«Գերմաներենի վիճակը շատ վատ է՝ հատկապես մարզերում: Հիմնականում գյուղական դպրոցներում է գերմաներեն դասավանդվում: Լոռու մարզի դպրոցներից մեկում 76 տարեկան կին է դասավանդում. փոխարինող չեն գտնում»,-«Հենարան» մամուլի ակումբում այսօր լրագրողների հետ հանդիպմանն անդրադառնալով օրերս դպրոցների տնօրենների հետ խորհրդակցության ժամանակ ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանի այն դիտարկմանը, թե դպրոցներում օտար լեզուների ուսուցման մակարդակը շատ ցածր է, ասաց կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանը: «Ֆրանսերենն էլ վատ վիճակում է, ինչպես գերմաներենը: Անգլերենն այս լեզուներին հետին պլան է մղել, մասնագետների բացակայության պատճառով էլ խնդիրներ են ի հայտ գալիս: Բացառություն են մի քանի դպրոցները, որոնք խորացված ուսուցում են ապահովում»,-արձանագրեց նա:
Սերոբ Խաչատրյանի խոսքով՝ եթե ՀՀ-ում զարկ տանք օտար լեզուների զարգացմանը՝ անգլերեն, ֆրանսերեն, գերմաներեն, ՀՀ-ի համար դա «մեծ փրկություն» կլինի. «Բայց դա չի կարելի անել հայերենի հաշվին: Օտար լեզու իմանալը գրականության հսկա աշխարհ է հասանելի դարձնում, մեծ հնարավորություններ են բացվում: Հնարավոր չէ այդ հսկայական ժառանգությունը թարգմանել հայերեն: Եթե երեխաների օտար լեզուների իմացությունը լավացավ, մեծ թռիչք կունենանք, դա դրական կազդի ՀՀ-ում տեղի ունեցած հեղափոխության վրա»:
Ապա Սերոբ Խաչատրյանը միջազգային փորձից մեկ օրինակ մատնանշեց. «Սինգապուրում օտար լեզու սովորեցնելու համար ժամանակին վերջինիս վարչապետն անգլերենը դարձրեց պարտադիր: Կարծում եմ՝ ՀՀ-ում էլ է հարցն առկա»:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ