Forbes պարբերականի ռուսական հրատարակչությունը կազմել է Ռուսաստանի 100 ամենաազդեցիկ մարդկանց ցուցակը, որում տեղ է գտել հայազգի գործարար Սամվել Կարապետյանը:
«Տաշիր» ընկերությունների խմբի ղեկավարը հայտնվել է վարկանիշային աղյուսակի 95-րդ հորիզոնականում:
Նման վարկանիշային աղյուսակ ռուսական Forbes-ը կազմում է առաջին անգամ. ցուցակում տեղ են գտել քաղաքական գործիչներ, գործարարներ, թոփ մենեջերներ, ուժայիններ:
Աղյուսակի առաջին հորիզոնականը զբաղեցրել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, ընդ որում՝ մեխանիկորեն, քանի որ նա գտնվում է ամերիկյան Forbes-ի կազմած աշխարհի ամենաազդեցիկ մարդկանց ցուցակի երկրորդ հորիզոնականում:
Աղյուսակի երկրորդ հորիզոնականը զբաղեցնում է «Սբերբանկի» կառավարման նախագահ Գերման Գրեֆը, երրորդ տեղում «Գազպրոմի» ղեկավար Ալեքսեյ Միլլերն է: Չորրորդ հորիզոնականում «Ռոսնեֆտի» ղեկավար Իգոր Սեչինն է, հնգյակը եզրափակում է Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևը:
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ