«Նման վարքագիծն ընդունելի չէ, քանի որ տնօրենը գտնվում էր իր գործընկերների շրջապատում: Փաստորեն, նա աշակերտի կարգավիճակում հայտնվեց»,-«Հենարան» մամուլի ակումբում այսօր լրագրողների հետ հանդիպմանն անդրադառնալով դպրոցների տնօրենների հետ օրերս ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանի հանդիպման ժամանակ գրանցված միջադեպին՝ ասաց կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանը:
Հիշեցնենք՝ թիվ 130 դպրոցի տնօրեն Արմինե Հովհաննիսյանն ասել էր, որ անհրաժեշտ է դպրոցներում օտար լեզուների խորացված ուսուցման ծրագիր ներդնել եւ մատնանշել էր, որ անգլերեն թեքումով դպրոց ավարտելու շնորհիվ իր լեզվի իմացությունը բարձր է: Արայիկ Հարությունյանն էլ սկսել էր ստուգել տնօրենի՝ անգլերենի իմացությունը:
«Ես էլ եմ անգլերեն թեքումով դպրոց ավարտել, ինչպես այդ տնօրենը եւ շատ գոհ եմ: Տնօրենին աշակերտի վիճակի մեջ դնելը ճիշտ չէ: Կարծում եմ՝ պահի տակ է ստացվել, զգացմունքային պոռթկում է եղել»,-դառնալով նախարարի վերաբերմունքին՝ ասաց փորձագետը: Նա համոզված է, որ նման հարցերը մտահոգիչ չեն. «Կանցնեն՝ կգնան…»:
https://www.facebook.com/aravot.am/videos/315729402338333/
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ