Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ Արթուր Գեւորգյանը ֆեյսբուքյան իր էջում կրկին ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարությանը եւ ՀԱՕԿ-ին հորդորում է չմիջամտել ֆեդերացիայի գործերին:
Օգոստոսի 2-ին Արթուր Գեւորգյանը վերընտրվեց Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ: Սակայն նրան դեմ մարզիչների ու մարզիկների մի խումբ դիմել էր նախարարություն եւ ՀԱՕԿ՝ դժգոհելով, որ ընտրություններն անցել են անօրինական: Հայկական սպորտի ղեկավարներն էլ հայտարարեցին, թե դիմել են մարզաձեւի միջազգային կառույց՝ Հայաստան պատվիրակ ուղարկելու եւ ստեղծված իրավիճակին գնահատական տալու համար:
Արթուր Գեւորգյանը իր ֆեյսբուքյան էջում ի պատասխան կատարել է հետեւյալ գրառումը:
«Հարգելի հայրենակիցներ, մարզաշխարհի ներկայացուցիչներ և լրագրողներ, վերջին ժամանակներում բռնցքամարտի ազգային ֆեդերացիայի շուրջ ստեղծված արհեստածին լարվածության շուրջ ավելորդ չեմ համարում տարածվող ապատեղեկատվությունները հերքելու նպատակով ներկայացնել հետևյալը.
ՀԱՕԿ ներկայացուցիչների և Բռնցքամարտի ազգային ֆեդերացիայի միջև ստեղծված իրավիճակն առնվազն տարակուսելի է այնքանով, որ կոմիտեի որոշ ներկայացուցիչներ մարզաշխարհի էթիկայի և իրավական հարթությունը կանոնակարգող նորմերից անտեղյակ են և կամա թե ակամա փորձում են հղումներ կատարել մտացածին կանոնակարգումների վրա:
Հարկ եմ համարում ևս մեկ անգամ մարզաշխարհի որոշ ներկայացուցիչների հիշեցնել, որ բռնցքամարտի ազգային ֆեդերացիան անկախ և ինքնուրույն հասարակական կազմակերպություն է և առաջնորդվում է բացառապես կանոնադրությամբ և ԱԻԲԱ-ի սահմանած կանոններով:
Տեղեկացնում եմ, որ Ֆեդերացիան անձնական ամբիցիաների համար սեփականաշնորհելու ցանկացած փորձ դատապարտված է լինելու ձախողման:
Ակնկալում եմ նաև ՀՀ կառավարության օրինական միջամտությունը և աջակցությունը որոշ կառույցների (մասնավորապես՝ ՀՀ սպորտի նախարարության և ՀԱՕԿ-ի) չպատճառաբանված ներգործությունների հարցով:
Առանց մեկնաբանությունների ներկայացնում եմ EUBC նախագահի հայերեն թարգմանությամբ նամակը:
__________________________________________
Հարգելի պարոն Գևորգյան
Հարգարժան Արթուր
Որպես EUBC նախագահ ՝ես կցանկանայի արտահայտել իմ մտահոգությունը Ձեր կողմից մանրամասն ներկայացրած նամակի վերաբերյալ, որում ներկայացված է այն բարդ իրավիճակը,որը ստեղծվել է բռնցքամարտի ֆեդերացիայի և ՀԱՕԿ-ի միջև։
Ձեր կողմից բարձրացված խնդիրը շատ լուրջ է և անհանգստացնող Օլիմպիական բռնցքամարտի ապագայի համար Ձեր հեղինակավոր երկրում։Ուստի ես կցանկանայի հրավիրել AIBA-ի և ASOIF -ի նախագահներին, որպեսզի նրանք անմիջականորեն զբաղվեն այդ խնդիրներով, կյանքի կոչեն օրենքները, խուսափեն միջամտությունից և ապահովեն անհրաժեշտ աջակցություն Ձեր ղեկավարությանը։Ես վստահ եմ, որ նախագահ Գաֆուր Ռախիմովը և նախագահ Ֆրանչեսկո Ռիչչի Բիտտին կկարողանան լուծել այս անընդունելի մարտահրավերը։
Ցանկանում եմ Ձեզ ամենայն բարիք և անհամբերությամբ սպասում եմ մեր հաջորդ հանդիպմանը մոտ ապագայում։
Անկեղծորեն Ձեր
Ֆրանկո Ֆալչինելի
EUBC Նախագահ