինության քաղաքականության բացակայությունն է: Իսկ չունենալ նման քաղաքականություն, նշանակում է Երկրի տարածքային կառավարումն ի սկզբանե զրկել ոչ միայն տարածական զարգացման գաղափարախոսությունից, տարածքային կայուն զարգացման ձգտումներից, այլև՝ տարածական մտածողությունից: Այդ իսկ պատճառով մենք ականատեսն ենք հերթական աչքակապության՝ Հիմնավորման նշված բաժնում տարածքային և միջավայրային կարգավորման նպատակները և ցանկությունները «միամտաբար» ներկայացված են որպես վարվող քաղաքականություն:
4. Հիմնավորման «Ակնկալվող արդյունքները» հավաստիացնում են, որ՝ «կհստակեցվեն, կպարզեցվեն քաղաքաշինական հատուկ կարգավորման օբյեկտների տարածքներում կառուցապատման գործառույթները»: Սա յուրատեսակ ինքնախոստովանություն է այն մասին, որ մինչ այս «փոքր կենտրոնում» իրականացված կառուցապատման գործառույթներն այնքան էլ պարզ և հասկանալի չեն եղել, այդուհանդերձ այդ հանգամանքը խոչընդոտ չի հանդիսացել, որպեսզի դրանք իրականացվեն անկաշկանդ՝ ղեկավարվելով ոչ թե քաղաքաշինության տեսագործնական ընդունված նորմերով և կանոններով, այլև կառուցապատման անկառավարելի բիզնես- մոլուցքով: Եվ պետք չէ զարմանալ, որ Նախագծում համառորեն շեշտադրվում է «փոքր կենտրոնի» կառուցապատումը, այն էլ «համալիր կառուցապատման սկզբունքի» ներդրմամբ, առանց գիտակցելու, որ պատմականորեն ձևավորված ցանկացած քաղաքային միջավայր կարող է ենթարկվել բացառապես վերակառուցման, այլ ոչ թե՝ կառուցապատման: Սա արդեն մասնագիտական տարրական գրագիտության շարքից է: Կառուցապատման ոչ պատահական նպատակադրումը հետևողականորեն շարունակվում է նաև Հիմնավորման «Կարգավորման նպատակը և բնույթը» բաժնում՝ «նախագծի մշակումը միտված է բարենպաստ ներդրումային միջավայրի ձևավորմանը»: Մտածելակերպի տեսանկյունից միթե ընդունելի է՝ կարևորել ոչ թե քաղաքային առողջ և հարմարավետ միջավայրի կատարելագործման գերակայությունը, ինչն արդարացիորեն միտված է նախևառաջ քաղաքի տիրոջ՝ Երևանցու բարեկեցությանը, այլև առաջնային համարել տուրիզմի զարգացման համար բարենպաստ ներդրումային միջավայրի ձևավորումը՝ որպես իրավական ակտի առաջադրման և կենտրոնի հետագա կառուցապատման նպատակի արդարացման միջոց: Եվ միթե ակնհայտ չեն վերջին տասնամյակների ընթացքում իրականացված քաղաքային միջավայրի, մեղմ ասած, «ոչ միանշանակ փոփոխությունները», որոնք ցույց են տալիս, թե գործնականում ինչպիսի գռեհկության կարելի է հասցնել «կենսամիջավայր» մշակութային հասկացության իմաստը, արժեզրկել վերջինիս մարդակենտրոն առաքելությունն ու նշանակությունը:
5. Ինչ վերաբերում է հիմնավորման «Այլ տեղեկություններ» բաժնին, ապա այն սկսվում և ավարտվում է ընդամենը մեկ բառով՝ «չկան»: Դե իհարկե չպետք է լինեն, որովհետև ինչ որ կա՝ ձեռնտու չէ մեջբերել, նպատակահարմար չէ: Բավարար է նշել, որ «Երևանի փոքր կենտրոնի կառուցապատման մասին» ՀՀ օրենքի նախագծի գոյության պարագայում սույն նախաձեռնությունն առնվազն տարօրինակ է, հատկապես, որ օրինագծի հեղինակը հանդիսանում է նույն ինքը՝ ներկայիս Հայաստանի քաղաքաշինության կոմիտեն: Բանն այն է, որ նշված իրավական ակտերի նախագծերն ըստ էության նույն նպատակն ունեն՝ կանոնակարգել Երևանի «փոքր կենտրոնում» իրականացվող և հետագա կառուցապատման գործընթացները: Միևնույն մարմնի կողմից մշակված փաստաթղթերի միաժամանակյա գոյությունն ինքնին անհեթեթություն է՝ իրավական, մասնագիտական հակասություն, քանի որ նույնաբովանդակ խնդրի լուծման համար չի կարելի բարձր իրավաբանական ուժ ունեցող իրավական ակտի՝ օրենքի նախագծի, արդեն իսկ գոյության պայմաններում, զուգահեռաբար առաջադրել նույն խնդրին առնչվող ցածր իրավաբանական ուժ ունեցող իրավական ակտ՝ կառավարության որոշման նախագիծ: Այս առումով սույն որոշման նախագծի առաջադրումն իրավաչափ չէ: Այն կարող է իրավաչափ լինել և քննարկելի՝ միայն «Երևանի փոքր կենտրոնի կառուցապատման մասին» ՀՀ օրենքի նախագիծը հիմնավոր պատճառաբանությամբ չեղյալ հայտարարելու դեպքում: Այնպես որ, մինչ նախագծի մշակումը, Կոմիտեի մտահոգության առաջնային խնդիրը սա պետք է լիներ:
Եզրակացություն՝
Երևանի «փոքր կենտրոնի» նկատմամբ պարբերաբար ցուցաբերվող այսօրինակ «մտահոգություններն» ու «օրենսդրական շոու» – նախաձեռնությունները, որոնք ըստ էության իրավիճակ չեն փոխել, կամա թե ակամա շեղում են հանրության ուշադրությունը մայրաքաղաքի այլ տարածքներում իրականացվող նմանատիպ կառուցապատումներից: Դժվար չէ նկատել, որ այն ինչ կատարվում է կենտրոնում, այժմ գենետիկորեն տարածվում է քաղաքի վարչական այլ շրջաններում, այդ թվում՝ քաղաքային կենտրոնին անմիջական հարող տարածքներում: Սա հիմք է տալիս եզրակացնելու, որ գործ ունենք բարոյական և մասնագիտական նորմերից զուրկ, քաղաքային միջավայրի կազմակերպման միանգամայն նոր «մշակույթի» հետ, որի կնքահայրը, բնականաբար, ձեռդ գերազանցություն կոռուպցիան է: Անքննելի է, որ կոռուպցիան բացառապես պետական «մենաշնորհ» է և միամիտ կլինի վերագրել որևէ տեղական կամ մասնավոր նախաձեռնությանը: Այն կրում է համակարգային բնույթ և տարբեր ձևաչափերով կարող է տեղայնացվել, բայց ոչ՝ մասնավորեցվել:
Այս համատեքստում անդրադառնանք քաղաքաշինության բնագավառի պետական կառավարման լիազորված մարմնի կոչմանն ու գործունեությանը, որին ի վերուստ ՀՀ կառավարությունը լիազորել է՝
– Հայաստանի քաղաքաշինության քաղաքականության մշակումը (բնականաբար նաև Երևանի) և իրագործումը,
– բնագավառի օրենսդրության (ներառյալ նորմատիվատեխնիկական փաստաթղթերի համակարգի) մշակումն ու կենսագործումը,
– Հայաստանի տարածական զարգացման և տարածքային կազմակերպման համար անհրաժեշտ պլանավորման փաստաթղթերի (այդ թվում՝ բնակավայրերի գլխավոր հատակագծերի և գոտիավորման նախագծերի) մշակման ապահովումը և մոնիտորինգը,
– Հայաստանի տարածքում իրականացվող քաղաքաշինական գործընթացների նկատմամբ մասնագիտական տեսչական վերահսկողության իրականացումը՝ դրանց համապատասխանության ապահովումը մշակված քաղաքաշինական փաստաթղթերին և օրենսդրությանը:
Իրավունքի կիրառման նման գործիքակազմ ունենալու պարագայում, բնականաբար, Կոմիտեն համարժեք պատասխանատվություն է կրում այդ լիազորությունները պատշաճ մակարդակով կատարելու համար: Իսկ դա նշանակում է, որ մայրաքաղաքում տիրող քաղաքաշինական իրավիճակի «տերն ու ծառան» հանդիսանում է պետական լիազորված մարմինը՝ ՀՀ քաղաքաշինության կոմիտեն, իսկ մեծ հաշվով՝ ՀՀ կառավարությունը:
Եվ այս պարագայում գնահատական չտալ կատարվածին, փորձ անգամ չանել բացահայտելու, հասկանալու մայրաքաղաքում իրականացված քաղաքաշինական գործընթացների վարքաբանությունը և շարժառիթները, դրանցից ձերբազատվելու, իրավիճակը շտկելու միջոցները՝ նշանակում է քողարկել իրողությունը, դրանով հանդերձ համակերպվել և նույնանալ «հնի» հետ, պահպանել բնագավառում արմատավորված կոռուպցիայի կործանարար կենսունակությունը: Իսկ գուցե այս մոտեցումը նաև «մեղմ» միջոց է՝ պատասխանատվությունից փրկելու մեղավորներին, որոնց «գործողությունների» հետևանքները բացահայտվող ներկայիս տնտեսական հանցագործությունների համեմատ շատ ավելի ծանր են և գրեթե անուղղելի:
Այսօրինակ նպատակադրությամբ և ձևաչափով մշակված իրավական ակտի նախագիծը լուրջ մտահոգությունների տեղիք է տալիս՝ այն զուրկ է քաղաքական շրջահայացությունից, կրում է պրովոկացիոն բնույթ, քանզի ակնհայտ հակասում է Նոր Կառավարության հայտարարած քաղաքական օրակարգին:
Աշոտ Հակոբյան Ճարտարապետ