Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Վեոլիա ջուրը» զգուշացնում է կառավարությանը, որ եթե համաձայնության չգան՝ կգնան երկրից ու Հայաստանը ստիպված կլինի փոխհատուցել իրենց

Օգոստոս 30,2018 15:21

Այսօր «Վեոլիա ջուր» ընկերության գլխավոր տնօրեն Կրիստիան Լըֆեն հրավիրած ասուլիսում ոստիկանության առաջադրած մեղադրանքների հետ կապված պարզաբանումներ ներկայացրեց: Հիշեցնենք, որ ոստիկանությունը հայտարարություն էր տարածել, որ այս ընկերությունը ՀԾԿՀ անդամների՝ Ֆրանսիա կատարած ճամփորդության համար վճարումներ է կատարել եւ հանձնաժողովի հետ կոռուպցիոն գործարքի մեջ մտել, որի արդյունքում ջրի սակագինը 2017-ին բարձրացել էր՝ 180-ից հասնելով 191 դրամի:

Ընկերության գլխավոր տնօրենը հայտարարեց, որ իրենց դեմ արշավ են իրականացնում այն մատակարարները, որոնք մրցույթում չեն հաղթել ու չեն համագործակցել իրենց հետ, ինչպես նաեւ այն աշխատակիցները, որոնք հեռացրել են ընկերությունից: Նա հայտարարեց, որ ոստիկանության մեղադրանքը շինծու է, անհիմն:

Aravot.am-ը ճշտեց՝ ըստ ձեզ, սա կազմակերպել են այն ընկերությունները, որոնք մրցույթում չեն հաղթել եւ համագործակցելով կառավարության հետ՝ ձեր դեմ ինչ-որ խաղե՞ր են խաղում՝ Կրիստիան Լըֆեն պատասխանեց. «Կան տարբեր մարդիկ, ովքեր ներգրավված են այս կեղտոտ արշավում: Առաջին հարվածը մենք ստացանք նախկին ջրմուղներում ներգրավված աշխատակիցների կողմից, որոնց ես աշխատանքի չընդունեցի, երբ մեր ընկերությունը ձեւավորվեց, ես առաջին իսկ ամիսների ընթացքում որոշեցի ազատվել նրանցից: Առաջ 5 ջրմուղներ գոյություն ունեին, 5 գլխավոր տնօրեններ, այժմ 1 տնօրեն կա՝ ես եմ: Կային մարդիկ, որոնք ոչ կոմպետենտ էին աշխատանքում ու իրենք ամենայն չարությամբ այսօր իրենց վատագույնս են դրսեւորում ֆեյսբուքում: Նրանց են միացել նաեւ անձինք, որոնք մրցույթի ժամանակ չունեցան հաղթանակ»:

Մեր հարցին՝ այդ դեպքում հակընդդեմ հայց չի՞ պատրաստվում ներկայացնել «Վեոլիա ջուրը»՝ տնօրենը պատասխանեց, որ հիմա անհրաժեշտ փաստաթղթերն են հավաքում՝ հենց դրա համար. «Այն բոլոր զրպարտող դրսեւորումները, որոնք տեղի են ունեցել մեր հանդեպ, անպայման կստանան իրենց պատասխանը»:

Ըստ պայմանագրի, ջրամատակարարման համակարգում պետք է ներդրումներ արվեին, բայց դա միայն «Վեոլիա ջուրը» չպետք է աներ, պարտավորությունների իր մասնաբաժինն ուներ նաեւ կառավարությունը: Կրիստիան Լըֆեն ասաց. «Այսօր «Վեոլիա ջուր» ընկերությանը շատ են հանդիմանում ներդրումների ծավալի հետ կապված, որը բավարար չէ: Տասնյակ տարիներ արծարծվում է ՀՀ-ում ջրամատակարարման ցանցերի եւ ենթակառուցվածքների համար ներդրումներ կատարելու խնդիրը: Երբ ՀՀ կառավարությունը կազմակերպեց մրցույթը, հրապարակավ հայտարարեց, որ վարձակալության պայմանագրի առաջիկա 5 տարիների ընթացքում 200 մլն դոլար գումար կներդրվի, որը կլրացնի ընկերության կողմից կատարվող ներդրումները: Ես ՀՀ կառավարությանը ներկայացրել եմ ծրագիր, որտեղ մանրամասնել եմ, թե 200 մլն-ը, որը բարձրաձայնվել էր ՀՀ կառավարության կողմից, ինչպես կարող է լավագույնս օգտագործվել, որպեսզի ունենանք կատարյալ կատարողականություն մեր ցանցերում եւ ենթակառուցվածքներում: Այդ ծրագիր-առաջարկը ես մեկ տարի առաջ եմ ներկայացրել, մինչ օրս ոչ մի արձագանք ու պատասխան դրա վերաբերյալ չեմ էլ ստացել: Ներդրումների մասով ուշացումները ոչ իմ, ոչ էլ «Վեոլիա ջրից» որեւէ մեկի սխալը չէ: Երբ վերլուծում ենք սակագինը եւ այն գումարները, որը մենք կարողանում ենք հետ բերել սակագնի միջոցով, դուք կարող եք նկատել, որ կառավարությունը պարզապես ջրամատակարարման ծառայության վերաբերյալ վատ վերաբերմունք է ցուցաբերում: Մեր եկամտից 50 տոկոս մենք վերադարձնում ենք կառավարությանը, ուղղակիորեն այդ գումարները գնում են պետբյուջե եւ ոչ մի ձեւով այնուհետեւ չեն ներդրվում ջրային ոլորտում եւ չեն բարելավում ոլորտը ՀՀ-ում: Ակնհայտ է, որ նման ստեղծված իրավիճակում անհնար է վարձակալության պայմանագրով ֆիքսված առաջադրանքներին հասնել: Ես երբ եկա՝ որպես տնօրեն, պայմանագրի բոլոր կողմերին ներկայացրեցի իրենց դերը, ասացի՝ յուրաքանչյուրը պետք է կարողանա իրեն դրսեւորել իր գործառույթների սահմաններում»:

Կրիստիան Լըֆեն ասաց, որ «Վեոլիա ջուր» ընկերությունը չի ուզում գնալ բախումների, բայց թույլ էլ չի տա, որ պայմանագրի որեւէ կողմ ծաղրանքի ենթարկի այն դրույթները, որոնք ամրագրված են վարձակալական պայմանագրով. «Հուսանք, որ կառավարությունը կհասկանա, որ միակ եղանակը այս խնդրին լուծում տալու բանակցելն է՝ թափանցիկ, պարզ ու հստակ: Ակնհայտ է, որ երբ ՀՀ կառավարությունը՝ պայմանագրային մյուս կողմը հավատարիմ չի մնում վարձակալության պայմանագրին եւ միակողմանի ձեւով որոշում է այդ պայմանագրի կարեւորագույն դրույթներից մեկը՝ սակագնի ձեւավորման դրույթը պարզապես չկիրառել, այդ դեպքում բոլոր հանգամանքները կստեղծվեն, մենք կփաստենք, որ պայմանագրի մյուս կողմը հավատարիմ չի մնում իր ստանձնած պարտավորություններին եւ ստիպված կլինենք դիտարկել, որ այդ պայմանագիրն այլեւս գոյություն չունի: Այդ պարագայում կա՛մ «Վեոլիան» պետք է դուրս գա երկրից, որի պարագայում Հայաստանը պետք է անպայման փոխհատուցում վճարի «Վեոլիային»: Եթե մենք չկարողանանք գալ ընդհանուր հայտարարի, ապա ստիպված ենք դիմել բարձր ատյանների դատարաններ»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031